Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՆՈՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՈԳՈՎ

Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան հումանիտար քոլեջը հարուստ պատմություն ունի: Հաստատության համար հիմք ծառայեց Շուշիի ռեալական ուսումնարանը: Խորհրդային կարգերի  հաստատումից հետո, 1921 թվականին, այդ ուսումնարանի բազայի վրա ստեղծվեց Շուշիի մանկավարժական տեխնիկումը, որը գործեց մինչև 1990-ականները: Այդ տարիներից սկիզբ առավ հաստատության նոր պատմությունը: 
Թե ինչպես դրսևորեց իրեն կրթական այս օջախը և ինչ խնդիրներ ծառացան նրա առջև՝ պատմում է քոլեջի տնօրեն Արայիկ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ:
-Պարոն Հայրապետյան, Շուշիի ազատագրումից հետո ի՞նչ խնդիրներ ծառացան հաստատության առջև, և ի՞նչ լուծումներ ստացան դրանք:
- Այն ժամանակ, երբ Շուշիի հայ բնակչությունն արտաքսվեց, որպեսզի հաստատությունը չփակվի, անվանի մանկավարժ Ալբերտ Խաչատրյանը որոշ քայլեր ձեռնարկեց: Եվ Ստեփանակերտում երկու բաժնի հիման վրա նորից բացվեց ուսումնարանը` Ալբերտ Խաչատրյանի գլխավորությամբ: Դժվար տարիներ էին: Հաստատությունը հնարավոր եղավ պահել մի դեպքում. այն դարձավ Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկոմի մասնաճյուղը: 1993-ին ուսումնարանը տեղափոխվեց Շուշի և քայլ առ քայլ սկսեց նորից ինտեգրվել Արցախի կրթական համակարգին: 1995-ին այն դարձավ Շուշիի մշակութալուսավորչական տեխնիկում` ԼՂՀ գիտության և կրթության նախարարության ենթակայությամբ: 1999-ին հաստատությունը վերանվանվեց և դարձավ Շուշիի կրթամշակութային ուսումնարան: 2002 թվականից այն անվանվեց 20-րդ դարի լավագույն մանկավարժ Արսեն Խաչատրյանի անունով և ստացավ հումանիտար ուսումնարանի կարգավիճակ: Իսկ 2003-ից, երբ մեր հանրապետության բոլոր տեխնիկումներն ու ուսումնարանները վերանվանվեցին քոլեջ, այն դարձավ Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջ և այդ կարգավիճակում գործում է առայսօր: Այս ամենը թվարկելով, ուզում եմ ասել, որ ուսումնական հաստատությունը ի սկզբանե կոչված է եղել մանկավարժական կադրերով ապահովման գործունեությամբ, իսկ 1990-ական թվականներից շեշտադրումը փոխվեց մշակութային ուղղվածությամբ, և այն սկսեց թողարկել ակումբավարներ, գրադարանավարներ, տարրական դասարանների մանկավարժներ, մանկապարտեզների ուսուցիչ-դաստիարակներ: Այսպես շարունակվեց մինչև 2010 թվականը: Այդ տարվա ընթացքում մենք մոնիտորինգ կազմակերպեցինք այն նպատակով, թե արդյոք ունե՞նք այդ մասնագետների կարիքը, թե ոչ: Փոխվել են ժամանակները, փոխվել են պահանջները: Քոլեջի տնօրինությունը ԼՂՀ կրթության և գիտության նախարարությանն առաջարկեց փոփոխություններ կատարել բաժիններում: Նախ ասեմ, որ Կրթության և գիտության նախարարությունն օրենքի նոր նախագիծ առաջարկեց, որի համաձայն 2018 թվականից միջին մասնագիտական հաստատություն ավարտած շրջանավարտները չեն կարողանալու շարունակել աշխատանքն ուսումնական հաստատություններում: Երկրորդ հանգամանքը, որ մեզ մղեց այս ուսումնասիրություններին, անկեղծ ասեմ, այն էր, որ դիմորդների գիտելիքների մակարդակն է բավականին իջել: Գումարած դրան, աճել է մրցակցությունը ոչ պետական հաստատությունների հետ: Մենք որոշեցինք փոփոխություններ կատարել քոլեջի գործունեության մեջ: Առաջ քաշեցինք նոր գաղափար. ուշադրությունը սևեռել ոչ թե մանկավարժությանը, այլ մշակույթի մի այնպիսի ասպարեզի, որը քիչ է գործածվում` կիրառական արվեստներին: Եվ այսպես,  վերադասի համաձայնությամբ մենք փոխեցինք բաժինները: Նաև քայլեր ձեռնարկեցինք նոր՝ ռադիոտեխնիկայի գծով բաժիններ բացելու ուղղությամբ: Այսօր Արցախում կա այդ մասնագետների կարիքը:
- 2014-2015 ուսումնական տարվա դրությամբ ի՞նչ բաժիններ են գործում քոլեջում: Ի՞նչ արդյունքներ տվեցին ձեռնարկած փոփոխությունները:
- Այս ուսումնական տարվա համար մենք ընդունելություն ենք կատարել զարդարակիրառական արվեստների և ժողովրդական արհեստների բաժիններում, որոնք, ելնելով պահանջարկից, բաժանել ենք չորս ենթաճյուղերի: Այս գործընթացը հաջող իրականացնելու գործում մեզ մեծ օգնություն ցուցաբերեց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Որոշում կայացվեց բաժանումը կատարել հետևյալ ճյուղերով` նկարիչ-վարպետի, գորգագործ-կարպետագործ վարպետի, փայտափորագրող վարպետի և կավագործ վարպետի: Այսօր Արցախում այդ մասնագետների մեծ պահանջարկ կա: Բացել ենք նաև դիզայնի բաժին` երկու ենթաբաժիններով` հագուստի մոդելավորում և միջավայրի դիզայն: Մեր շրջանավարտները հնարավորություն ունեն 2-րդ կուրսից շարունակել ուսումը բարձրագույն ուսումնական  հաստատություններում: Դիզայնի համար դա Գյուրջյանի անվան կիրառական արվեստների ինստիտուտն է, իսկ զարդարակիրառական արվեստի համար, բացի նշվածից՝ նաև ԱրՊՀ համապատասխան բաժինը:
- Իսկ Երևանի համապատասխան բուհերո՞ւմ:
- Ոչ, դա հնարավոր է իրականացնել միայն Արցախում գործող բուհերում: Ասեմ նաև, որ ընդունելություն ենք կազմակերպել սոցիալ-մշակութային գործունեություն, ժողովրդական գեղարվեստական ստեղծագործություն բաժիններում, որոնց շրջանավարտները դառնում են ինչպես ակումբավարներ, այնպես էլ տարբեր երաժշտական գործիքների վարպետներ: Նոր բաժին ենք բացել՝ զբոսաշրջության: Արցախում իրոք զբոսավարների մեծ պահանջարկ կա: Նաև թարգմանիչ-գործավարների բաժին ենք բացել` նկատի ունենալով, որ գյուղական բնակավայրերում առկա է գրագետ գործավարների կարիք: Հեռակա համակարգում ունենք գրադարանային գործ, ինչպես նաև էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում, աուդիտ բաժինները: 
- Փաստ է, որ ձեզ մոտ հիմնականում գալիս են այն երեխաները, որոնք դպրոցում լավ չեն սովորում: Բոլոր լավ սովորողները, անգամ միջին կարողությունների տեր աշակերտները, գնում են բուհ:
- Այո: Եվ դա պետք է փոխվի: Ծնողն ինքը պետք է հասկանա, որ թույլ գիտելիքներով իր երեխան պետք չէ, որ դառնա իրավաբան և լրացնի անգործ իրավաբանների բանակը:
- Ինչպե՞ս նման ծնողին համոզել թեքվել դեպի այլ ասպարեզներ: Ո՞րն է ելքը:
- Տեսեք, մեր քոլեջում սովորում են ուսանողներ, որոնք մեզ մոտ են տեղափոխվել  պետական համալսարանից: Նրանք հասկացել են, որ եթե ավարտեն պետհամալսարանը, աշխատանք չեն կարողանալու գտնել ու եկել են այստեղ՝ ձեռք բերելու մասնագիտություն: Մի խոսքով, չունենալով բավարար քանակի սովորողներ, մենք, այնուամենայնիվ, քարոզչությունն այնպես ենք տանում, որ  նրանք, ովքեր որոշել են ընդունվել քոլեջ, հստակ պատկերացում ունենան, որ ճիշտ ընտրություն են կատարել: Գովազդի առումով բուկլետներ, օրացույցներ ենք պատրաստում և տարածում դպրոցներում: Ամեն տարի հանրապետության դպրոցների տնօրեններին նամակ-խնդրագիր ենք ուղարկում, որտեղ տվյալ տարվա բաժինների ցանկն է ներկայացված, ընդունելության պայմանները, կարգը: Մի հուսադրող փաստ: Կիրառական արվեստների և ժողովրդական արհեստների բաժիններում դեռ նոր պետք է շրջանավարտներ թողարկենք, բայց նրանցից մի քանիսն արդեն աշխատանքի առաջարկություն են ստացել: Դա մեզ շատ է ոգևորում: Դա նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհին ենք: Ինքս էլ եմ աջակցում, որ նրանք դեռ սովորելիս աշխատանքի անցնեն: 
Եվ, կարծում եմ, ինչքան զարգացում է ապրում մեր պետությունը, այնքան ուշադրություն է դարձվում մշակույթին, մարդու հոգևոր զարգացմանը: Դրա վառ ապացույցն այն է, որ հանրապետության գյուղերում արդեն բացվում են արվեստի դպրոցներ, որոնց շրջանավարտներն արդեն գալիս են և, կարծում եմ, ավելի մեծ քանակությամբ կգան մեր քոլեջը: Ո՞վ պետք է դասավանդի այդ արվեստի դպրոցներում: Իհարկե` մեր շրջանավարտները: Մենք ամենայն լրջությամբ մեզ վրա ենք վերցնում այդ պատասխանատվությունը: Մյուս կողմից, մենք համոզում ենք մեր ուսանողներին, որ ձգտեն ոչ թե պետական կառույցներում աշխատանք փնտրել, այլ ինքներն աշխատանքի վայր ստեղծեն: Տեսեք, վերջին տվյալներով՝ Արցախ են այցելում հազարավոր զբոսաշրջիկներ, որոնց մեծ մասը գալիս է Շուշին տեսնելու: Հիմնականում նրանք ցանկանում են գնել հուշանվերներ: Իսկ կա՞ն, արդյոք, Արցախում արտադրված հուշանվերներ: Չկան: Մեր գործունեության մի ուղղությունն էլ հենց այդ բացը լրացնելն է: Մեր շրջանավարտ վարպետների գործերը կվաճառվեն, զբոսաշրջիկը գումար կծախսի, Արցախը դրանով կգովազդվի:
- Կարծում եմ, գիտակցվում է, որ որակյալ արտադրանք պետք է ստեղծվի:
- Անշուշտ: Այս առումով նպատակ ունենք ուսանողական արտադրամաս ստեղծել, որի նպատակն է նաև վաճառքի հանել լավագույն արտադրանքը` կավագործության, փայտի փորագրության, գորգի և կարպետագործության: Եվ ուսանողը գումար կվաստակի, և քոլեջը, գումարն էլ կուղղվի տեխնիկական վերազինման, ընդհանրապես` քոլեջի զարգացմանը: Դժվարն սկսելն է: Բայց մենք պատրաստ ենք բոլոր դժվարություններով հանդերձ՝ սկսել և զարգացնել այդ գործընթացը: Եվս երկու տարի նման աշխատանք` և մենք կունենանք ավելի բարձրորակ, ավելի մեծ քանակի արտադրանք: Առիթն  օգտագործելով, ուզում եմ խորին երախտագիտությունս հայտնել ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամին, Միշել Տանկրեզին, Ռալֆ Յիրիկյանին, Սեյրան Օհանյանին, Մաքսիմ Հակոբյանին և շատ-շատերին, ովքեր օգնության ձեռք են մեկնել մեր հաստատությանը: 
- Մի խոսքով, քոլեջը կարծես ճիշտ ուղու վրա է և իր առջև դրված գրեթե բոլոր խնդիրները կարողանում է լուծել:
- Այո, եթե ամփոփենք, կարելի է ասել, որ քոլեջի բաժինների ուղղվածությունն  իրեն արդարացնում է գոնե տեսանելի ապագայի կտրվածքով:
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ