[ARM]     [RUS]     [ENG]

ԲՈԼՈՐՆ ԷԼ ՍԻՐՈՎ ԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ՄՐՑՈՒՄՆԵՐԻՆ

IMG_6477.jpgՉնայած ոչ բարենպաստ պայմաններին, Քաշաթաղի շրջանի երեխաները միշտ էլ ձգտում են տարբեր առիթներով ուրախացնել իրենց ծնողներին, ուսուցիչներին: Շրջանում, բացի հանրակրթական կրթօջախներից, միջոցառումների  կազմակերպմամբ միշտ էլ աչքի են ընկել Բերձորի արվեստի և սպորտի, ինչպես նաև երաժշտական դպրոցների սաները: 
Այս տարվա սկզբից արվեստի և սպորտի դպրոցի արվեստի բաժինը միավորվեց երաժշտական դպրոցին, որն էլ վերանվանվեց Բերձորի արվեստի դպրոց (տնօրեն՝ Ա. Բալասանյան), իսկ արվեստի և սպորտի դպրոցն անվանափոխվեց Բերձորի մանկապատանեկան մարզադպրոցի (տնօրեն՝ Կ. Մովսիսյան):
 Կանանց միամսյակի առթիվ մարզադպրոցում կազմակերպվել են մի շարք մրցաշարեր հետևյալ մարզաձևերից՝ հանդբոլ, ֆուտբոլ, բասկետբոլ, շախմատ, բռնցքամարտ, ձյուդո:  Վերջերս մարզադպրոցի բռնցքամարտի բաժնի 4 սաներ Ստեփանակերտում մասնակցեցին հանրապետական մրցաշարին, և 12-ամյա Սևակ Ստեփանյանն արժանացավ առաջին մրցանակի՝ պարգևատրվելով մեդալով և պատվոգրով: 12-ամյա Ռաֆիկ Ալեքսանյանն ու 14-ամյա Տիրան Բաղդագյուլյանն էլ տուն վերադարձան մրցանակային երկրորդ տեղը գրաված: Սևակն ու Ռաֆիկը սովորում են Բերձորի Վ. Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ  դպրոցի 5-րդ դասարանում, իսկ Տիրանը՝ Աղավնոյի Գ. Նժդեհի անվան միջնակարգի 7-րդ դասարանում: Սևակը, որ ընդգրկվել է ԼՂՀ բռնցքամարտի պատանեկան հավաքականում, որոշել է շարունակել մարզումները և  անպայման դառնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն։ Դպրոցի բռնցքամարտի մարզիչ Գրիգոր Մանուկյանը երկրորդ տարին է, ինչ մարզում է խումբը և գոհ է իր 17 սաներից, ովքեր 10-16 տարեկան են և բոլորն էլ սիրով են գալիս մարզումներին, սակայն կա մարզագույքի խնդիր. ունեն ընդամենը 4 զույգ ձեռնոց և 4 սաղավարտ:  
 
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
ք. Բերձոր