[ARM]     [RUS]     [ENG]

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԱՆՀԵՐՔԵԼԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

IMG_0849.jpgՑուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100¬րդ տարելիցին
Ողջ հայ ժողովուրդը, և ոչ միայն, այս օրերին հիշում և տարբեր միջոցառումներով  միջազգային հանրությանը կոչ է անում դատապարտել 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործած հայերի Ցեղասպանությունը, որպեսզի ներկայիս  թուրքական պետությունը` որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդող, պատասխանատու դառնա Ցեղասպանություն իրագործելու համար։ 
Այդ  ամենից անմասն չմնաց նաև Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը, որտեղ ապրիլի 10-ից` մեկ ամիս շարունակ, կլինի լուսանկարչական ցուցահանդես, որի ցուցանմուշները վկայում են ինչպես բուն եղեռնագործության, այնպես էլ փրկվածների դաժան ճակատագրերի մասին։ 
Հարկ է  նշել, որ ապրիլի 22-ին տեղի է ունեցել ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որին ներկա էին նաև զբոսաշրջիկներ, հիմնականում Սփյուռքի մեր հայրենակիցները:
Ցուցահանդեսը ներկայացրեց պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Մելանյա ԲԱԼԱՅԱՆԸ։
Ըստ թանգարանի տնօրենի, միջոցառումների նպատակը մեկն է` հիշել և հիշեցնել աշխարհին, որ Ցեղասպանությունն, իրոք, չունի վաղեմության ժամկետ, և որ քաղաքակիրթ աշխարհը  պետք է սատարի հայ ժողովրդի պահանջներին:
Նման ցուցահանդեսներ թանգարանը կազմակերպում է` սկսած 2000 թվականից: Հարկ է նշել, որ անցած տարիների ցուցահանդեսներում ներկայացվում էին ոչ միայն Արևմտյան, այլ նաև Արևելյան Հայաստանում կատարված եղեռնագործությունները, այն էլ` սկսած Աբդուլ Համիդի ժամանակներից, վերջացրած Սումգայիթի և Բաքվի ջարդերով, ինչը վկայում է, որ Թուրքիան և նրա միջնորդությամբ և հովանավորությամբ ստեղծված Ադրբեջանը 100 տարուց ավելի իրագործում են ցեղասպանական քաղաքականություն: Թանգարանի ղեկավարությունը կարևորում է ցուցահանդեսի թեման այդկերպ ներկայացնելը, քանի որ այցելուները` հիմնականում հյուրեր, դպրոցականներ, իրենց իսկ խոստովանությամբ, այնպես էին տպավորվում ցուցադրած լուսանկարներից, որ պայքարը նման ոճրագործության դեմ դառնում էր իրենց էության մի մասնիկը: Այսօր ժխտողականության դեմ պայքարը մնում է արդիական, քանի որ եղեռնագործությունը կրկնվում է այլ ազգերի նկատմամբ, և աշխարհը կրկին դիտորդի դերում է:
Ցուցահանդեսում օգտագործված են հայտնի վավերագրական լուսանկարչական նյութեր, որոնք, ըստ թանգարանի տնօրենի` Արմին Վեգների (գերմանացի գրող, իրավապաշտպան, ով, Առաջին  համաշխարհային պատերազմի ժամանակ գտնվելով Օսմանյան Թուրքիայում, և ականատեսը դառնալով հայերի Ցեղասպանությանը, բազում փաստագրական լուսանկարներ է արել, որպեսզի այդ ողբերգական իրողությունը ներկայացնի գերմանական հանրությանը) հավաքածուի պատճեններն են, որոնք հավաքագրել և իմի է բերել գերմանացի հայտնի ցեղասպանագետ, հայագետ,  Գերմանիայում ցեղասպանության ճանաչման հանձնախմբի ղեկավար Թեսսա Հոֆմանը: Այդ լուսանկարների պատճենները թանգարանին է փոխանցվել Թեսսա Հոֆմանի գործընկեր, նշված խմբի անդամ Ժիրայր Քոչարյանի կողմից, ով մի քանի անգամ եղել է Արցախում, այցելել պատմաերկրագիտական թանգարան, իմացել, որ այն չունի Ցեղասպանության վերաբերյալ նյութեր և խոստացել լրացնել այդ բացը: Այսօր թանգարանում կան 20-ից ավելի փաստագրական լուսանկարներ և այլ փաստաթղթեր:
Անդրադառնալով բուն ցուցահանդեսին, նշենք, որ Ցեղասպանությունը ներկայացնող համառոտ պատմությունը տրված է 4 լեզուներով` հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն: Այն սկսվում է Արևմտյան Հայաստանի քարտեզից, որտեղ կարմիր գույնի օղակներով նշված են հայաշատ բնակավայրերը, որտեղ բնաջնջվել, տարհանվել են հարյուր¬հազարավոր հայեր: Այցելուները  կարող են գրեթե լիարժեք կարծիք կազմել Արևմտյան Հայաստանի մշակույթի (մինչ եղեռնագործությունը) մասին. ցուցադրված են մի քանի հայտնի քաղաքների, եկեղեցիների, դպրոցական շենքերի լուսանկարներ: Մեծ մասն, իհարկե,  ցեղասպանությանը վերաբերող լուսանկարներ են, որոնք սովորական մարդն առանց սարսուռի չի կարող դիտել: Կան նաև ցեղասպանությունից փրկվածների  ճակատագրերը պատկերող լուսանկարներ, մասնավորապես, մուսալեռցիների, որոնց փրկությունը իրականացվել է ֆրանսիական պետության կողմից տրամադրած նավով, որը տեղափոխել է 4058 հայ: Պատկերված է նաև 1915 թվականի նոյեմբերին լուսանկարած՝ Գյումրիի մեծ որբանոցը, որտեղ ապաստան է գտել 500 երեխա: Ցուցադրության ժամանակ կարելի է նաև  տեղեկություններ հավաքել մի շարք պատմական, գիտական գրքերի մասին, որոնք, այսպես թե այնպես, առնչվում են ցեղասպանական նյութերի, ինչպես և դրանց հեղինակների  հետ:
Մելանյա Բալայանի տեղեկատվությամբ` մի ամիս հետո թանգարանը կկազմակերպի հաջորդ ցուցահանդեսը, որն ի ցույց կդնի թե՜ Օսմանյան, թե՜ ներկայիս Թուրքիայի կողմից իրականացված մշակութային ցեղասպանության քաղաքականության հետևանքները: Հարկ է նշել, որ թեմայի վերաբերյալ լուսանկարները թանգարանին է տրամադրել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, ով գրեթե ամեն տարի մեկնում է Արևմտյան Հայաստան և վավերագրական նյութեր հավաքում հայկական մշակութային ժառանգության մասին:
Օգտվելով առիթից՝ Մելանյա Բալայանը իր երախտագիտությունն է հայտնում և՜ Ժիրայր Քոչարյանին, և՜ Սամվել Կարապետյանին` պատմաերկրագիտական թանգարանին աջակցելու համար:
 
Էմմա ԲԱԼԱՅԱՆ