Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԹԱՏՐՈՆԻ ՀԻՄՆԱԴԻՐԸ

22.jpg(Կարո Ալվարյան - 120)
Լրացավ մեծանուն արվեստագետ, Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի հիմնադիր Կարո Ալվարյանի ծննդյան 120 -ամյակը, մի մարդու, ում գործն ու հմայքը հարատեւում է, որին հիշում են մեծ  հարգանքով, սիրով ու ջերմությամբ։
 Բեմարվեստի իր կազմակերպական հմտությամբ, արտիստական եւ ռեժիսորական փայլուն տաղանդով նա մեծ ծառայություն մատուցեց հայ բեմին եւ  հատկապես Ստեփանակերտի թատրոնին ու իր մնայուն տեղը գրավեց մշակույթի այս օջախի  պատմության մեջ։
ՙ1932 թվականին Ստեփանակերտը տակավին գյուղաքաղաք էր, որի բնակիչները՝  փոքր ու մեծ, բոլորը ճանաչում էին իրար։  Մարտի  սկզբներին քաղաքում երեւաց մի մարդ, ով  գրավեց ամենքի ուշադրությունը։ Միջահասակ էր, պղնձագույն դեմքով, առնական, կամային դիմագծերով, խոհուն, շագանակագույն խոշոր աչքերով։ Քայլում  էր  ամառային վերարկուն ձախ թեւին գցած, լայնեզր գլխարկ դրած։  Բաքվի  թատրոնի դերասան Կարո Ալվարյանն էր դա, որ Ադրբեջանի  լուսժողկոմատի  որոշմամբ  գործուղվել էր Ստեփանակերտ՝  հայկական պետական դրամատիկական թատրոն հիմնադրելու համար՚,- այսպես է նկարագրել Կ.Ալվարյանի մուտքը Արցախ թատերագետ Իսահակ Ալավերդյանը։ 
Ալվարյանին  տրամադրեցին քաղաքի  միակ արհմիութենական ակումբը, որն ուներ փոքրիկ բեմ, երեք հարյուր տեղանոց դահլիճ, կից սենյակ։ Եվ ահա  այս հիմքի  վրա  պետք է թատրոն ստեղծվեր։ 
Կարո Ալվարյանը կարողացավ գայթակղել եւ տարբեր քաղաքներից փոքրիկ գավառաքաղաք Ստեփանակերտ հրավիրել արհեստավարժ դերասանների, որոնց միացան նաև տեղի սիրողական թատերախմբի անդամները:
Տքնաջան նախապատրաստական աշխատանքից հետո, 1932թ. օգոստոսի 11¬ին բացվեց Ստեփանակերտի նորաստեղծ  հայկական  պետական դրամատիկական թատրոնի վարագույրը։ Բեմի վրա էր  Վ. Վաղարշյանի ՙՕղակում՚ պիեսը։ Հանդիսատեսը ցնծությամբ ողջունեց թատերախմբի անդրանիկ ելույթը։ Ներկայացումը կրկնվեց բազմաթիվ անգամ եւ  միշտ՝ լեփ¬լեցուն դահլիճներով։ Ահա  այսպես սկսեց իր ստեղծագործական ուղին Ստեփանակերտի Մ. Գորկու անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը։ 
Կ. Ալվարյանը  ծնվել է 1895թ. ապրիլի 24¬ին՝ Ախալցխա քաղաքում։ Նախնական  կրթությունն ստացել է տեղում, ապա ուսումը  շարունակել  Վենետիկի Մուրադ¬Ռաֆայելյան վարժարանում (Վահրամ Փափազյանի դասընկերն է եղել), հետո՝ Հռոմի Լեւոնյան  վարժարանում։  Արտասահմանից  վերադարձել է Թիֆլիս՝ զինված փայլուն գիտելիքներով, սակայն  այստեղ նրան այլ ճակատագիր էր սպասում՝ բեմարվեստը։ Շնորհալի պատանու նախասիրությունների վերջնական ձեւավորման գործում կարեւոր եւ որոշիչ տեղ է գրավում Թիֆլիսի հայկական թատրոնը, որտեղ մի կարճ միջոց աշխատում է նա:
1920¬ական թվականները հայ թատերական կյանքում հայտնի են ստուդիական շարժումով։ Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում սովորելու համար խոստումնալից երիտասարդներ են  ընտրվում։ Առաջին խումբը մեկնում է մայրաքաղաք  1921 թվականին (23 հոգի)։  1923 թվականին ստուդիան  համալրվում է նոր ուժերով՝ որոնց թվում էր նաեւ Կարո Ալվարյանը։ 
Մոսկվայի  հայկական դրամատիկական ստուդիան գլխավորում էր Ռուբեն Սիմոնովը։ Ալվարյանը  մեծագույն բեմադրիչի սիրելի սաներից էր։ Պահպանվել է Սիմոնովի լուսանկարը՝ նվիրված  Ալվարյանին, որն ունի հետեւյալ  մակագրությունը. ՙԻմ սանին՝ Կարո Ալվարյանին, սիրով եւ հավատով  Ձեր անկեղծ  նվիրվածությանը հայ բեմարվեստին։  Սիրում եմ Ձեզ  եւ գնահատում՚ (Ի. Ալավերդյանի արխիվից.-Կ.Ա.)։
1924թ. Ռ. Սիմոնովը ստուդիականների ուժերով բեմադրում է Հ.Պարոնյանի ՙՄեծապատիվ մուրացկանները՚, որը հայ իրականության  մեջ դառնում է թատերական երեւույթ եւ արժանանում բարձր գնահատականի։  Ալվարյանը ներկայացման մեջ  կատարում էր քահանայի դերը։  
Այդ տարիներին իր առաջին քայլերն էր կատարում  հայկական կինոն։ Կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը Ալվարյանին տեսնելով բեմում, հրավիրում է նկարահանվելու  ՙՆամուս՚ ֆիլմում՝ քահանայի դերում (1925թ.)։
1928 թվականին Լենինականում բացվում է պետական դրամատիկական թատրոն։ Մոսկվայի հայկական երկրորդ դրամատիկական  ստուդիայի շրջանավարտները դառնում են նրա առաջին դերասանները, այդ թվում` Կարո Ալվարյանը եւ Աննա Մելիքը։ 
1929 թվականին Ալվարյանն իր կողակցի` Աննա Մելիքի (Աննա Մելիքսեթյան` ծագումով Արցախի Վանք գյուղից) հետ մեկնում  է  Խարկով  եւ տեղի հայկական բանվորական թատրոնում հաջողությամբ բեմադրում ՙՍպանված աղավնին՚, ՙՊաղտասար աղբար՚, ՙԱննա Քրիստի՚ պիեսները, որոնք բացահայտում են նրա ռեժիսորական կարողությունները, իսկ 1930 թվականին նրանք տեղափոխվում են Բաքու  եւ աշխատանքի անցնում Հայկական պետական թատրոնում, որտեղից էլ 1932 թվականին գործուղվում են Ստեփանակերտ։ 
Կ. Ալվարյանը Ստեփանակերտի նորաստեղծ թատրոնի շունչն ու ոգին էր։ Նա հմուտ ռեժիսոր¬մանկավարժ¬ դերուսույց էր։ Նրա  սաներից շատերը, որոնք թողել էին արհեստավորի  դազգահը եւ եկել դերասանություն անելու, անտեղյակ էին բեմի յուրահատկություններին, ոմանք էլ պարզապես կիսագրագետ էին։  Ալվարյանը  նրանց ե՜ւ լեզու էր սովորեցնում, ե՜ւ բեմարվեստի գիտելիքներ հաղորդում, գեղարվեստական ճշմարտության  եւ գեղեցիկի ընկալման ճաշակ պատվաստում։ 
Նա հանրագիտարանային գիտելիքների տեր մարդ էր, տիրապետում էր մի քանի լեզուների (հայերեն, վրացերեն, ռուսերեն, իտալերեն, ադրբեջաներեն), երգում եւ նվագում էր մի շարք գործիքների վրա՝ թառ, սազ, կլառնետ, ֆլեյտա։ Ծայրաստիճան բարեկիրթ  բնավորություն ուներ եւ իր փորձն ու վարպետությունը սիրով ու նվիրումով փոխանցում էր  սկսնակ դերասաններին, որոնցից շատերը հետագայում դարձան բեմի անվանի վարպետներ։ 
Երկրորդ թատերաշրջանից սկսած Ալվարյանը հյուրախաղերի է հրավիրում  բեմարվեստի հայ տաղանդավոր ներկայացուցիչների, որը հետագայում դառնում է գեղեցիկ ավանդույթ։ Մեծանուն  վարպետների ներկայությունը  բարձրացնում է նորաստեղծ թատրոնի հեղինակությունը, ժողովուրդը ավելի սիրով է հաճախում ներկայացումներին։ Շփվելով բեմի վարպետների հետ, հաղորդակցվելով լավին, կատարյալին՝ դերասաններն իրավամբ զգում են արվեստի կախարդական ուժը,  եւ մեծանում  է նրանց պատասխանատվության  զգացումը։ 
Թատրոնի առաջին անվանի հյուրը Բաքվից էր՝ ճանաչված դերասան Ալեքսանդր  Հովհաննիսյանը  (1933թ)։ Նա հանդես է  գալիս  Օթելլոյի եւ Կորրադոյի դերակատարումներով՝ Ալվարյանի հեղինակած համանուն բեմադրություններում եւ նրա խաղընկերակցությամբ (Յագո, Մոնսինյոր)։
 1933թ. նոյեմբերին Ստեփանակերտ է ժամանում նաեւ բեմի  անզուգական  վարպետ Վահրամ Փափազյանը։ Թատերախմբի հետ  նա կերպավորում է Օթելլո, Համլետ, Դոն Ժուան՝ իրենով գեղեցկացնելով փոքրիկ գավառաքաղաքի անշուք բեմն ու լիցքավորելով  թատերական մթնոլորտը։ Նրա կողքին էր Յագոյի, Կլավդիոսի եւ Սգանարելի արժանի դերակատար Կարո Ալվարյանը։ Իսկ ՙՊաղտասար աղբարում՚ եթե Փափազյանը փայլեց Օգսենի դերում, ապա Պաղտասարի դերում պակաս չէր նաեւ Ալվարյանը։ Փափազյանը  հիացած նրա խաղով,  ներկայացումից  հետո  գրկում է նրան եւ ասում. ՙՍիրելի  Կարո,  այս  Պաղտասարն էլ քո Օթելլոն է՚։ 
1935թ. կառավարության  որոշմամբ, Ալվարյանը մեկնում է Գանձակ (Կիրովաբադ)՝ այնտեղ եւս հայկական պետական թատրոն հիմնադրելու։ Հենվելով տեղի ինքնագործ թատերական խմբի կարող ուժերի վրա` նրան հաջողվում է կարճ միջոցում այստեղ եւս գեղեցիկ մշակութային օջախ ստեղծել: 1935թ. դեկտեմբերի 27-ին ՙՀրաշալի ձուլվածք՚ բեմադրությամբ բացվում է Գանձակի հայկական պետական դրամատիկական թատրոնը:
Սակայն 1936թ. աշնանը Ալվարյանը  մեկնում է Տաշքենդ,  որտեղ ի մի բերելով  տեղի Ստ. Շահումյանի  անվան  հայկական պետական  թատրոնի վերջին ուժերը, բեմադրում է ՙԳիքորը՚ եւ ՙՊաղտասար աղբար՚ պիեսները։ 1937¬ին նա նորից վերադառնում է Բաքու, աշխատում հայկական թատրոնում որպես դերասան եւ ռեժիսոր, միաժամանակ դերասանի  վարպետություն դասավանդում թատերական ուսումնարանում։ 
Կ. Ալվարյանի հաճախակի տեղափոխությունները ավելի շատ նման էին փախուստի: Ժամանակներն ավելի քան դաժան էին, եւ Ալվարյանը նույնպես անմասն չի մնացել անհիմն հետապնդումներից եւ հալածանքներից:
1939թ. մարտի 29-ին Ստեփանակերտի թատրոնի դերասան Գուրգեն Հակոբյանին հասցեագրված նամակից պարզ երեւում է, թե ինչպիսի հոգեկան տվայտանքների մեջ էր արվեստագետը. ՙ...Սիրելի Գուրգեն, մոտ երկու տարի կլինի, որ ես ճակատագրի անողորմ ու սարսափելի հարվածներն եմ կրում: Եթե ինձ մեղադրեին խուլիգանության, թալանի կամ, նույնիսկ, մարդասպանության մեջ, ես ավելի քիչ կդառնանայի, բայց ինձ ասում են, որ ես դավաճան եմ, որ ես... հակահեղափոխական եմ: Մի խոսքով` քաղաքացիական մահ՚ (Ի. Ալավերդյանի արխիվից.-Կ.Ա.):
Հետապնդումների պատճառները մի քանիսն էին: Նախ, Ալվարյանը ուսում էր ստացել արտասահմանում` Իտալիայում, իսկ անհատի պաշտամունքի հրեշավոր տարիներին այդ հանգամանքն արդեն ՙհիմք՚ էր տալիս մարդուն կասկածանքների տակ առնելու եւ քաղաքականապես անբարեհույս անձ համարելու համար:
Մեկ այլ վարկածի համաձայն, Ալվարյանը արտասահմանում սովորելու տարիներին ստացել է նաեւ հոգեւոր կրթություն եւ քահանա է ձեռնադրվել, իսկ, ինչպես հայտնի է, խորհրդային տարիներին հոգեւորականներն արդեն իսկ ՙանհարազատ էլեմենտների՚ շարքին էին դասվում:
Այս ամենին գումարվել էր մի չարաբաստիկ պատմություն` կապված բեմադրական աշխատանքի հետ. 1934թ. կոմկուսի ԼՂԻՄ մարզկոմի հանձնարարությամբ գրող Գրիգոր Ներսիսյանը, ՙԽորհրդային Ղարաբաղ՚ թերթի գլխավոր խմբագիր Արմենակ Կարապետյանը (Կարմեն), մարզլուսբաժնի վարիչ Վարդ Գասպարյանը եւ Կարո Ալվարյանը գրում են ՙՋախջախված ժանիքներ՚ պիեսը, որի թեման, ըստ հանձնարարականի, կոլտնտեսային շարժումն էր եւ անասնապահության զարգացման խնդիրները մարզում:
Մարզկոմում գտնում էին, որ նորաստեղծ թատրոնը այս ձեւով իր մասնակցությունը կբերի սոցիալիզմի կառուցման գործին Ղարաբաղում: Պիեսը, ժամանակակիցների վկայությամբ, անհեթեթ մի գործ էր` զավեշտի հասնող եզրահանգումներով:
Ալվարյանը բեմադրությունից առաջ հրաժարվել էր համահեղինակ լինելուց, որով փրկվել էր դաժան պատժից, բայց քանի որ թատրոնի գլխավոր ռեժիսորն էր` բեմադրել էր պիեսը:
Ներկայացումը խաղացվեց ընդամենը մեկ անգամ` այն արգելվեց և համարվեց ՙվնասակար եւ անհարիր խորհրդային հասարակագին՚: Ավելին, Գ. Ներսիսյանը, Ա. Կարապետյանը եւ Վ. Գասպարյանը ՙժողովրդի թշնամիներ՚ պիտակով ենթարկվեցին հալածանքների և տարբեր ժամանակներում հայտնվեցին աքսորավայրերում:  
Չնայած Կ. Ալվարյանի ՙանբարեհուսությանը՚, Ստեփանակերտի թատրոնից անընդհատ հրավիրում էին նրան, որ գա ու տեր կանգնի իր հիմնադրած թատրոնին: Եվ 1947թ. նա, այնուամենայնիվ տեղափոխվում է Ստեփանակերտ ու մինչեւ 1958թ. գլխավորում  այս թատրոնի ստեղծագործական միտքը: Այնուհետեւ մինչեւ մահ` 1963թ., աշխատում է որպես հերթական ռեժիսոր:
Ստեփանակերտի թատրոնում  Ալվարյանը հեղինակել է 63 բեմադրություն, թարգմանել բազմաթիվ պիեսներ,  գրել եւ ինքն էլ  բեմադրել է ՙՍայաթ¬Նովա՚ դրաման,  որը երկար  տարիներ չի իջել  թատրոնի բեմից։  Նա ստեղծել է գեղեցիկ  խաղացանկ,  հեղինակել է բեմադրություններ,  որոնք  հարստացրել են թատրոնի պատմությունը եւ դարձել  նրա մնայուն, անանց  էջերից։ Ահա  նրանցից մի քանիսը. Նար-Դոս` ՙՍպանված աղավնի՚, Հ. Պարոնյան` ՙՄեծապատիվ  մուրացկաններ՚, Ա. Շիրվանզադե` ՙՄորգանի խնամին՚, ՙՊատվի համար՚, Գ. Սունդուկյան` ՙԷլի մեկ զոհ՚,  ՙԽաթաբալա՚, Դ. Գազազյան` ՙԽաչատուր  Աբովյան՚, Է. Լ. Վոյնիչ` ՙԲոռ՚, Գ. Սեւունց, Ս. Ռաձինսկի` ՙԹեհրան՚,      Դ. Դեմիրճյան` ՙՔաջ Նազար՚, Վ. Մանվելյան` ՙԼալվարի որսը՚, Ի. Ալավերդյան, Բ. Ուլուբաբյան` ՙՀողի լեզուն՚, Ն. Զարյան` ՙՓորձադաշտ՚,  ՙԱղբյուրի մոտ՚, Ա. Բարսեղյան` ՙԾաղկասար՚։
Կրթված լինելով վախթանգովյան ավանդույթներով, Ալվարյանը  երկրպագում էր հոգեբանական, իրապատում բեմարվեստը։ Թե՜  իր բեմադրություններում եւ թե՜ անձնավորումներում ջանք չէր խնայում, որ  հանդիսատեսը  համոզվի դերասանի ասած խոսքի եւ կատարած  գործողության ճշմարտացիության  մեջ։  Չափած, ձեւած, խիստ  նպատակային եւ որոշիչ էին նրա հորինած բեմավիճակները, կենսականորեն  հավաստի։ Նա ստեղծում էր բոլոր հնարավորությունները, որ դերասանը լիահունչ, ազատ ու անկաշկանդ բացահայտի իր կարողությունները։ 
Ալվարյանը  նաեւ նուրբ, վերլուծող, հոգեբան  արտիստ էր։ Նա ամեն  դերի մեջ՝ մեծ թե փոքր, ճակատագիր էր տեսնում։  Իր դերասանական ներկապնակի հարստությունը դրսեւորում էր ե՜ւ դրամատիկ, ե՜ւ  ողբերգական, ե՜ւ հատկապես, կատակերգական դերերում։ Պարոնյանը նրա կուռքն էր, եւ ինքն էլ պարոնյանական դերերի  տաղանդավոր մեկնաբաններից մեկն էր եւ փայլուն կատարողը։ Անզուգական էին նրա  Պաղտասար աղբարը եւ Աբիսողոմ աղան։ Նա փայլեց նաեւ Արթուրի (Է. Լ. Վոյնիչ` ՙԲոռ՚), Վարժապետի (Վ. Վաղարշյան` ՙՕղակում՚), Սիմոնի (Է. Յանովսկի` ՙՑասում՚), Թուսյանի (Նար-Դոս` ՙՍպանված աղավնին՚), Կարապետ  Մինայիչի  (Մ. Քոչարյան` ՙՀարազատ մարդիկ՚), Զինգերի  (Ա. Բարսեղյան` ՙԿամո՚) դերակատարումներում։
Կարո Ալվարյանը կենսափորձով իմաստնացած մարդ էր եւ սիրում էր ընդգծել. ՙՈվ ապրում է իրերի համար, ամեն ինչ  կորցնում է վերջին  շնչի հետ, ով ապրում է մարդկանց համար,  նա մահից հետո  էլ ապրում է ապրողների մեջ՚։ Ալվարյանն ապրեց մարդկանց համար։ 
Նրա ծառայությունները բարձր է գնահատվել կառավարության կողմից. 1954թ. արժանացել է արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման։ Ամենակարեւորը՝ սիրվել եւ հարգվել է ժողովրդի կողմից։ 
Կարո Ալվարյանի անունը միշտ  հիշվելու է հայ բեմի երախտավորների  շարքում։ Նա անմահ է, քանի կանգուն է իր իսկ ջանքերով կերտած հուշարձանը՝ Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը։ 
 
 
Կարինե ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
ԼՂՀ մշակույթի  վաստակավոր  գործիչ