[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՎԵՍՏԸ ՆԵՐՔԻՆ ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ

ArturMartirosyan.jpgԻնչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 2-ին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դահլիճում տեղի է ունեցել իր ձևաչափով հետաքրքիր մի համերգ, որը կազմակերպվել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀՀ մշակույթի նախարարությանը կից գործող Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի նախաձեռնությամբ: 
Առաջին անգամ համատեղ համերգով հանդես եկան Երևանի Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի և ԼՂՀ երաժշտական ու արվեստի դպրոցների շնորհաշատ աշակերտները:
Նախորդ հոդվածում (ՙԱԱ՚ հ. 65) նշել ենք, որ աշխարհում մեծ կարևորություն է տրվում գեղագիտական կրթությանը սերունդների դաստիարակության գործում, որ 2012 թվականից սկսած ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից յուրաքանչուր տարվա մայիսի չորրորդ շաբաթը հռչակվել է ՙԳեղարվեստական կրթության միջազգային շաբաթ՚: Նախաձեռնությանը Հայաստանը միացել էր ի սկզբանե: Ահա թե ինչու մայիսի վերջին  և հունիսի սկզբներին նախագծի շրջանակներում Մշակութային կրթության աջակցության հիմնադրամը ՀՀ մշակույթի նախարարության օժանդակությամբ Երևանում և Հայաստանի մարզերում կազմակերպում է մի շարք միջոցառումներ` համերգներ, ցուցահանդեսներ, դասընթացներ: Քոլեջում կազմակերպված համատեղ  համերգով փաստորեն Արցախն էլ միացավ այդ նախագծին:
Ստորև ներկայացնում ենք Ավետ Տերտերյանի անվան դպրոցի տնօրեն, գեղանկարիչ Արթուր ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ  հետ հարցազրույցը նման համերգների, ընդհանրապես գեղագիտական դաստիարակության խնդիրների մասին:
- Ինչքանո՞վ եք կարևորում նման համատեղ համերգները և, ըստ Ձեզ, ի՞նչ է տալիս դա երեխաներին, դասատուներին:
- Կարևորում եմ հենց նրանով, որ այս մերձեցումը շատ անհրաժեշտ է երկու կողմերին էլ: Նախ` այն բանով, որ այս ելույթները բաց դաս կարելի է համարել աշակերտների համար: Նրանք ոչ միայն հանդես եկան, այլ նաև լսեցին` ով ինչպես է նվագում: Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ բոլորս միասին դարձանք մի թիմ, մի ամբողջություն, մտածեցինք մի բանի` արվեստի շուրջ: Եվ այս բանակը չպիտի մնա այսպես փոքրաթիվ:
Այն պետք է ընդարձակվի, դուրս գա այլ տարածքներ, մտնի մարդկանց  սրտերը: Մարդիկ արվեստով ապրելու ներքին պահանջմունք պետք է ունենան: Որքան շատ ունենան, այնքան մեր ընդհանուր հաղթանակն ավելի շուտ կլինի: Այսինքն՝ արվեստը պետք է դարձնենք մի այնպիսի ներքին ուժ, որ մեր դիմացը նստած մարդն անհրաժեշտություն ունենա ապրել դրանով: Ցավոք, այսօր մեզանում շատ մարդիկ կան, ովքեր պահանջ չունեն ո՜չ թատրոնի, ո՜չ երաժշտության, ո՜չ նկարչության: Նրանք լսում են, տեսնում են, բայց չեն ընկալում: Այսինքն՝ նրանք պատրաստ չեն դասական երաժշտություն, արվեստի գործ ընկալելու, դրանից հոգևոր ուժ ստանալու:
- Ի՞նչ եք կարծում, այսպիսի մեկ համերգով հնարավո՞ր է նման խնդիր լուծել:
- Ոչ: Իհարկե, ոչ: Նախ՝ դրանք պարբերաբար պետք է կազմակերպել: Բայց մի այլ վտանգ էլ կա: Դրանք դեկորատիվ բնույթ կկրեն, եթե մենք չզբաղվենք լուրջ գեղագիտական կրթությամբ նաև հանրակրթական դպրոցներում և՜ բուհերում, և՜ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ:
Եթե մարդուն զրկում ես մի հզոր զգայարանից, ուրեմն հզոր զենք ես խլում նրանից: Նրա հոգևոր դաշտը թերի է մնում: Իսկ թերի ենք, քանի որ չունենք այդ պահանջմունքը: Առաջացնել այդ պահանջմունքը մեր մեջ` հենց այդ կրթության խնդիրն է: Այո, դա կրթության և բոլորի՜ս խնդիրն է: Մենք պետք է հասկանանք, որ արվեստը մեր ուժն է: Գեղագիտական դաստիարակություն ասածը պատահական չէ: Դա մարդու էությանը անհրաժեշտ երևույթ է:
- Ճիշտ եք, դա կրթության խնդիր է։ Բայց չէ՞ որ կրթությունն այդ դպրոցի պատերի ներքո մնալով՝ մնում է պատերի ներսում: Կամ մեկ համերգով մասնագիտական հաստատությունում մասնագիտական դպրոցների աշակերտների համար ի՞նչ կարելի է փոխել:
- Այո, համագործակցությունն ավելի ընդլայնված պետք է իրականացնել. վարպետության դասեր անցկացնել թե՜ Ստեփանակերտում և թե՜ Երևանի դպրոցներում: Մեր շեփորահարներին մեծ հաճույքով կբերեի համերգին հանդես եկած երկու շեփորահարների դասատուի մոտ: Փոխադարձ կապ պետք է լինի, այն էլ՝ ամուր ու ընդլայնված: Մեզ օգնել է Մշակութային կրթության աջակցության հիմնադրամը: Ինչքանով դա պարբերաբար կլինի, երևի ֆինանսների հետ է կապված: Ինչքան ֆինանսապես հզոր լինի այդ կառույցը, այնքան հաճախ կկարողանա կազմակերպել: Բայց մենք հանրակրթական դպրոցներում անելու լուրջ գործ ունենք: Անշուշտ, մեկ համերգով իրավիճակը չես կարող փոխել:
Հանրակրթական դպրոցներն այսօր կաղում են գեղագիտական դաստիարակության խնդիրների իրականացման գործում: Մենք արվեստի դպրոցներում ինքնուրյուն կայացնող  անհատներ ենք պատրաստում: Իսկ հանրակրթական դպրոցներում ջարդում են երեխայի անձը: Պատկերավոր ասեմ՝ իմ դպրոցը վերականգնողական կենտրոն է: Կարելի է ասել, երեխաները մեզ մոտ բուժվում են, արվեստով թերապիա են անցնում: Երբ ես նոր էի նշանակվել, դպրոցում սովորում էին հարյուրից ավելի երեխաներ: Իսկ հիմա հազարից ավելի են: Այսօրվա դրությամբ Երևանում մեր դպրոցն ամենամեծն է: Այդ ներքին մղումն է, որ երեխաներին բերում է մեր դպրոց: Մենք հարգում և սիրում ենք մեր աշակերտներին, օգնում նրանց՝  ձևավորվելու: Այդպես պետք է լինի յուրաքանչյուր դպրոցում` թե՜ արվեստի և թե՜  հանրակրթական:
- Ի՞նչ բաժիններ են գործում ձեր դպրոցում:
- Երեք բաժիններ են գործում` երաժշտական, կերպարվեստի և ընդհանուր զարգացման: Կերպարվեստի բաժնում չորս ճյուղեր են գործում: Երաժշտական բաժնում գործում են դաշնամուրի, երգեցողության, լարայինների, փողայինների և ազգային նվագարանների դասարաններ։ Իսկ ընդհանուր զարգացման բաժնում մենք հնարավորություն ենք տալիս արվեստին առնչվել տարբեր տարիքի մարդկանց։ Տարիքային խտրականություն չենք դնում, քանի որ այս մարդն իր կյանքի ընթացքում այս կամ այն պատճառով մնացել է առանց հոգևոր սննդի։ Ուստի մեր սուրբ պարտքն ենք համարում նրանց արվեստի մի ճյուղով զարգացնելը։ Պատկերացրեք, այդ բաժնում են ամենաշատ հաճախողները։ 
- Ամփոփենք։ Ի՞նչ է պետք, որպեսզի համատեղ այս համերգով ազդարարված համագործակցության նոր ուղղությունը զարգանա։ 
- Կարծում եմ՝ պետական համապատասխան կառույցների օժանդակությունը։ 
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ