[ARM]     [RUS]     [ENG]

ՙՆԱՐՈԴՆԻՆ՚ ԳՈՒՐԳԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ – 110

56.jpgԼրացավ ժողովրդական արտիստ Գուրգեն Հարությունյանի ծննդյան 110-ամյակը`  ստեղծագործական  մի վառ անհատականության, ով իր ինքնատիպ արվեստով հարստացրեց Ստեփանակերտի թատերական ներկապնակն ու 1950¬60-ական թվականներին դարձավ նրա առաջատար ուժը։ 
  Ծնվել  է Գանձակում, 1905 թվականի հունիսի 9¬ին, արհեստավորի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է թաղային դպրոցում, սակայն ընտանիքի հոգսերը ստիպել են դեռահաս պատանուն սովորելուն զուգընթաց նաև կոշկակարություն անել։
Թատրոնն իր համար ՙհայտնագործել՚ է Հովհաննես Աբելյանի և Հովսեփ Ոսկանյանի հյուրախաղերի ժամանակ, որից հետո անդամագրվել է Հայկասարի ղեկավարությամբ գործող տեղի սիրողական խմբին։
Հոգսաշատ ընտանիքի կարիքներին ձեռնհաս լինելու նպատակով 1921թ. բռնել է Բաքվի ճանապարհը՝ քեռու մոտ։  Իր արհեստում հմտություն ձեռք բերած տղային կոշկագործական արհեստանոցում անմիջապես վարպետ են ձևակերպում, ասել է թե՝ նյութականը, քիչ թե շատ, ապահովված էր։  Թատրոնի համար ՙգլուխը կորցրած՚ Գուրգենն այստեղ էլ հեռու չի մնում բեմից և սիրով մասնակցում է կոշկագործների ակումբի ինքնագործ դրամատիկական խմբի ներկայացումներին, որը ղեկավարում էր փորձառու ռեժիսոր և դրամատուրգ  Գուրգեն Թավրիզյանը։ Վերջինիս միջնորդությամբ էլ նա մուտք է գործում Բաքվի հայկական թատրոն (Հայ դրամա)՝ հանդես գալով ներկայացումների մասսայական տեսարաններում։
1927թ. Բաքվի հայկական թատրոնին կից ստեղծվում է թատերական ստուդիա՝ նշանավոր ռեժիսոր Լևոն Քալանթարի ղեկավարությամբ, և Գուրգեն Հարությունյանը դառնում է նրա առաջին սաներից մեկը։  1929թ. ավարտելով  ստուդիան,  նա աշխատանքի է անցնում նույն թատրոնում։
Թատրոնի  ստեղծագործական միջավայրը և շփումը  բեմի  մեծանուն վարպետների հետ էական դեր են խաղում նրա խառնվածքի ձևավորման, բնատուր ձիրքի  հղկման, գեղարվեստական ճաշակի մշակման և աշխարհայացքի հստակեցման գործում։  Սակայն նորաթուխ դերասանի կուռքն առաջվա պես Աբելյանն էր։ Պատանին ակնդետ հետևում է նրա խաղին, զգում ճշմարիտ արվեստի հմայքը, և մեծ արտիստից որդեգրելով հոգեբանական ռեալիզմի սկզբունքները, դառնում այդ խաղաոճի երդվյալ  ժառանգորդը։ 
Երիտասարդ դերասանի համար իսկական դպրոց էր հատկապես Աբելյանի թատերախմբի կազմում հյուրախաղային շրջագայությունը Ղարաբաղում և Զանգեզուրում, ուր վարպետի խաղընկերակցությամբ կատարում է Սուրենի (ՙՊատվի համար՚), Սմբատի (ՙՆամուս՚), Ռոդրիգոյի (ՙՕթելլո՚), Նիլկինի (ՙԿրեչինսկու հարսանիքը՚) դերերը։ Աբելյանի դիտողությունները նրա համար դառնում են պարտադիր սկզբունքներ, բեմարվեստի գաղտնիքներին տիրանալու բանալի։ 
1944թ. Բաքվի հայկական թատրոնում բեմադրվում է Ա. Բարսեղյանի ՙԾաղկասար՚ պիեսը, որտեղ պատկերված է թիկունքի մարդկանց հայրենանվեր աշխատանքը։  Պիեսը զուրկ չէր սխեմատիզմից,  սակայն հեղինակին հաջողվել էր ստեղծել Կրփո անունով մի պորտաբույծի բավականին հյութեղ կերպար։ Կրփոյի անձնավորումը հանձնարարվում է Գուրգեն Հարությունյանին, որի կատարումը լայն ճանաչում է բերում արտիստին որպես կատակերգակի։ Մինչև 1963թ. այդ պիեսը խաղացվում է Բաքվի և ապա Ստեփանակերտի բեմերում՝ շնորհիվ Հարությունյանի Կրփոյի։ 
Գուրգեն Հարությունյանի ստեղծագործական ճանապարհը բավականին հարթ եղավ։ Նա արագ գտավ  իր ստեղծագորածական դիմագիծն ու ասելիքը, իր խաղաոճը։ Սկզբում ճանաչվեց որպես բնութագրական,  կատակերգական, ապա նաև՝ դրամատիկ դերերի հմուտ կատարող։
1947թ. նրան շնորհվեց հանրապետության վաստակավոր արտիստի կոչում, և երբ 1949թ. փակվեց Բաքվի Հայ  դրաման, նա Ստեփանակերտի թատրոն եկավ դերասանական ավարտուն նկարագրով և ստեղծագործական հարուստ փորձով։
Հարությունյանը Ստեփանակերտի թատրոն բերեց Բաքվի Լ. Երամյանի անվան հայկական պետական Կարմրադրոշ թատրոնի լավագույն ավանդույթները, որոնց խտացումն ու կրողն էր ինքը։ Նա իր պատկառալից արտաքինով, կեցվածքով, վարքագծով օրինակ էր բոլորի համար։ Մայրաքաղաքային թատրոնի շունչը կար նրա արվեստում՝ կատարման բարձր մշակույթ, բեմական մաքուր, իմաստալից խոսք և հստակ արտասանություն, գեղարվեստորեն տպավորիչ խաղ, բարձր ճաշակ, մինչև վերջին մանրամասնությունները հղկված դերասանական կատարում։ Գործընկերները հիշում են, թե նա ինչպիսի բծախնդիր պարտաճանաչությամբ էր վերաբերվում իր գործին. գալիս էր թատրոն ներկայացումից երկու ժամ առաջ, նախապատրաստվում մանրամասնությամբ, անգամ հեռավոր գյուղերի չլուսավորված, խարխուլ բեմերում խաղում էր անթերի զգեստավորված և դիմահարդարված։ 
Այդ ամենի հետ միասին անչափ պահանջկոտ էր թե՜ դերասանախմբի  և թե՜ օժանդակ ծառայությունների նկատմամբ։  Նրա ներկայությամբ բոլորը հավաք ու ձգված էին. խաղընկերները ջանում էին առավելագույնս ստույգ և ժամանակին տալ անհրաժեշտ ռեպլիկները, ճիշտ անցնել բեմավիճակները, վարսահարդարը  գիտեր, որ արտիստի կեղծամը պետք է լինի խնամքով հարդարված  և մաքուր, դերձակն ու հանդերձապահն ուշադիր էին նրա  զգեստի ամեն ծալքի ու մանրամասնի նկատմամբ։ Կատարյալ մաքրություն բոլոր հարցերում՝ այս էր նրա սկզբունքը և գործելակերպը՝ բեմում, կուլիսներում, առօրյա կյանքում։ 
Ստեփանակերտի թատրոնում նրա խաղացանկը  հարստացավ լավագույն և բազմաբնույթ դերակատարումներով։ Թվարկենք կարևորները՝ Մարութխանյան (ՙՔաոս՚), Հասան Ջալալ (ՙՌուզան՚) , Գոդար (ՙԽորթ մայրը՚), Տեր Ավետիս (ՙՄխիթար Սպարապետ՚), Քաջ Նազար (համանուն պիեսում), Սերդյուկ (ՙԻրկուտսկյան պատմություն՚), Մուրոմսկի (ՙԳործ՚), Գիժ Դանիել (ՙՉար ոգի՚), Արթին պապ (ՙՆույն հարկի տակ՚), Լուկա (ՙՀատակում՚), Էլիզբարով (ՙՊատվի համար՚), Չժոու Պու (ՙԹայֆուն՚), Մեք Գրեգոր (ՙԻմ սիրտը լեռներում է՚) և այլն։ 
Դերասանի մարմնավորած  կատակերգական կերպարների շարքում ավելացան Բալաբեկը՝ Ն. Զարյանի ՙԱղբյուրի մոտ՚, Զուռնա Խաչին՝ Ի. Ալավերդյանի և Բ. Ուլուբաբյանի ՙՀողի լեզուն՚, Ղազարը՝ Ժ. Հարությունյանի ՙԳլխի գինն է  հիսուն միլիոն՚ կատակերգությունների մեջ։ Եթե խորամանկ, խարդախ, ճարպիկ գործարար Բալաբեկին կերպավորելիս  ոչնչացնող ծաղրն էր կարևորում դերասանը, ապա  Զուռնա Խաչիի համար՝ ներողամիտ ժպիտն ու համակրանք հարուցող ծիծաղը։ 
Ժողովրդական բնավորություն ստեղծելու նախանձելի վարպետություն ուներ  Հարությունյանը։ Նրա Զուռնա  Խաչիի կատարումը հագեցած էր  ղարաբաղյան ժողովրդական մտածողությանը հարազատ գուներանգներով, խոսքի բնորոշ ելևէջներով, հումորի նուրբ զգացումով։ Իմաստալից խոսքի մատուցման իր բարձր վարպետությամբ դերասանը հասել էր նրան, որ այս հերոսի շատ դարձվածքներ որպես թևավոր խոսքեր մտել էին ժողովրդի մեջ (ՙԱխ, ա յերի կյապուտ՚)։ Բացի այդ, արտիստը կերպարը հարստացրել էր կյանքից առնված սեփական տպավորություններով և ուսումնասիրություններով։ Դերակատարման ժամանակ մի երկու տեղ օգտագործում էր զուռնան։ Նա, մանրակրկիտ ուսումնասիրելով երաժիշտների վարվելաձևերը, այնպես էր նախապատրաստվում և սկսում նվագել, որ ոչ ոք չէր կասկածում, թե ինքն է կատարողը։
Իսկ ահա Ղազարի կերպավորման մեջ արտիստը ներդրել էր իր անբռնազբոս  ու անմիջական հումորը, ցայտուն և արտահայտիչ դիմախաղը, որով ստեղծել էր կռիվների հորձանուտում հայտնված պարզ, բայց ողջամիտ գյուղացու կերպարը։ Իրեն հատուկ արտահայտչական հնարանքներով, մանրաքանդակներով ստեղծել էր նույնիսկ, կարելի է ասել, համակրելի կերպար։
Գուրգեն Հարությունյանի կենսափորձի և հասուն վարպետության խտացումը եղավ  Արթին պապի  դերամարմնավորումը ՙՆույն հարկի տակ՚ բեմադրության մեջ։ Արտիստը  ստեղծել էր բեմական մի հետաքրքիր կերպար, որ ժողովրդական  իմաստության, ժողովրդական ոգու ու սրտի  մարմնացումն էր և փայլ ու երանգ էր տալիս ողջ ներկայացմանը։  Հարությունյան ¬ Արթին պապի կեցվածքից, քայլվածքից, խոսելաձևից, դիմախաղից անգամ երևում էր, որ նա համառ ու ժայռեղեն բնավորություն ունի, երբ դիմացը ժողովրդի շահը ոտնահարող մարդ է կանգնած, բայց և անսահման բարի է, սրտացավ՝ արդար ու ազնիվ մարդկանց հանդեպ։  Արթին պապը երջանիկ էր իր հավատի մեջ, մարդկանց պիտանի լինելու զգացման մեջ, մարդկանց սիրելու մեջ։ Եվ այս ամենը բեմի վրա ոչ թե ցուցադրվում էր արտիստի կողմից, այլ վերապրվում։ Դա բեմի գաղտնիքներին  քաջահմուտ տիրապետող արտիստի խոր ներշնչանքի արդյունքն էր։ Լինելով ստեղծագործող և վերլուծող մտքի դերասան, նա կարողացել էր կերտել ամբողջական և ընդհանրացման հասնող ժողովրդական բնավորություն՝ համոզիչ ու ինքնատիպ իբրև դերապատկեր և հոգեբանություն։
Գուրգեն Հարությունյանն  ինքն էլ  լայն ժողովրդականություն վայելող դերասան էր։ 1957թ.  նրան շնորհվեց ժողովրդական արտիստ  պատվավոր կոչումը։ Նրա մասին խոսելիս մարդիկ ասում էին՝ ՙՆարոդնին՚։
Գ. Հարությունյանի ուշագրավ դերակատարումներից էին նաև փառատենչ, գոռոզամիտ Մերուժան Արծրունին՝ ՙՍամվել՚, բարդ ու իրարամերժ անցումներ ունեցող Չժոու Պուն՝ ՙԹայֆուն՚ ներկայացումներում։  Նա, որ սովորություն ուներ ուշադիր, կարելի է ասել, ոսկերչական մանրամասնությամբ մշակել հերոսի  դերապատկերը, Չժոու Պուի համար հատուկ արհեստական  ատամներ էր պատվիրել, որի շնորհիվ միշտ կիսաբաց էր մնում բերանը և շատ բնորոշ արտաքին բեմանկար էր ստեղծվում։ 
Անհերքելիորեն հավաստի ու ճշմարիտ անձնավորում էր դերասանի կերտած Տեր Ավետիսը  ՙՄխիթար Սպարապետ՚ պատմական դրամայում։  Հերոսի  խռովահույզ հոգեվիճակն արտացոլվում էր նրա ժեստերում, դիմախաղում. խոսուն էին ձեռքերը,  աչքերը, ողջ մարմինը։  Նա դերի մեջ էր մտել ամբողջ էությամբ և ներկայացնում էր ոչ թե մերկապարանոց դավաճանին, այլ դավաճանող մարդու հոգեվիճակն ու բարդ ապրումները։
Հարությունյանի տաղանդը փայլեց հատկապես Իսահակ Մարութխանյանի դերում (ՙՔաոս՚)։ Նա մարմնավորել էր ծայրաստիճան հաշվենկատ, խորամանկ ու նենգ մի հրեշավոր մարդու, որ պատրաստ է քայլել մերձավորների դիակների վրայով, եթե շահ ունի։ Թատերախոսը նկատել է.ՙՀարությունյանի Մարութխանյանը գիտի շեշտել իր անձի կարևորությունը, խոսում է քիչ խուլ ձայնով, բայց շարժումներն աշխույժ են, չի շփոթվում, երբ նրան բռնում են հանցանքի մեջ։ Նա ապացուցեց, որ անգամ երկրորդ պլանի դերում խաղալով՝ կարող է շեշտ ու երանգ տալ ամբողջ ներկայացմանը՚ (ՙԿոմունիստ՚, 1959թ., 6 հոկտեմբերի)։
1964թ. Ստեփանակերտի թատրոնը  նորից անդրադարձավ Ալ. Շիրվանզադեի ՙՉար ոգուն՚։ Բեմադրությունը կատարվել էր ավանդական լուծումներով և մեկնաբանությամբ, սակայն այն աչքի էր ընկնում գեղարվեստական հազվագյուտ ներդաշնակությամբ և ավարտվածությամբ։ Գիժ Դանիելի դերում Գ. Հարությունյանն էր։ Ավագ տարիքի  հանդիսատեսը գտավ, որ նրա կերպավորումը հիշեցնում է Աբելյանին, սակայն դա մեխանիկական ընդօրինակում  չէր, այլ իրատեսական¬հոգեբանական  հուզիչ խաղարկման  օրինակ, որի շնորհիվ երկար տարիներ այդ ներկայացումը չիջավ բեմից։ 
Նույն տարում թատրոնը բեմադրեց նաև  Վիլյամ Սարոյանի ՙԻմ սիրտը լեռներում  է՚ պիեսը։ Այն իր տեսակի մեջ նորություն էր թե՜ թատերախմբի և թե՜  հանդիսատեսի համար։ Հերոսական պատմական թատերերկերին սիրահարված հանդիսատեսին  պետք է մատուցվեր թախծի, կարոտի և ազնվության փիլիսոփայությունը՝ նուրբ քնարական ապրումների մեջ։  Կյանքի փորձով իմաստնացած և վարպետացած արտիստը հաղթահարեց բոլոր դժվարությունները և իրեն դրսևորեց բոլորովին նոր որակով։  Նրա խաղը լոկ դերակատարում չէր,  այլ սրտի երգ, բարու, ազնիվի հիմն, տառապող, բայց լուսավոր հոգու մարմնացում։ 
Գ. Հարությունյանը հաջողությամբ նկարահանվել է նաև կինոյում։ Նա ՙՀեղնար աղբյուր՚ ֆիլմում հիանալի խաղաց  ուստա  Ավետիքի դերը։  Դա արտիստի վերջին ելույթն էր։ Վախճանվեց 1973թ. հունվարի 2¬ին, բայց մնաց բոլոր նրանց սրտերում, ովքեր գեթ մի անգամ  տեսել են նրան բեմի վրա։
 
 
Կարինե  ԱԼԱՎԵՐԴՅԱՆ 
Թատերագետ, ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ