Logo
Print this page

ՙԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ՚ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

Անցած  շաբաթ Մարտունու Մ. Մաշտոցի անվան հ.2 դպրոցում անցկացվեց ՙԼավագույն մարզական ընտանիք՚  մրցույթի շրջանային  փուլը, որին մասնակցում էին ընտանիքներ Մարտունու, Ճարտարի, Սոսի, Հերհերի, Թաղավարդի, Ծովատեղի համայնքներից:
Այն  ընթացավ 4 տարիքային խմբերի՝ 2007-2009թթ. ծնված (6-8 տարեկան), 2004-2006թթ. ծնված (9-11 տարեկան), 2001-2003թթ. ծնված (12-14 տարեկան), 1999-2000թթ. ծնված (15-16 տարեկան) երեխաներ ունեցող 11 ընտանիքի միջև:
Ծրագրի համաձայն` ընտանիքներն իրենց ուժերը չափեցին խաղային փոխանցումավազք` 30մ, վարժություն բասկետբոլի գնդակով, խաղային փոխանցումավազք` թենիսի գնդակներով, հեռացատկ տեղից, խաղային փոխանցումավազք` 80մ, հրաձգություն օդամղիչ հրացանով, ՙՀավաքիր ՙՀաղթանակ՚ բառը՚ մրցաձևերում:
Ընդհանուր հաշվարկում 1-4-րդ տարիքային խմբերում հաղթող ճանաչվեցին համապատասխանաբար Արկադի և Լիանա Առաքելյանների (Թաղավարդ), Ղարիբ և Մարինե Ահարոնյանների (Սոս), Առնոլդ և Հրածին Բաղդասարյանների (Թաղավարդ), Ավետիք և Գայանե Հարությունյանների (Հերհեր) ընտանիքները, ովքեր պարգևատրվեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հավաստագրերով և դրամական պարգևով, Մարտունու շրջվարչակազմի կողմից սահմանված  նվերներով: Նվերները ընտանիքներին հանձնեց  շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Ս. Սեյրանյանը: Նա Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Կարեն Թովմասյանի անունից շնորհավորեց մրցանակային տեղեր զբաղեցրած, կրկնակի հաղթող ճանաչված ընտանիքներին և մաղթեց հաջողություններ մյուս փուլերի մասնակցության ժամանակ: 
Երկրորդ և երրորդ տեղեր գրաված ընտանքներն արժանացան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հավաստագրերին և դրամական պարգևներին:  Մրցույթը բավականին կազմակերպված ու հետաքրքիր էր, ընթացավ հանգիստ ու տրամադրող մթնոլորտում: 
Ի դեպ, առաջին տեղեր գրաված ընտանիքներն առաջիկայում մասնակցելու են մրցույթի հանրապետական փուլին, որը կկայանա Ստեփանակերտում:
 
Արմինե  ԴԱՆԻԵԼՅԱՆ
ք. Մարտունի
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.