[ARM]     [RUS]     [ENG]

ՍԿՍՎԱԾ Է ԼՐԱՑՈՒՑԻՉ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄԸ

Հունիսի 23-ին դիմորդները հանձնեցին վերջին միասնական քննությունը ռուսաց լեզվից, որով ավարտվեց միասնական քննությունների հիմնական փուլը: ԼՂՀ գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանի տեղեկացմամբ՝ հունիսի 24-ից սկսվում է միասնական, կենտրոնացված և պետական ավարտական լրացուցիչ քննությունների կազմակերպման գործընթացը, քննություններ, որոնք  կանցկացվեն հուլիսի 2-8-ը։  
Պետական ավարտական լրացուցիչ քննություններին կարող են հայտագրվել այն դիմորդները, ովքեր հիմնական փուլին չեն մասնակցել, միասնական քննության ավարտական մասը (Ա մակարդակ) չհաղթահարած, պետական ավարտական քննություններից (2 առարկայից ոչ ավելի) անբավարար ստացած շրջանավարտները:
Միասնական, կենտրոնացված լրացուցիչ քննություններին կարող են մասնակցել այն շրջանավարտները, ովքեր առաջին փուլի քննություններին մասնակցելու համար չէին հայտագրվել, օտարերկրյա քաղաքացիները, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 2015թ. շրջանավարտները, այն դիմորդները, ովքեր միասնական քննությանը հարգելի պատճառով չեն մասնակցել կամ հիվանդության պատճառով ընդհատել են քննությունը, բողոքարկման հանձնաժողովի կողմից միասնական լրացուցիչ քննությանը մասնակցելու թույլտվություն ստացած շրջանավարտները (ի դեպ՝ բողոքարկողներ չեն եղել): Մի խոսքով՝ այն շրջանավարտները, որոնք հիմնական փուլին տվյալ առարկայից հայտագրված չեն եղել: Այստեղ սկզբունքը մեկն է. եթե դիմորդը հանձնել է այդ քննությունը, լրացուցիչ փուլին իրավունք չունի մասնակցել: Այսպիսով, դիմորդներին հնարավորություն է տրվում մեկ անգամ ևս իրենց ուժերը փորձել՝ հայտագրվելով այն մասնագիտություններին, որտեղ ենթադրվում է, որ կլինեն թափուր տեղեր, ինչու չէ՝ դրանով նաև բուհերին է հնարավորություն տրվում համալրելու իրենց մասնագիտությունները:    
ԳԹԿ տնօրենը նաև տեղեկացրեց, որ հուլիսի 15-20-ը լինելու է թափուր տեղերի համար մրցույթ:
Բացի դրանից, հունիսի 24-ից սկսվել են կենտրոնացված, ներբուհական քննությունները, որոնք նույնպես անցկացվում են Գնահատման և թեստավորման կենտրոնի վերահսկողությամբ՝ բուհերի հանձնաժողովների կողմից: Դրանք արվեստի գծով, ստեղծագործական աշխատանք պահանջող, ֆիզիկական պատրաստություն, նախնական զինվորական պատրաստություն  մասնագիտություններն են: 
9-րդ դասարանի շրջանավարտներից հայոց լեզու և գրականություն առարկայի կենտրոնացված քննությունից անբավարար ստացած 85, մաթեմատիկայից՝ 80 շրջանավարտներ կարող են վերաքննություն հանձնել իրենց ուսումնական հաստատություններում՝ օգոստոսի 20-30-ը: 
 
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ