[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՑԻ ԵՐԳԻՉԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

11301529_599909443482202_600064139_n.jpgԱրցախցի բարիտոն Սար Սարգսյանը մեկ անգամ չէ հաղթանակով ու ոսկե մեդալներով վերադարձել աշխարհի տարբեր  ծագերում կազմակերպվող մրցույթ-փառատոներից։ 
Այս անգամ էլ երգիչը հուսախաբ չարեց իր հազարավոր երկրպագուներին. Իտալիայի Կիետի քաղաքում՝ Մարուչինո օպերայի թատրոնում հունիսի 13-14-ը կայացած՝ երգչախմբերի ու մեներգիչների ՙCHORUS INSIDE SUMMER - 2015՚ մրցույթ-փառատոնից նա վերադարձավ երկու ոսկե մեդալով։ 
Մրցույթ-փառատոնը, որին մասնակցել են 12 երգչախմբային կոլեկտիվներ և 44 մեներգիչներ, կազմակերպել էր ՙCHORUS INSIDE INTERNATIONAL՚ ասոցիացիան՝ Կիետի քաղաքի վարչակազմի, Անկոնա քաղաքում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսության, ՙASSISI PAX INTERNATIONAL՚ և ՙFARE AD ADRIATICUM՚ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ։ Հայաստանից մասնակցել են 3 մեներգիչներ՝ Սար Սարգսյանը, Լիլիթ Համբարձումյանը և Աննա Պողոսյանը, ովքեր փայլեցին իրենց կատարումներով։ 
Արցախցի երգիչը հանդես է եկել երկու անվանակարգերում՝ ՙԱկադեմիական երգեցողություն՚ և ՙէստրադային երգեցողություն՚՝ երկուսում էլ գրանցելով հաղթանակներ։ Ակադեմիական ելույթում Սար Սարգսյանին նվագակցում էր դաշնակահարուհի Ջուլիետա Խաչատրյանը, ով նույնպես արժանացել է մրցույթ-փառատոնի մեդալի և դիպլոմի։ 
Մեզ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Սար Սարգսյանն ասաց, որ առաջին անվանակարգում կատարել է Ռենատոյի տեսարանն ու արիան՝ Ջուզեպպե Վերդիի ՙՊարահանդես-դիմակահանդես՚ օպերայից և Կոմիտասի ՙԾիրանի ծառ՚ ստեղծագործությունը՝ արժանանալով ոսկե մեդալի։
ՙԷստրադային երգեցողություն՚ անվանակարգում տաղանդավոր երգիչը  կատարել Է Ռուդոլֆո Ֆալվոյի “Dicitenchello vuye”  և Առնո Բաբաջանյանի  "Люблю тебя" ստեղծագործությունները և արժանացել գավաթի ու ոսկե մեդալի։ 
Հավելենք, որ Սար Սարգսյանին վերոնշյալ մրցույթին ներկայացրել է Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան (նախագահ՝ Արման Ղուկասյան), իսկ ֆինանսական աջակցությունն ապահովել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, որոնց էլ երգիչն իր խորին երախտագիտությունն է հայտնում։
Մրցույթ-փառատոնի ավարտին կազմակերպված շքերթին Սար Սարգսյանը մասնակցել է Արցախի դրոշով։ Իսկ հունիսի 16-ին Հռոմի պանթեոնում մրցույթի դափնեկիրների մասնակցությամբ տեղի է ունեցել գալա - համերգ, որին ներկա է եղել Իտալիայում ՀՀ փոխդեսպան Անահիտ Թովմասյանը և որտեղ հայտարարվել է, որ Սար Սարգսյանը Արցախի Հանրապետության ներկայացուցիչ է։ 
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ