ՄՐՑԱՇԱՐ` ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Սրբուհի ՎԱՆՅԱՆ
Ապրիլի 23-24-ը Երևանում տեղի է ունեցել Ուշուի միջազգային մրցաշար, որին մասնակցել են նաև Արցախի՝ ուշու սանդա և ուշու թաոլու մարզաձևերի մարզիկները՝ գլխավոր մարզիչներ Դավիթ Գրիգորյանի և Նանար Սարգսյանի գլխավորությամբ։
Ինչպես մեզ հետ զրույցում նշել է Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը, այս առաջնությունը Հայաստանում անցկացվում է 2003 թվականից՝ ամեն տարի այդ ժամանակահատվածում և նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Մրցաշարի անցկացման նպատակը հենց ապրիլյան այդ օրերին, կազմակերպիչների խոսքով, պատահական չէ. ՀՀ ավանդական ուշուի ֆեդերացիան առաջիններից էր, որ կոչ արեց այլևս դադարեցնել սուգն ու ողբը և լինել պահանջատեր, ուժեղ, պատրաստ վրեժխնդրության, վրեժխնդիր՝ նաև ձեռքբերված հաղթանակներով ու հաջողություններով։ ՙՄենք պետք է հիշենք, որ հայրենիք ունենք գերության մեջ և դադարենք սգալ։ Ապրիլի 24-ին նման մրցաշարի կազմակերպումը ևս մի հնարավորություն ենք համարում սպորտի միջոցով այդ ոճրագործության մասին բարձրաձայնելու, Հայի Դատը և պահանջը աշխարհին ներկայացնելու՚,-ասաց Տ. Չոբանյանը։
Մրցաշարին մասնակցել են ավելի քան 200 մարզիկներ տարբեր երկրներից։ Արցախից մասնակիցների թիվը 37 էր, որից 6-ը մարզիչներն էին (նրանցից ոմանք ևս մասնակցեցին մրցաշարին), 26-ը` սանդա ուշուի մարզիկներ, 4 հոգի ներգրավված էին թաոլու, մեկ հոգի՝ վինգ չուն մարզաձևերի մրցումներում։ Մարզիկների պատրաստվածությունը բարձր էր, լավ արդյունքներ գրանցեցին նաև արցախցիները։
Ավանդական ուշուի ֆեդերացիայի փոխնախագահ, Հայաստանի ուշուի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ և մրցաշարի գլխավոր մրցավար Արմեն Պողոսյանը տեղեկացրեց, որ կազմակերպիչները մրցաշարի մասնակիցների և հյուրերի հետ ապրիլի 24-ին այցելում են Ծիծեռնակաբերդ, ինչը կարևոր է համարում Հայաստանի պատմությունը ներկայացնելու, իսկ երկիրը ճանաչելի դարձնելու տեսակետից։ Նա կարևորում է Արցախի մարզիկների մասնակցությունը ևս, քանի որ հենց նման միջոցառումների ընթացքում է փորձառության ձեռք բերվում։ Մեր մարզիկների առաջընթացն արդեն իսկ նկատելի է. Ա. Պողոսյանի հրավերով նրանցից երկուսը կընդգրկվեն ՀՀ ուշու-թաոլուի ազգային հավաքականի կազմում և կպատրաստվեն մասնակցելու 2020թ. մայիսին նախատեսվող Եվրոպայի առաջնությանը։
Այն, որ մրցաշարը կազմակերպվել է Երևանում, Դ. Գրիգորյանը մեր մարզիկների համար լավ հնարավորություն է համարում. հակառակ դեպքում, նման թվով մարզիկների մասնակցություն ապահովելը դժվար կլիներ։ Արցախցի մարզիկներն արդարացրել են իրենց, տուն են վերադարձել մեդալներով ու պատվոգրերով։ Թաոլու մարզաձևից Օքսանա Հուռումյանը՝ նանցուան 1 միջազգային ստանդարտ, Ալբերտ Ջալալյանը՝ նանցուան 32, Աստղիկ Ասրիյանը՝ թայ չի 24, զբաղեցրել են առաջին տեղը, իսկ Թամարա Ավանեսյանը նանցուան 32 կարգում` առաջին, նանդաո 32-ում՝ երկրորդ տեղը։ Դավիթ Գասպարյանը վինգ չուն ոճում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։ Բավականին բարձր պատրաստվածություն ունեին սանդա ուշուի մարզիկները։ Նրանք տուն են բերել 10 ոսկե, 4 արծաթե և 6 բրոնզե մեդալ։ Դ. Գրիգորյանը դա պատահական չի համարում, քանի որ մրցաշարին ներկայացել են լավագույն մարզիկներով, ովքեր մինչ այդ հաջողություններ են գրանցել տարբեր՝ միջազգային և հանրապետական մարզական հարթակներում։
;