«Ժենգյալով հացի երկրորդ փառատոն»
Հաթերքում կայացել է «Ժենգյալով հացի երկրորդ փառատոնը»
Մայիսի 11-ին «էկոտուրիզմն Արցախում» խմբի նախաձեռնությամբ Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում կազմակերպվել է ժենգյալով հացի երկրորդ փառատոն:
Փառատոնին ներկայացված էր շուրջ 120 տաղավար։ Արցախի յուրաքանչյուր շրջան փառատոնին ներկայացվել է արցախյան ամենաճանաչված ուտեստի՝ ժենգյալով հացի պատրաստման գործում հմուտ եւ արհեստավարժ մասնակիցներով: Արցախի տարբեր վայրերից Հաթերք ժամանած սննդի ասպարեզում մասնագիտացված մարդիկ հյուրերին ծանոթացրել են ժենգյալով հաց պատրաստելու առանձնահատկություններին և գաղտնիքներին։ ժենգյալով հացից բացի, ներկայացվել և վաճառքի են հանվել այլ արտադրատեսակներ:
Փառատոնը ուղեկցվել է կենդանի երաժշտությամբ, ազգային երգ ու պարով, արտասանություններով։
Փառատոնի ժամանակ, Հադրութի շրջանի խումբը, թխել է նաեւ աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը՝ 3 մետր 3 սանտիմետր երկարությամբ։
Անցած տարի, Հադրութի շրջանում պատրաստված հսկա ժենգյալով հացը, 2 մետր 83 սմ էր․, որը գրանցվել է Հայաստանի «Դյուցազնագրքում»: