CONIFA-2019 ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. 4-ՐԴ ՓՈՒԼ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ
Գ. Կասպարովի փայլուն խաղի շնորհիվ Արևմտյան Հայաստանի հավաքականն անցավ եզրափակիչ
Հունիսի 6-ին Արցախի 4 մարզադաշտերում արձանագրվեցին դիտարժան ֆուտբոլային խաղեր։ Այս անգամ կիսաեզրափակչում պայքարեցին առաջնության գլխավոր ֆավորիտները։ Ստեփանակերտի մարզադաշտում կայացած` Արևմտյան Հայաստան-Աբխազիա կիսաեզրափակիչն ավարտվեց 4։1 հաշվով՝ հօգուտ Արևմտյան Հայաստանի, իսկ Ասկերանում՝ Հարավային Օսիա-Չամերիա խաղն ավարտվեց Հարավային Օսիայի հաղթանակով՝ 6։5 հաշվով։ Կիսաեզրափակչի և նույն օրը կայացած մյուս խաղերի վերաբերյալ մեկնաբանություններով հանդես եկան սպորտային մեկնաբան Արմեն Գարամյանն ու CONIFA-2019-ի PR և մարքեթինգի ղեկավար Հրաչուհի Բարսեղյանը։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանելով Հարավային Օսիա-Չամերիա խաղը` Հ. Բարսեղյանը պարզաբանեց, որ այս խաղի հիմնական ժամանակաընթացքում գրանցվեց 0։0 հաշիվը, սակայն 11-մետրանոցների արդյունքում՝ 6։5 հաշվով Հարավային Օսիան ուղեգիր վաստակեց դեպի եզրափակիչ։ Բավականին լարված ու հետաքրքիր էր Արևմտյան Հայաստան-Աբխազիա խաղը։ Ստեփանակերտում կայացած կիսաեզրափակչի 1-ին խաղակեսն ավարտվեց 1։1 հաշվով, ինչը պահպանվեց նաև 2-րդ խաղակեսում: Հայ ֆուտբոլիստներն ավելի դիպուկ էին11-մետրանոց հարվածների ժամանակ։ Սա անչափ սպասված հաղթանակ էր հայերիս համար. ամբողջ մարզադաշտը թնդում էր ուրախությունից։ Օրը հաղթական էր նաև Արցախի հավաքականի համար, որը պայքարում էր Սեկեյ Լանդ թիմի հետ։ Մարտունու մարզադաշտում ընթացած այս խաղի 74-րդ րոպեին Արցախի թիմը 11-մետրանոցով կարողանում է հավասարեցնել հաշիվը, իսկ 93-րդ րոպեին, մեկ գնդակ ևս ուղարկելով մրցակցի դարպասը, գրանցում է 2։1 հաշվով հաղթանակ։ Նույն օրը Մարտակերտի խաղադաշտում կայացած Պադանիա-Սապմի մրցապայքարն ավարտվեց 4։0 հաշվով՝ հօգուտ Պադանիայի։
Հունիսի 8-ին 3-րդ տեղի համար կմրցեն Աբխազիայի ու Չամերիայի հավաքականները։ Նույն օրը 5-6-րդ տեղերի համար կխաղան Արցախ-Պադանիա, 7-8-րդ տեղերի՝ Սապմի-Սեկեյ Լանդ հավաքականները։ Հունիսի 9-ին սպասվում է շատ հետաքրքիր եզրափակիչ ՝ Արևմտյան Հայաստան-Հարավային Օսիա թիմերի միջև։
Արցախում CONIFA-2019 Եվրոպայի առաջնության խաղերի կազմակերպման, նշանակության, թիմերի մասնակցության և ընդհանուր սպորտային ու մշակութային ծրագրերի վերաբերյալ իրենց տպավորություններով կիսվեցին՝
Գևորգ Կասպարով, Արևմտյան Հայաստանի հավաքականի դարպասապահ.-Անչափ տպավորված եմ և ուրախ։ Այս հաղթանակը մեր ամբողջ թիմի և ֆանտաստիկ երկրպագուների շնորհիվ էր։ Առաջիկա երկու օրերի ընթացքում պատրաստվում ենք վերականգնել մեր ուժերը, շատ լավ աշխատել, որպեսզի կարողանանք Հարավային Օսիայի հետ մրցապայքարում արձանագրել դրական բարձր արդյունքներ՝ արդարացնելով մեր բոլոր երկրպագուների հույսերը։ Նման խաղեր շատ ենք ունեցել, բայց մեզ համար շատ կարևոր էր, որ Արցախում կազմակերպվող CONIFA-ի առաջնությունում հասանք եզրափակիչ։
Գառնիկ Սարգսյան, Արևմտյան Հայաստանի ներկայացուցիչ.- Վերջին մի քանի օրերին ես հետևում էի եվրոպական մամուլի էջերին, որտեղ կարծես ինչ-որ ուժերի ազդեցությամբ բացասական շատ արձագանքներ նշմարվեցին։ Ցավում եմ, որ եվրոպական մամուլում բացասական էին անդրադառնում Արցախում կայացած CONIFA-2019-ի այս առաջնությանը։ Բացի դրանից, նյութերում նշում էին 7 թիմի մասնակցության մասին և Արևմտյան Հայաստանի անունն էլ ընդհանրապես չկար։ Սա արդեն անարդարություն է, ՄԱԿ-ի մարդու իրավունքների և ազատության հիմնարար սկզբունքների կոխկրտում, ինչը վայել չէ քաղաքակիրթ աշխարհին։ Ամեն դեպքում` մենք այսօր փաստեցինք, որ Արևմտյան Հայաստանը ոչ միայն թիմ է, այլև այդ տարածքի հայերի միավորում, որոնք ողջ են և միշտ պատրաստ պայքարելու այսօր ֆուտբոլում, վաղը` քաղաքական դաշտում։ Ամենակարևորը, որ այս միջոցառումը կայանում է Արցախում, հայկական հողի վրա։ Ափսոսում ենք, որ Արցախի թիմը չկարողացավ շարունակել մրցապայքարը, սակայն մեր այս հաղթանակը ողջ հայությանն է։ Ինչ վերաբերում է կազմակերպական կողմին, ապա հատուկ շնորհակալություն եմ հայտնում ԱՀ նախագահից մինչև ամենափոքրիկ արցախցուն՝ ջերմ ընդունելության համար։ Նման միջոցառումների շնորհիվ տարբեր երկրների ներկայացուցիչները մոտիկից են ճանաչում Արցախն ու նրա ժողովրդին, հասկանում, որ տեղի ժողովուրդն ապրում է իր նախնյաց հողում և ունի լիիրավ բոլոր իրավունքներն աշխարհում ճանաչելի դառնալու համար։ Մեծախոսություն թող չհամարվի, բայց մենք, Արցախ այցելելով, հենց սկզբից տրամադրված էինք մարտական, վճռական հաղթելու համար։ Իհարկե, չգիտենք հունիսի 9-ին ինչ կլինի, բայց կպատրաստվենք ամենայն լրջությամբ ու ջանասիրությամբ։ Իսկ ֆուտբոլային խաղի կանոնները շատ լավ օրինակ են, որ մեր ազգային հարցերն էլ նմանապես համախմբված առաջ տանենք։ Ինչպես ֆուտբոլում հաղթանակի հասնելու համար պետք է գործադրվեն անհատական ձիրքեր, կարողություններ՝ թիմային աշխատանքի հետ մեկտեղ, նույնն էլ պետք է կիրառենք մեր քաղաքական գործունեության մեջ։ Եվ մենք հաջողություններ կարձանագրենք, եթե յուրաքանչյուր հայի կարողություն գործի դնենք անհատական, և թիմային աշխատանքներում։ Ու ես կասեի, որ սա է նաև այս միջոցառման խորհուրդը մեզ՝ հայերիս համար։ Մարզադաշտերում և ամենուր մենք զգացինք ինչպես մեր տանը, ինչի համար հատուկ շնորհակալություն և խոնարհում Արցախի ժողովրդին։
Գաբրիել Ադամյան, արցախցի կամավոր.-CONIFA-2019 Եվրոպայի առաջնությունից ստացած տպավորություններս հիանալի են, մասնավորապես` աշխատելով և աջակցելով մասնակից թիմերի մարզիկների հետ, ապրել եմ կյանքիս ամենալավ պահերը։ Քանի որ ես սիրում եմ շփվելը, ընկերանալը, նոր կապեր ձևավորելը, ուրիշներին օգնելը, դժվար չէր ընդգրկվել կազմակերպական այս աշխատանքներին։ Միջոցառումների ընթացքում ձեռք եմ բերել բազմաթիվ ընկերներ, ծանոթացել տարբեր երկրների ներկայացուցիչների, մարզիկների հետ և այս ամենի շրջանակներում կրկին հպարտ եմ զգացել, որ հայ եմ և կարող եմ աջակցել իմ հայրենակիցներին։
Օլաֆ Ջենիսոն, CONIFA-ի Մեդիա թիմի աշխատող (Անգլիա).- Արցախը հրաշալի երկիր է, մարդիկ` շատ հյուրասեր ու գեղեցիկ։ Մինչ այստեղ գալն Անգլիայում մենք լրիվ ուրիշ կարծիք ունեինք Արցախի վերաբերյալ։ Մտածում էինք, որ այստեղ պատերազմ է, սակայն ականատես եղանք այլ իրականության։ Մենք պարզապես ապշած ենք ջերմ ընդունելությունից, ծրագրի կազմակերպման ձևաչափերից, առաջնության հանդիսավոր բացման շքեղ արարողությունից ու Արցախի տեսարժան վայրերից։ Ես կարծում եմ, որ ֆուտբոլը քաղաքականության հետ կապ չունի և Ադրբեջանն այդ առումով չի կարող խոչընդոտել այս և նման առաջնությունների կայացմանը։ Ֆուտբոլի միջոցով միավորվում են բոլոր ազգությունները, և նման միջոցառումների շնորհիվ հնարվորություն է ընձեռվում չճանաչված երկրների մարզիկներին ևս մրցապայքարի մղվել ու կայանալ սպորտում։ Տպավորված եմ Արցախի մարզադաշտերով, բնության հիասքանչ տեսարաններով և հատկապես շնորհակալ եմ կամավորներին` նվիրյալ աշխատանքի համար։ Նրանք շատ պատրաստակամ են, հյուրընկալ և ջանք ու եռանդ չեն խնայում ծագած հարցերը լուծելու համար։
Քրիս Դիլի (Անգլիա), գրող-լրագրող.- Որպես լոնդոնցի կարող եմ փաստել, որ արցախցիները շատ հյուրասեր են, ժպտադեմ, առատաձեռն, իսկ երկիրն ու քաղաքները` շատ մաքուր։ Ու եթե համեմատենք Եվրոպայի այս առաջնությունը Լոնդոնում կայացած նման մրցաշարերի հետ, կարող եմ հավաստել, որ Արցախում այս միջոցառումներն ավելի կազմակերպված են։ Կամավորներն ու ֆուտբոլի երկրպագուները շատ ջերմ էին վերաբերվում, մեզ համար նախատեսել էին հարմարավետ ավտոբուսներ և այլ անհրաժեշտ պայմաններ լիարժեք աշխատելու, ֆուտբոլային խաղեր դիտելու և մշակութային ծրագրերին մասնակցելու առումով։ Վերջերս ես հրապարակել եմ ՙՄոռացված ազգություններ՚ գիրքը, որտեղ ներկայացրել եմ անհավանական պատմություններ CONIFA-ի մրցաշարերին ընդգրկված հավաքականների, ֆուտբոլիստների մասին։ Միջազգային խաղերից դուրս մնացած ֆուտբոլիստների կյանքի պատմությունների և նրանց մարզական հաջողությունների միջոցով ես փաստեցի, որ CONIFA-ն հնարավորություն է տալիս նման մարզիկներին ևս հանդես գալ Եվրոպայի և աշխարհի առաջնություններում՝ արձանագրելով գեղեցիկ ու տպավորիչ խաղեր։ Ինչ վերաբերում է Արցախում կազմակերպված այս առաջնությանը, ապա կարող եմ վկայել, որ ամեն ինչ պարզապես հոյակապ է կազմակերպված։