Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՏԻԿԻՆԸ՝ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԵԾ ԱՇԽԱՐՀԻՑ…

«Բարի լուր» բերեցին՝ թե կա մի նվիրյալ մարզիչ  «ԼՂՀ կամավոր ֆիզկուլտուրայի մարզական կենտրոն» ՀԿ մանկապատանեկան մարզադպրոցում, որն արդեն 40 տարի սաներին սովորեցնում է սիրված մարզաձևերից մեկի՝ սեղանի թենիսի «լեզուն»… Մինչ կհանդիպեինք մարզիչ, սպորտի վարպետ Իրա Մարգարյանին, նախ ծանոթացանք նրա սաների հետ, որոնք շաբաթական 2 անգամ մարզադպրոց են հաճախում՝ իրենց փոքրիկ սրտի մեջ փայփայելով  ամենաբարձր պատվանդանին կանգնելու մեծ երազանքը:

Գոռը, Ալյոնան, Եվան, Աշոտը, Աննան, Էվան, Էլլան հերթով մոտենում ու խաղում են մարզչի հետ, ճտպտան ու անհամբեր փոքրիկներն այնպես են իրար հրմշտում, որ մարզիչը չնկատի, սակայն նրա մի հայացքը բավական է, որ փոքրիկ մարզիկներն զգաստանան… Խմբի ամենափոքրը՝ Էվան, տարիքին հատուկ անմիջականությամբ անկեղծանում է՝ ընկեր Մարգարյանին շատ ենք սիրում, թենիս խաղալն էլ ենք սիրում, բայց նա մեզ վրա ջղայնանում է, երբ ռակետկան /ձեռնաթիակ/ ճիշտ չենք բռնում… Երեխաների «լեզուն» հասկացող, նրանց մտքերը կարդացող, երիտասարդական ավյունով լեցուն, սպորտն իր համար Մեծ Աշխարհ դարձրած ընկեր Մարգարյանը մարզչական երկար ճանապարհ է անցել: Շուրջ 4 տասնամյակ է, ինչ ձեռնաթիակն ու թենիսի գնդակը նրա ձեռքին ու նրա շնորհիվ իրենց արհեստավարժ «պարն» են պարում՝ բերելով մեծ ու փոքր հաղթանակներ, ճանաչում ու հաջողություններ բերելով ոչ միայն իրեն, այլև իր բազմաթիվ մարզիկ-սաներին:

…Մարզիչ Իրա Մարգարյանի տոհմական արմատները սերում են Հադրութի շրջանի Մեծ Թաղեր ու Տող գյուղերից, սակայն ինքը ծնվել է Սումգայիթ քաղաքում, հետո հանգամանքների բերումով տեղափոխվել են Բաքու, որտեղ էլ ամուսնացել, ընտանիք է կազմել: Այդտեղ էլ նա կայացել է որպես մարզիկ ու մարզիչ: Արցախյան շարժման տարիներին ընտանիքով տեղափոխվել են Հայաստան՝ Կալինինո գյուղ, այնուհետև բնակություն են հաստատել Հրազդան քաղաքում, որտեղ նա 10 տարի դպրոցներից մեկում աշխատել է որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ՝ համատեղելով մարզչական աշխատանքի հետ, այդտեղ նաև Բաքվում կիսատ թողած ուսումն է շարունակել: Այդ տարիները նրա համար մայրենի լեզվի կատարելագործման տարիներ էին, որին նա հանգամանքների բերումով բացարձակապես չէր տիրապետում:

Սեղանի թենիսով հրապուրվել է 4-րդ դասարանում սովորելիս: Այդ տարիներին մարզաձևը մեծ տարածում չուներ, հետագայում այն սկսեց մասսայականություն վայելել: Տիկին Մարգարյանը մասնագիտության ընտրության ուղղորդման գործում երախտապարտ է իր մարզչին՝ Վլադիմիր Բաղրյանին: Հենց նրան է պարտական իր հաջողությունների համար, այդ նա է իր մոտ նկատել  հակումը մարզաձևի նկատմամբ ու քայլ առ քայլ ուղղորդել: Այսօրվա պես հիշում է՝ երբ իր ընկերները ամռանը հանգստանում էին, ինքը երեք ամիս շարունակ ամենօրյա պարապմունքների մեջ էր:

Ի. Մարգարյանի մարզական ընտանիքում սպորտի վարպետների պակաս չկա, որդին  վերջերս է այդ կոչմանն արժանացել, ամուսինը՝ Ալիկ Օգանեսովը, մարզաշխարհի նվիրյալ է արդեն գրեթե կես դար… Երբ Իրան իր առաջին քայլերն էր անում ինքնահաստատման ճանապարհին, Ալիկն արդեն անուն հանած, ճանաչված մարզիկ ու մարզիչ էր, վերհիշում է զրուցակիցս ու շիկնելով «մատնում» երիտասարդական տարիների իր զգացմունքները՝ այդ տարիներին ես նրա հետ Դուք-ով էի խոսում և առաջին բանը, որ նրա մոտ հավանել եմ՝ պրոֆեսիոնալ, ինքնատիպ, բոլորից տարբերվող խաղն էր: Այսօր էլ, երբ մեկ-մեկ փոքրիկ կանացիական կամակորություն է անում, ամուսինը հիշեցնում է՝ մոռացե՞լ ես՝ ո՞նց էիր հետս Դուք-ով խոսում:

Կրկին վերադառնալով այն երանելի տարիներին, երբ դեռևս շատ ջահել էին, Իրան հիշում է՝ իրենց հետ անհատական գրեթե չէին պարապում, նրանք առավել շատ սովորում էին մարզիչների և աչքի ընկնող մարզիկների խաղը դիտելիս, հիմա նրանք հնարավորություն ունեն յուրաքանչյուրի հետ սրտիդ ուզածի չափ անհատական պարապելու: Երբ Բաքվի թիմը գալիս էր Երևան մրցումների, ռուս մարզիչներն ասում էին՝ հիմա ո՞րն է ձեզնից հայկական թիմը… Բաքվի հայկական թիմը այդ մարզաձևում  բազմաթիվ չեմպիոններ է ունեցել: Զրուցակիցս հպարտությամբ է հիշում լուսահոգի մարզական դատավոր Ալեքսանդր Միրզոյանին, ում կողմից էլ հեռավոր 1975-ին ստացել է սպորտի վարպետի կոչումը:

Իր կյանքն իմաստավորած սպորտն այսօր էլ նրա համար առաջնային դիրքում է, նա երեք խմբերի հետ էլ պարապում է նույն ջանասիրությամբ,  փոքր ու մեծ հաջողությունները նրանց չեն շրջանցում, սաները բազմիցս համահայկական խաղերի չեմպիոնի կոչմանն են արժանացել և ոչ միայն:

Երբ զրույցի թեժ պահին, ասես թե իմիջիայլոց, ակնարկում եմ, որ տարին նրա համար հոբելյանական է, նա նախ զարմանում է՝ որտեղի՞ց գիտեք, ապա, խորը հոգոց անելով, ժպտում է՝ ինձ հոբելյան պետք չէ, ես խաղաղություն եմ ուզում՝ զավակներիս, թոռներիս ու իմ հարյուրավոր սաների համար… Մեր հոբելյարը միայն մեկ ցանկություն ունի՝ տեսնել հայրենի Մեծ Թաղերն ու Տողը ազատագրված, որ կրկին գնա ու գտնի իր մանկության տատ ու պապոտ արահետները, ետ բերի իր մոլոր մանկությունը ու հագուրդ տա իր Մեծ Կարոտներին…

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ