[ARM]     [RUS]     [ENG]

ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՆՈՐ, ՀԱՎԱԿՆՈՏ ԾՐԱԳՐԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

Նոյեմբերի 4-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանի հրավիրած մամուլի ասուլիսը նվիրված էր իր պաշտոնավարման 100-րդ օրվան։

Գերատեսչության ղեկավարը ողջույնի խոսքում կարևորեց լրատվամիջոցների հետ համագործակցությունը՝ ակնկալելով օպերատիվ, արդյունավետ աշխատանք, որը կնպաստի ոլորտում մի շարք խնդիրների լուծմանը և ընդհանրապես՝ հանրապետությունում գյուղատնտեսության զարգացմանը։ Ընդունված կարգի համաձայն՝ Ա. Մխոյանը նախ ներկայացրեց համակարգում առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծման ուղիները, ինչպես նաև՝ որդեգրած քաղաքականությունը, որով պետք է առաջնորդվեն ու իրականացնեն նախատեսվող բոլոր ծրագրերը, այնուհետև պատասխանեց լրագրողների հարցերին։ Ինչպե՞ս են ոլորտի պատասխանատուները պատկերացնում հիմնախնդիրների լուծումը։ Նախարարի խոսքով՝ պաշտոնավարման առաջին իսկ օրից նա առաջնորդվում է մեկ սկզբունքով՝ հնարավորինս խուսափել սխալներից, ամեն մի քայլում լինել զգուշավոր։ Իր իսկ հավաստմամբ՝ յոթն անգամ չափելուց հետո միայն պետք է կտրել։ Որոշակի ճկունություն է անհրաժեշտ գյուղատնտեսական նոր մշակաբույսեր, ժամանակակից տեխնոլոգիաներ ներդնելու համար։ Երբեմն հաջողությամբ սկսված ծրագիրն ընդհատվում կամ կորցնում է արդյունավետությունը՝ գործընթացը ձգելու կամ այլ խնդիրների առաջացման պատճառով։ Ուստի, պետք է ավելի ռացիոնալ օգտագործել հնարավորությունները՝ միջոցներն անխնա չվատնելու համար, ասաց նա։ Անշուշտ, վերջին մի քանի տարիներին գյուղատնտեսության ոլորտում բարեփոխումներ ու բազմաթիվ ծրագրեր են իրականացվել։ Նախարար Ա. Մխոյանը շուրջ 5-6 տարի է՝ այդ համակարգում է և քաջատեղյակ է կատարված բոլոր տեսակի աշխատանքներին։ Այս առումով նա ունի հիմնախնդիրների լուծման իր տեսլականը՝ ոլորտն ավելի զարգացած ու մրցունակ դարձնելու համար։ Հիրավի, մինչ այսօր ներդրվել են նորագույն տեխնոլոգիաներ, ցանվել նոր մշակաբույսեր, բայց եկել է մեկ այլ՝ նոր փուլի անցնելու ժամանակը։ Դա հիմնականում մշակաբույսերի ավելի գրագետ, խորացված ձևով ուսումնասիրության, դրանց հետ վարվելու մշակույթն է։ Անշուշտ, որոշ ֆերմերների մոտ հաջողություններ արձանագրվում են, բայց շատերը դեռ կաղում են, չեն կարողանում համապատասխան քանակության բերք ապահովել։ Այս առումով գերատեսչության անելիքը նրանց մասնագիտորեն կրթելն ու անհրաժեշտ գիտելիքներ ուսուցանելն է։ Լինել գյուղացու կողքին ոչ միայն մամուլի միջոցով ու տարբեր որոշումներ կայացնելով՝ այլ անմիջապես՝ կենդանի շփումով։ Գյուղոլորտի պատասխանատուներն ու համապատասխան մասնագետները հանձնարարականներ են ստացել՝ հաճախակի լինել շրջաններում ու համայնքներում, հողօգտագործողներին օգնել՝ շտկելու սխալները։ Միայն այս ձևով կհասնեն լուրջ արդյունքի։ Ըստ Ա. Մխոյանի՝ գյուղատնտեսության ոլորտում առկա գլխավոր խնդիրը ոռոգման համակարգի արդիականացումն է։ Ամռան տապին գյուղացիները մեծ խնդիրների առաջ են կանգնում այս համակարգի ոչ լիարժեք, ոչ արդիական լինելու պատճառով։ Եվ ահա այստեղ է, որ բարձր բերք ստանալու հույսը լքում է հողօգտագործողին։ Գյուղնախարարը որպես խնդրի լուծման տարբերակ է տեսնում առաջավոր երկրների փորձն ընդօրինակելը՝ կաթիլային ոռոգում, անձրևային համակարգերի ներդրում, նոր ջրամբարների ու պոմպակայանների կառուցում…Գյուղնախարարությանը տրամադրված միջոցների մեծ մասը, ինչպես ասաց գերատեսչության ղեկավարը, պատրաստ են ուղղել ոռոգման համակարգի ընդլայնմանն ու արդիականացմանը։ Դրանով թերևս կլուծվի ամենամեծ խնդիրը, և հողօգտագործողը կկարողանա ցանված մշակաբույսից պոտենցիալ բերք ստանալ։ Այսօր արտերկրից լավագույն որակի սերմ է ներկրվում, բայց հիմնականում ոռոգման համակարգի բացակայության պատճառով գյուղացին չի կարողանում նորմալ բերք ստանալ, ասաց Ա. Մխոյանը՝ նշելով, որ առկա մյուս խնդիրները դրա շարունակությունն են։ ՙՄենք պետք է մշտապես զարգացնենք ոչ միայն մեր գիտելիքները, այլև հնարավորություններն ու միջոցները,-շարունակեց նախարարը։- Ցորենից ու գարուց բացի, այսօր ունենք նոր մշակաբույսեր՝ սոյա, սորգո, արևածաղիկ, հլածուկ, կտավատ… Դրանց շարքը պետք է ընդլայնել, գտնել ավելի արդյունավետ տեսակներ, որոնք կլինեն մրցունակ ու տեղ կգտնեն մեր շուկայում՚։ Ի դեպ, ինչպես ասաց Ա. Մխոյանը, վնասված ջրամբարների վերակագնումն առաջիկա ծրագրերից է։ Ոլորտի ղեկավարը նպատակ ունի Արցախում զարգացնել այգեգործությունն ու պտղաբուծությունը։ Կան բազմաթիվ ծառատեսակներ, որոնք լայն տեղ են զբաղեցնում Հայաստանի և Ռուսասատնի շուկաներում, բայց մեր հանրապետությունում, չգիտես ինչու, չեն կիրառվում։ Այդ նպատակով լուրջ ուսումնասիրություններ են կատարվել և առաջիկայում Արցախում կզբաղվեն թզի, նուշի, պիստակենու և այլ մրգատու ծառատեսակների աճեցմամբ։ Գյուղատնտեսության զարգացման համար մեծ դեր ունի անասնապահությունը։ Սա այն ճյուղն է, որի վրա ուշադրություն դարձնելով՝ կապահովվի ագրոտեխնիկական աշխատանքների ավելի ընդգրկուն, համապարփակ վիճակ։ Այս նպատակով, ինչպես ասաց գերատեսչության ղեկավարը, նախատեսվում է զարգացնել տոհմային տնտեսությունները, ավելացնել անասունների գլխաքանակը։ Ցանկալի արդյունք ստանալու համար բազմազանություն է պետք՝ համոզված է գյուղնախարարը։ Ներկայում ծրագրեր են իրականացվում վերամշակողների համար. պետք է ստեղծել վերամշակման տարբեր ճյուղեր, որպեսզի գյուղացին կարողանա իր ստեղծած մթերքն այդ ճանապարհով հասցնել սպառողին, ասաց Ա. Մխոյանը։ Վերջին տարիներին Արցախի կառավարությունը վերամշակողներին ազատել է ավելացված արժեքի հարկից՝ արտադրությունն ընդլայնելու նպատակով։ Գյուղնախարարությունում մեծ ուշադրություն է դարձվում կադրային քաղաքականությանը։ Նախարարի մոտեցումն այս խնդրին խիստ է և անկողմնակալ. փորձում են ոլորտում ընդգրկել արհեստավարժ, գյուղատնտեսությանը քաջատեղյակ կադրերի, ովքեր կկարողանան օգնել լուծելու համակարգի առջև դրված խնդիրները։ Պետք է գնահատել մարդու գիտելիքներն ու կարողությունները և ոչ թե անձը, ասում է նա։ Առաջիկայում նոր, հավակնոտ ծրագրեր են սպասվում, որոնցից գլխավորը բամբակի մշակությունն է։ Նախարարի իրազեկմամբ՝ երեկ խումբ է մեկնել Արաքսի ափ՝ գեոդեզիական չափումներ անելու, հողատարածքները, պոմպակայանի շինարարության հնարավորություններն ուսումնասիրելու համար։ Հադրութի մոտակայքում շուրջ 5 հա տարածության վրա նախատեսված է կառուցել բամբակի վերամշակման արտադրամաս, որին կհաջորդի թել մանելու գործարանի կառուցումը։ Այդ ամենի բարեհաջող ընթացքից հետո նախատեսվում է ունենալ նաև կտորի արտադրման գործարան. վերջինս, հավանաբար, Ստեփանակերտում՝ աշխատատեղեր ապահովելու նպատակով։ Ծրագրի իրականացման արդյունքում, նվազագույն հաշվարկներով, շուրջ հազար (1000) աշխատատեղ է ապապհովվելու։ Գյուղնախարարն անդարդարձավ խոզաբուծության զարգացմանը։ Այդ կապակցությամբ առաջիկայում կկազմակերպվի մրցույթ, կուսումնասիրվեն ցանկացողների հնարավորությունները և օբյեկտիվ, անաչառ ձևով կընտրվեն թեկնածուները։ Ա. Մխոյանը չշրջանցեց նաև ձկնաբուծության ծրագիրը։ Առաջին փուլն ավարտված է, բեղմնավորման արդյունքում ստացված ձկնիկներն արդեն երկու շաբաթ է լողում են։ Այդ ծրագիրը, ըստ նախարարի, մեծ աջակցություն կլինի երկրի տնտեսությանը։ Մտահղացված շատ պրոյեկտներ կան, որոնք դեռ գաղափարներ են։ Մեծ ուշադրություն է դարձվելու մասնագետների գիտելիքների բարձրացմանը, որի ուղղությամբ արդեն իսկ երկու կարևոր քայլ է արվել։ Գերատեսչության աշխատանքային խումբը վերջերս եղել է Իրանի Իսլամական Հանրապետությունում, որտեղ ուսումնասիրվել են նոր պտղատեսակներ, ոռոգման նոր համակարգերը՝ փորձը Արցախ բերելու, մեր հողօգտագործողների շրջանում տարածելու համար։ Այդ նպատակով մոտ ժամանակներս կկազմակերպվեն սեմինարներ, որտեղ խմբի անդամները կպատմեն այն, ինչ տեսել են և արժանի է ընդօրինակման։ Հաջորդ խումբը կմեկնի Իսրայել, որտեղ կուսումնասիրեն կաթի վերամշակման տեխնոլոգիաները, քանզի ըստ Ա. Մխոյանի, կաթնամթերքների շուկայում խնդիրներ ունենք։ Գյուղնախարարությունում որոշ կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել. նախարարի խոսքով՝ ջրային տնտեսությունը, որ նախկինում գտնվում էր արտադրական ենթակառուցվածքների նախարարության կազմում, այժմ գործում է գյուղատնտեսության նախարարությունում։ Փոփոխություններ են նախատեսվում բուսաբուծության ոլորտում. այն կհզորացվի՝ նոր մասնագետներ ընդգրկելու միջոցով, ինչը թույլ կտա խուսափել սխալներից։

 Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ