[ARM]     [RUS]     [ENG]

2016-ին ՇՈՒՐՋ 800 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՏՆՏԵՍՈՒՄ ԿԼԻՆԻ

Գործադիրն իր վերջին նիստում, ինչպես նշել ենք, հավանության է արԺանացրել գլխավոր ֆինանսական փաստաթղթի՝ ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի մասին՚ ԼՂՀ օրենքի նախագիծը։

 Ըստ դրա՝ 2016թ. համախմբված բյուջեն եկամուտների գծով կկազմի ավելի քան 86 մլրդ 185 մլն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ներառյալ՝ ՀՀ¬ից ստացվող միջպետական վարկի գումարը։ Բյուջետային ծախսերը գալիք տարում կլինեն մոտ 88 մլրդ 946 մլն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), իսկ պակասորդը կկազմի 2 մլրդ 761,3 մլն դրամ։ Պետբյուջեի նախագիծը պլանավորում է նաև հանրապետության համայնքների բյուջեները, որոնք եկամուտների մասով կկազմեն 3 մլրդ 812,4 մլն դրամ (ներառյալ՝ պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները), իսկ ծախսերի մասով՝ 3մլրդ 812,4 մլն դրամ։ Ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը ըստ ոլորտների ներկայացրել է որոշ մանրամասներ՝ հատկանշելով հիմնական փոփոխությունները և ավելացումները գործող պետբյուջեի համեմատ։ Անդրադառնալով քննարկվող նախագծի տրամաբանությանն ու սկզբունքներին, վարչապետ Ա. Հարությունյանը նշել է, որ բարեփոխումների արդյունքում շուրջ 800 մլն դրամի տնտեսում է իրականացվել։ Կկրճատվեն կառավարման համակարգի ծախսերը, սպասվում են հաստիքների կրճատումներ։ Ա. Հարությունյանի խոսքով՝ բյուջետային համակարգում կրճատվել է 245 հաստիք, 96 մեքենա։ Մեքենաների կրճատումը շարունակվելու է, ինչը, նրա խոսքով, չի նշանակում, որ կառավարությունը դադարելու է մեքենա ձեռք բերել (2016-ին այդ նպատակի համար, համենայն դեպս, մեծ ծախս նախատեսված չէ)։ Նշվեց, որ միայն կառավարության աշխատակազմում և կադաստրի համակարգում 40 հաստիք է կրճատվել, ինչը թույլ է տվել տնտեսել մոտ 100 մլն դրամ, ֆինանսների և հարկային համակարգերում 63,5 հաստիքի կրճատման արդյունքում՝ 140-150 մլն դրամ։ Վարչապետն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ առողջապահության և կրթության, գիտության և սպորտի ոլորտներում ավելացումներ են կատարվել։ Առաջինում՝ շուրջ 200մլն դրամով։ Հատկացումները կնպատակաուղղվեն ոլորտի զարգացմանը, նոր սարքավորումների ձեռքբերմանն ու սպասարկմանը։ Ոլորտում առկա են մի շարք խնդիրներ՝ հատկապես կապված պետպատվերի շրջանակներում հանրապետության տարածքից դուրս բուժում ստացողների հետ։ Խնդրի լուծման համար մշակվել են մեխանիզմներ. կխստացվեն պետպատվերի տրամադրման կարգերը։ Եթե հիվանդը անպայման ցանկանում է բուժում ստանալ ԼՂՀ-ից դուրս, ստիպված կլինի անձամբ հոգալ բուժման ծախերը։ Կրթության, գիտության և սպորտի ոլորտին 400մլն դրամով ավելի հատկացում կտրամադրվի, կապված մի շարք նոր կրթական հաստատությունների բացման հետ։ Մոտ 900 աշակերտի ավելացում է արձանագրվել, և 2016¬ի բյուջեի աճը նաև պայմանավորված է դրանով։ Վարչապետը համոզմունք հայտնեց, որ հաջողվելու է 2016-ին ևս ապահովել տնտեսական աճի 8-10%¬ի մակարդակը՝ Նախագահ Բ. Սահակյանի նախընտրական ծրագրին համապատասխան։ Ա. Հարությույնանը նշեց, որ ընթացիկ տարին կամփոփվի ՀՆԱ-ի ավելի քան 8% աճով, շուրջ այդքան էլ նախատեսվում է 2016-ին։ Գործադիրի ղեկավարն անդրադարձավ տնտեսության զարգացման հեռանկարներին։ Նրա խոսքով, տնտեսությունը վերջին տարիներին դինամիկ զարգացում է ապրում. ասածը վարչապետը հիմնավորեց վիճակագրությամբ։ Գալիք տարում կանխատեսվում է շուրջ 236 միլիարդ դրամի ՀՆԱ (2010¬ին այն շուրջ 118 միլիարդ դրամ էր)։ 2007թ. պետական բյուջեի մուտքերը 13,8 մլրդ դրամ էին, 2011թ-ին՝ 23,8 մլրդ դրամ, 2014թ. 30 մլրդ-ից ավելի։ Առևտրաշրջանառության դինամիկան ևս դրական է. ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման ծավալների ավելացում կա։ Այսօրվա դրությամբ արտադրության ոլորտի շուրջ 206 հարկ վճարող կա, երբ դրանց թիվը նույն 2007-ին 2 անգամ քիչ էր։ Սեփական եկամուտների հավաքագրման քաղաքականության վերաբերյալ վարչապետը նշեց, որ ՓՄՁ սուբյեկտների նկատմամբ մեղմ հարկային քաղաքականություն է վարվելու, ինչի արդյունքում որոշակի չափով նվազելու են սեփական եկամուտների աճի տեմպերը։ Բայց, մյուս կողմից, մեծանալու են տնտեսության երկարաժամկետ զարգացման հնարավորւթյունները։ Վարչապետը ողջունելի է համարում ժողովրդագրական ցուցանիշների բարելավումը. 9 ամսվա կտրվածքով նախորդ տարվա համեմատ 9 տասնյակից ավելի ծնունդների աճ կա։ Ա. Հարությունյանը տնտեսական աճի ու բնակչության կենսամակարդակի բարձրացման վկայություն է համարում և այն, որ հանրապետություն ներմուծված մեքենաների քանակը մեծացել է։ Միայն 2014թ. ներմուծվել է ավելի քան 2000 մեքենա, այն դեպքում, երբ 2000-2007թթ. մոտ 500 մեքենա է ներմուծվել։ Շեշտվեց, որ դա այն պարագայում, երբ 2009թ.-ից այս կողմ տրանսպորտային միջոց ձեռք բերելու նպատակով բանկերի կողմից վարկավորում չի իրականացվում։ Ա. Հարությունյանը կանգ առավ 2016 թվականին նախանշվող՝ կառավարության մի քանի խոշոր ծրագրերի վրա, ինչպիսիք են բարձր լարման երկրորդ օդային գծի և հէկերի, սպորտդահլիճների, նախադեպը չունեցող ջրամբարի կառուցում և այլն։ Կան խնդիրներ, որոնց լուծման համար մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում, ասաց վարչապետը, պետք է այնպես անել, որ երկիրը ներդրումներ ունենա, իրականացվեն խոշոր նախագծեր, որոնք ևս կապահովեն տնտեսության զարգացումը։ 

Սրբուհի Վանյան