[ARM]     [RUS]     [ENG]

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը նոյեմբերի 24-ին աշխատանքային այցով եղավ Մարտունու տարածաշրջանում:

Սոսի, Վազգենաշենի, Նորշենի և Բերդաշենի տարածքներում կառուցվող ու վերանորոգվող արտեզյան ջրհորների աշխատանքների դիտարկումից զատ, նախարարը հանդիպեց հողօգտագործողների հետ, ուսումնասիրեց աշնանացանի ընթացքն ու հանդես եկավ անհրաժեշտ խորհրդատվությամբ: Տարածաշրջանի գյուղապետերի և հողօգտագործողների հետ հանդիպումների ընթացքում քննարկվեցին մկնանման կրծողների և այլ վնասատուների դեմ արդյունավետ պայքարի կազմակերպման, նոր մշակաբույսերի կիրառման, սև ցելի ու ոռոգման համակարգի արդիականացման հետ կապված հարցեր: Արամ Մխոյանը նշեց, որ նոր մշակաբույսեր կիրառող տնտեսվարողները պետության կողմից օժանդակություն կստանան: Հանդիպման վերջում նախարարն ու նրան ուղեկցող ԳՆ պատասխանատուները պատասխանեցին առաջադրված հարցերին։