[ARM]     [RUS]     [ENG]

110 ԿՎ ԼԱՐՄԱՆ ԳԻԾՆ ԱՐԴԵՆ ՍՊԱՌՈՂ ՈՒՆԻ

 Հանձնաժողովի հերթական նիստը

 ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը նոյեմբերի 25-ին կայացած իր նիստում հաստատեց ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ-ի կողմից վաճառվող էլեկտրաէներգիայի սակագինը՝ 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար` 36 դրամ կՎտ/ժ (ներառյալ ավելացված արժեքի հարկը): Որոշումը ուժի մեջ կմտնի 2016թ. հունվարի 1-ից: Հանձնաժողովի նախագահ Լևոն Մնացականյանը տեղեկացրեց, որ առաջին անգամ է 110 կՎ գծերից օգտվելու համար սակագին որոշվում, որովհետև մինչև հիմա սպառող չի եղել և արդեն կա` ի դեմս Կաշենի հանքավայրի: Հանձնաժողովի նախագահի իրազեկմամբ՝ այդ սակագինը համադրելի է ՀՀ-ում գործող համանման սակագնի հետ. այնտեղ գործում են գիշերային և ցերեկային սակագներ՝ համապատասխանաբար 33,28 և 37,28 դրամ` իսկ մեր հանրապետությունում 36 դրամ է` առանց գիշերային-ցերեկային տարբերակման: Քննարկեց նաև երկու հարց հեռահարղորդակցության ոլորտից: Ընդունվեց որոշում Ստեփանակերտ քաղաքի և միաժամանակ մեկ կամ մի քանի շրջանների տարածքում ընդհանուր ուղղվածության հեռուստածրագրերի կաբելային (լարային) հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթ հայտարարելու մասին: Նշվեց, որ ԼՂՀ-ում հեռուստատեսության և ռադիոյի ոլորտի զարգացման նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով համապատասխան օրենքի դրույթներով, համաձայն որի` ըստ անհրաժեշտության, տարին առնվազն մեկ անգամ հայտարարվում է մրցույթ, հանձնաժողովը տվյալ որոշմամբ առաջին անգամ հայտարարում է հեռուստածրագրերի ոչ թե եթերային, այլ կաբելային կամ լարային հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթ, որին կարող են մասնակցել իրավաբանական անձ հանդիսացող մասնավոր հեռուստաընկերությունները (հայտարարությունը կհրապարակվի ԶԼՄ-ներով): Նիստը բավարարեց ՙԲեյզ մեթըլս՚ ընկերության հայտը Վարդաձոր և Ճանկաթաղ համայնքների տարածքում շարժական ռադիոկապի ցանցի կազմակերպման նպատակով ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն ստանալուվերաբերյալ: Հաջորդ երեք հարցերը տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտից էին: Ներկայացվեցին բաժնի աշխատանքային ծրագրում ընդգրկված` առաջին անհրաժեշտության ապրանքների շուկաների ուսումնասիրությունների արդյունքները, որոնց թվում են ՙՈսպ՚, ՙԲրինձ՚, ՙՁեթ՚ ապրանքային շուկաները: Ուսումնասիրությունների նպատակն է ստուգել շուկայի կենտրոնացվածության աստիճանը, ապրանքատեսակային և աշխարհագրական սահմանները, ինչպես նաև գերիշխող դիրքի առկայությունը: Ուսումնասիրություններն իրականացվել են բնեղեն արտահայտությամբ` հիմք ընդունելով ձեռքբերման և իրացման ծավալները` 2014թ. հուլիսից ից մինչև 2015թ, հունիս ընկած ժամանակահատվածը: ՙՈսպ՚ և ՙԲրինձ՚ ապրանքային շուկաներում գործունեություն են ծավալել համապատասխանաբար 231 և 272 տնտեսավարող սուբյեկտներ, որոնք բոլորն էլ ներկրողներ են: Շուկայում առաջատար են ՙԿապիտալ՚, ՙՕկեան՚ ՍՊԸ-ները, ՙՆարեկ Ավանեսյան՚ անհատ ձեռնարկատերը, որոնք միասին ապահովում են շուկայի ընդհանուր ներմուծման ծավալի 30 %-ը :Նշված ապրանքային շուկաներն ունեն ցածր կենտրոնացվածություն, ոչ մեկը չունի գերիշխող դիրք : ՙՁեթ՚ ապրանքային շուկայում գործունեություն են ծավալել 315 տնտեսավարողող սուբյեկտներ, որոնցից առաջատար են ՙՌեյփսիդ՚, ՙԿապիտալ՚ և ՙՕկեան՚ ՍՊԸ-ները: Առաջինն իրականացնում է ձեթի արտադրություն և զբաղեցնում է շուկայի 48,8 %-ը, ինչի համար էլ համարվեց գերիշխող դիրք ունեցող (ըստ օրենքի տնտեսավարող սուբյեկտը գերիշխող է ճանաչվում, երբ զբաղեցնում է շուկայի առնվազն 1/4-ը): Նիստը հաստատեց հանձնաժողովի 2016թ. տարեկան գործունեության ծրագիրը: 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ