[ARM]     [RUS]     [ENG]

ԱԺ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՕՐԻՆԱԳԻԾԸ

Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ ԼՂՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էր ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովի նախագահ Ռ. Իսրայելյանը։

Նիստին, որին ներկա էին ԱԺ և կառավարության անդամները՝ օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարների գլխավորությամբ, քննարկվեց ՙԼՂՀ 2016թ. պետբյուջեի մասին՚ օրինագիծը, որ խորհրդարանում է նոյեմբերի 26-ից։ Այն արդեն ներկայացվել է խորհրդարան։ ԱԺ խոսնակ Ա. Ղուլյանը, խորհրդակցելով վարչապետ Ա. Հարությունյանի հետ, հաստատել է նախագծի քննարկման ժամանակացույցը։ Ֆինանսների նախարար Ս. Թևոսյանը համառոտ ներկայացրեց բյուջեի նախագծի ընդհանուր դրույթները՝ առավել մանրամասն ներկայացումը թողնելով ոլորտների ղեկավարներին։ Այսպես, 2016թ. երկրի ՀՆԱ-ն կկազմի 236,1մլրդ դրամ, ինչը 8%-ով ավելին է այս տարվա նույն ցուցանիշի սպասողականից։ Ընդհանուր համախմբված բյուջեի ցուցանիշը եկամուտների գծով 86մլրդ 185,5 մլն դրամ է, ծախսերը՝ 88մլրդ 946,8մլն դրամ։ 2016թ. 2 մլրդ 761մլն դրամ դեֆիցիտ է նախատեսվում։ Եկող տարի ակնկալվում է 37մլրդ 900 մլն դրամ սեփական եկամուտներ մուտքագրել, դրանցից 34,5 մլրդը՝ հարկային մուտքերի հաշվին։ Պայմանավորվածություն կա 2 մլրդ 400մլն դրամի պաշտոնական դրամաշնորհներ ևս ստանալ։ Հարկային եկամուտներ պլանավորելիս հաշվի են առնվել վերջերս հարկային ոլորտում իրականացված օրենսդրական փոփոխություները, որոնց համաձայն հարկվող օբյեկտների նկատմամբ բավականին մեղմ քաղաքականություն է վարվելու։ Արդյունքում, վարչապետի խոսքով, պետբյուջեն զրկվելու է ավելի քան 1 մլրդ դրամ եկամտից, բայց բարեփոխումները կոչված են հատկապես ՓՄՁ ոլորտում էական առաջընթաց արձանագրել։ Պետական բյուջեի ծախսերը կկազմեն 87մլրդ 928, 2մլն դրամ, որը 2015թ. բյուջեի նկատմամբ կաճի 0,8%-ով։ Աշխատավարձերի ֆոնդը ընթացիկ տարվանից ավելին է 263,3մլն դրամով։ Սա՝ այն դեպքում, երբ աշխատավարձերի բնականոն աճը՝ կապված քաղծառայողների և ուժային կառույցների աշխատողների աշխատավարձերի ամենամյա բարձրացումների հետ, կկազմի 390մլն դրամ։ Կառուցվածքային բարեփոխումների, օպտիմալացման արդյունքում մոտ 800մլն տնտեսում է կանխատեսվում։ Իրական հատվածում՝ գյուղատնտեսությանը եկող տարի գումարներ կհատկացվեն 1,6%-ով ավելի, քան այս տարի էր։ Պահպանվելու են Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հատկացումները՝ 820 մլն դրամի չափով, նախատեսվում է իրականացնել նոր ծրագրեր։ Ջրախնայողական տեխնոլոգիաների ներդրման համար կհատկացվի 160 մլն դրամ։ Գալիք տարում նույնպես բնակչությանը տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցում կլինի, այն կկազմի 2 մլրդ, 270մլն դրամ, ինչն ավելի քան 5%-ով ավելին է այս տարվա համար հատկացվածից։ Ավելացումը պայմանավորված է գնաճի պայմաններում բնակչության օգտագործած էլեկտրաէներգիայի սպառման աճով։ Սոցիալական հատվածին հատկացվող գումարը կազմում է բյուջեի շուրջ 25%-ը։ Եկող տարի այն կկազմի 21մլրդ 958մլն դրամ։ Այս ոլորտում նախատեսվում է 3-4 նոր ծրագիր։ Առողջապահության ոլորտի հատկացումները եկող տարի 5մլրդ 949,8մլն դրամ են լինելու, ինչը 3,5%-ով մեծ է այս տարվա հատկացումներից։ Ավելացվել է հիվանդանոցային բուժօգնության մեկ օրվա միջին գինը, գումարներ են նախատեսվել հանրապետությունից դուրս բուժվող հիվանդների ծախսերը փոխհատուցելու համար, անգիոգրաֆիկ ծառայությունների համար հատկացվելու է 209մլն դրամ։ Կրթության ոլորտի ծախսերը եկող տարի կկազմեն 13մլրդ 940մլն դրամ (3%-ով ավելի այս տարվանից)։ Ավելացումները հիմնականում նախադպրոցական նոր հիմնարկների, նոր դասարանների ձևավորման հետ են կապված, ինչպես նաև՝ Ագրարային համալսարանի Շուշի՝ նոր շենք տեղափոխվելու հետ։ Կփոխհատուցվեն ՊԲ սպաների և պահեստազորում գտնվող սպաների երեխաների ուսման ծախսերը։ Ինչպես արտահայտվեց Ս. Թևոսյանը, մոռացության չի տրվել և սպորտի բնագավառը։ Գումարներ կտրամադրվեն ՀՀ և միջազգաիյն մրցումներում մեր մարզիկների մասնակցության ապահովմանը։ Այդ գումարը 2016թ. բյուջեում կկազմի 70մլն դրամ։ Տեղական ինքնակառավարման մարմինների մասին խոսելով՝ ֆինանսների նախարարն ասաց, որ համայնքներում հավաքագրվում է 1մլրդ 18,6մլն դրամ։ Ծախսերը 3մլրդ 812,4 մլն են։ Տարբերությունը լրացվում է պետբյուջեից փոխհատուցման հաշվին։ Պետական կառավարման ապարատում կառուցվածքային բարեփոխումներ են կատարվում, արդյունքում շուրջ 800մլն դրամի կրճատում է իրականացվել։ Վերանայվում են կառավարման մարմինների կողմից ներկայացված հոդվածները. դրանց մի մասը կրճատվելու է (այդ հոդվածների մեջ են մտնում նաև տրանսպորտային որոշ ծախսեր)։ Կավելացվեն ՊԲ-ի հատկացումները՝ 400մլն դրամով։ Այլ ֆինանսական ռեսուրսների հաշվին կավելացվի ՊԲ շինարարական ծրագրերի գումարը։ Մշտական հանձնաժողովների համատեղ նիստը ակտիվ էր. հնչեցին հարցեր ու պատասխաններ, որոնց, ինչպես նաև 2016թ. պետբյուջեի խորհրդարանական քննարկումներին, որ տեղի են ունենալու տարբեր հանձնաժողովներում, կանդրադառնանք առաջիկայում։

Սրբուհի ՎԱՆՅԱՆ