ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՌԱՋԱԴՐԵՑԻՆ ԼՈՒՐՋ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼ ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ

 Դեկտեմբերի 9-ի երկրորդ կեսին ԼՂՀ Ազգային ժողովում 2016թ. բյուջեի նախագծի քննարկումները շարունակվեցին ՙԴաշնակցություն՚ խմբակցության ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում։

Այն վարում էր խմբակցության քարտուղար Ալյոշա Գաբրիելյանը։ Օրակարգում գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագծի քննարկումն էր, որին ներկա էր նաև ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը։ Դաշնակցության խմբակցության ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանին մտահոգում էր պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և գիտահետազոտական աշխատանքների ծրագրերի խիստ կրճատումը։ Այդ առումով անցած տարի հատկացվել է 187մլն դրամ, իսկ 2016-ին՝ 100մլն։ Այն դեպքում, երբ ՀՀ-ում միայն պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական աշխատանքների մասով 25 հազար հուշարձանի համար տրամադրվել է 101մլն դրամ, իսկ այդ ընդհանուր աշխատանքներին նախատեսվել՝ 469մլն դրամ։ Ս. Թևոսյանի պարզաբանմամբ՝ գումարները հատկացվել են հնարավորության սահմաններում, ու եթե 2009թ. այդ նպատակով երկու անգամ ավելի գումար է տրամադրվել, ապա այս տարի բյուջեով գումարները հատկացվել են կենսական նշանակության առաջնահերթ ծրագրերին, մասնավորապես՝ սոցիալականին։ Լ.Հովհաննիսյանի տեղեկություններով՝ կան ծրագրեր, որոնք պարզապես դուրս են մնացել, հատկապես հուշարձանների պետական ցուցակների ճշտման աշխատանքները. ներկայումս հուշարձանների ամբողջական ցուցակը կազմված չէ։ Նա բարձրացրեց նաև Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքի ջրամատակարման խնդիրը և առաջարկեց այս տարվա կապիտալ շինարարության ծրագրում ընդգրկել դրա լուծման նախագիծը։ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանն իր հերթին նշեց, որ ցանկալի կլիներ ամեն տարվա 9% տնտեսական աճի ապահովման հետ ավելանան նաև եկամուտները։ Գյուղատնտեսությունում ներդրվել են ահռելի գումարներ, բայց ստացված արդյունքները բավարար չեն։ Վ. Բալայանի կարծիքով՝ գյուղատնտեսության վարման քաղաքականությունը պետք է արմատապես փոխվի, այսինքն՝ պետք է քայլեր ձեռնարկել խոշոր շահութաբեր գյուղացիական տնտեսություններ ունենալու համար։ Ամեն տարի կառավարության կողմից ներկայացված բյուջեի նախագծում նշվում է նաև, որ միջոցներ կձեռնարկվեն գյուղական համայնքներում մասնատված գյուղացիական տնտեսությունների խոշորացման ուղղությամբ, սակայն գործնականում այս մասով օրինակներ չկան։ Ս. Թևոսյանն առաջարկեց գյուղատնտեսական աշխատանքների վերաբերյալ կազմակերպել ոլորտի մասնագետների խորհրդատվական լսումներ։ Այստեղ պատասխանատվություն պետք է կրեն ոլորտի բոլոր աշխատողները։ Իսկ կառվարությունն էլ իր հերթին գումարներ հատկացնելով, տարվա ընթացքում հարցեր է բարձրացնում գյուղատնտեսությամբ զբաղվողների հետ, հավաքագրում տվյալներ և կայացնում վերջնական որոշումներ։ Վ. Բալայանն անդրադարձավ նաև գյուղատնտեսության զարգացման գործում ռազմավարական նշանակություն ունեցող արտադրությամբ զբաղվող ՓՄՁ սուբյեկտների աջակցության համար տրվող գումարի նպատակաուղղվածության հարցերին, վերաբնակեցմանն ուղղված ծրագրերին, ինչպես նաև արտաքին ապրանքաշրջանառության ոլորտում արտասահմանյան երկրների հետ ունեցած կապերին։ Ֆինանսների նախարարը տեղեկացրեց, որ էկոնոմիկայի նախարարությունում արդեն կա բաժին, որը զբաղվում է զուտ արտաքին շուկաների որոնման և տեղական արտադրանքի արտահանման հարցերով։ Բացի դրանից, խոսք գնաց նաև տարբեր ոլորտներում ներդնող անձանց մասին, ովքեր պարզապես չեն ուզում բարձրաձայնել իրենց անունները։ Օտարերկրյա ներդնողների հետ բավականին լայնածավալ աշխատանքներ է տանում Ռուբեն Վարդանյանը։ Վ. Բալայանը բարձրացրեց նաև էներգետիկայի ոլորտի խնդիրները, որտեղ կորուստները կազմում են 15%։ Ս. Թևոսյանը պարզաբանեց, որ այդ ուղղությամբ տարվել են աշխատանքներ, ինչի արդյունքում մինչ այդ եղած 30-40% կորուստը հասցվել է 15%-ի։ ՙԴաշնակցություն՚ խմբակցության ներկայացուցիչ Արմեն Սարգսյանը խոսեց ՓՄՁ սուբյեկտներին տրվող արտոնություններից, տեղական արտադրանքի ներմուծման փոխանակման խթանման, գյուղական միջավայրում երիտասարդ ընտանիքների կիսավեր տների վերանորոգման, հանքարդյունաբերության և օգտակար հանածոների ռեսուրսների ճիշտ բաշխման ծրագրերից։ Ա. Սարգսյանի կարծիքով՝ կառավարությունը հանքարդյունաբերության ուղղությամբ պետք է առավել լուրջ վերահսկողություն ունենա և բարձրացնի հարկերը, կատարելագործի օրենսդրական դաշտը։ Ֆինանսների նախարարը հավաստեց, որ այդ ուղղությամբ արդեն նախանշված են աշխատանքներ և կլինեն փոփոխություններ։ Պատգամավոր Ռիտա Մնացականյանի հարցերը վերաբերում էին սոցիալական ոլորտին, մասնավորապես՝ սոցիալապես անապահով քաղաքացիներին տրվող նյութական օգնության ծախսերի մակարդակի պահպանմանը, և առաջարկեց այդ հոդվածով նախատեսված ծախսերը բարձրացնել հնարավորության սահմաններում։ Բացի դրանից, նա առաջարկեց նպաստ սահմանել չաշխատող կամ նվազագույն աշախտավարձ ստացող հղի կանանց համար՝ մինչև նրանց երեխայի կերակրման որոշակի ժամանակահատվածը։ Ռ. Մնացականյանը բարձրացրեց նաև Արցախյան պատերազմում զոհված և հետմահու ՙՄարտական խաչ՚ առաջին աստիճանի շքանշանով պարգևատրված ազատամարտիկների այրիների պահանջը՝ ստանալ համապատասխան պատվովճար։Համաձայն կարգի՝ նշված շքանշանին արժանացած ազատամարտիկները ստանում են 9 հազար դրամ։ Ներկաները վրդովմունք հայտնեցին այդ բացթողման համար և պահանջեցին հարցին շուտափույթ լուծում տալ։ Այս և մյուս հարցերը պատգամավորները պարտավորվեցին գրավոր ներկայացնել ԼՂՀ ֆինանսների նախարարին։ ՙԼՂՀ 2016թ. պետական բյուջեի մասին՚ ԼՂՀ օրենքի նախագծի մասին խմբակցություններում քննարկումները եզրափակվեցին ՙՎերածնունդ՚ խմբակցության ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստով, որը վարում էր խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը։ Պատգամավորի առաջադրած հարցերը վերաբերում էին տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսավորմանը, առողջապահության ու մշակույթի ոլորտներին։

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ