[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՂԹԱՆՔԸ` ԱՂՈԹՔԻ ՆՄԱՆ

Այսօր Ստեփանակերտում շատ ընտանիքներ գյուղի թոնրահաց են օգտագործում:

Իհարկե, այն միշտ էլ հարգի է եղել, բայց քաղաքաբնակներն այդ հաճույքը ստանալու հնարավորություն առավելապես ստացել են վերջին տարիներին, երբ գյուղի կանայք սկսել են շուկա հանել ջրաղացի ալյուրով թոնրահացը: Հացավաճառներից մեկն էլ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի բնակչուհի Իդա Գաբրիելյանն է: Մայրաքաղաքի շուկայում գնորդները նրան սպասում են շաբաթը երկու անգամ` չորեքշաբթի և կիրակի օրերին: Առավոտյան ժամը 8-ից նրա մշտական վաճառասեղանին իրար վրա դարսվում են երեք տեսակի հաց` սպիտակ, սև և եգիպտացորենի ալյուրից թխած` ամեն անգամ 200 հատ: Իդայի մշտական հաճախորդները գնում են այնքան հաց, ինչքան կհերիքի մինչև նրա հաջորդ շուկա գալը: Թոնրահացի կողքին շարված կտեսնեք նաև մուրաբաներ, թթի, խաղողի, սալորի, շլորի օղիներ, կաթ, պանիր, փոխինձ, դոշաբ, թթուներ, խոզի աղ դրած տոտիկներ, կաշի, հավ, բադ, ձու և գյուղական այլ մթերքներ: Դրանց մեծ մասը Իդան բերում է պատվերով. ով մեկ անգամ համտեսում է` դառնում է նրա մշտական հաճախորդը: Կես ժամ կողքից հետևելով՝ կհասկանաս, թե ովքեր են նրա հաճախորդները: Թաղավարդցի կնոջ ստեղծած բարիքները հասնում են Երևան, մինչև անգամ` Ռուսաստան, էլ չենք ասում, որ Ստեփանակերտում, Շուշիում որոշ ռեստորաններ պարբերաբար օգտվում են նրանից: Տեսնելով այդ ամենը՝ ակամայից մտածում ես, որ այդ առատությունը հնարավոր է ստեղծել միայն աշխատասեր, համերաշխ, կազմակերպված ընտանիքում: Մեծ չէ Իդա Գաբրիելյանի ընտանիքը. ինքն ու ամուսինը, տղան ու հարսը և երկու դպրոցահասակ թոռները: Նրանցից յուրաքանչյուրը գիտի իր անելիքը: Ամուսինը` Լենսերը, անասնապահ է, վաղ առավոտյան տնից դուրս է գալիս, երեկոյան մթին վերադառնում: Ունեն 100 գլուխ ոչխար և 3 կով: Տղան` Արմենը, մեխանիզատոր է, վար ու ցանք է անում, 30 հա արտ է անում, մասնակցում նաև իրեն դիմած հողագործների աշխատանքին: Հարսը` Մինարան, տան գործերով է զբաղվում, օգնում սկեսրոջը հաց թխելիս: Իդայի ասելով` գործի մեծ մասը նա է անում: Մեծ տնտեսություն ունեն, պահում են 200 թև հավ, 100 թև բադ, 30 գլուխ խոզ, նաև մի քանի տեղ բանջարանոց ունեն: Իդան սկսել է շուկա գալ այն բանից հետո, երբ իրենց գյուղի հիվանդանոցը, որտեղ ինքն աշխատում էր, փակվեց, և ինքը մնաց անգործ: Սկզբում բանջարանոցի և այգու բարիքներն էր Ստեփանակերտի շուկա բերում և վաճառում, հետո կամաց-կամաց ընդարձակեց ապրանքատեսականին: Ոչխարի, խոզի միսը խանութներին են հանձնում, մնացածն ինքը շուկայում է իրացնում: Հացի գործով երկու տարի է, որ զբաղվում: Մինչև գիշերվա ժամը 4-ը հաց է թխում հարսի հետ, որպեսզի վաղ առավոտյան բերի Ստեփանակերտում վաճառի, իսկ ետկեսօրին վերադառնալով գյուղ` օրվա մնացած մասն անց է կացնում բանջարանոցներում: Եթե եղանակը լավ չի լինում, տանը երկանքն է գործի գցում, փոխինձ, ձավար անում, իհարկե, մինչ այդ ցորենը մաքրելուց, լվանալուց, չորացնելուց հետո: Չի թաքցնում, ամեն շուկա գալուց այնքան գումար է տանում տուն, ինչքան նրա մեկ ամսվա վաստակածն էր աշխատավայրում: Ստացած եկամուտով տեխնիկա են ձեռք բերել` տրակտոր, բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ, տունը ժամանակակից չափանիշներով վերանորոգել են, կահավորել: Իդան նաև երկու դուստր ունի, որոնք ամուսնացած են, մեկը Մեծ Թաղերում, մյուսը՝ հարևան Թաղավարդ Կալերում: ՙԱղջիկներս էլ ինձանից են ղոչաղ՚,- ասում է` օրինակ բերելով ավագին, ով այս տարի 500 լիտր դոշաբ է եփել: Իր ընտանիքից ոչ մեկը, անգամ երեխաները, չեն երազում քաղաքում ապրելու մասին: Մեր օրերում քիչ կգտնվեն մարդիկ, որոնք կասեն, որ պրոբլեմ ու պահանջ չունեն: Իդա Գաբրիելյանը դրանցից մեկն է: Եվ զարմանում է այն մարդկանց, հատկապես գյուղացիների վրա, որոնք ասում են, թե աշխատանք¬աշխատատեղ չկա: ՙԳյուղում ամեն ինչ էլ կա, գործ անող է պետք: Որ պատերի տակին չնստեն, զրույց չանեն, աշխատեն, ամեն ինչի էլ կհասնեն,-ասում է նա,- եթե անգամ այգի ու բոստան չմշակեն, մեր հանդերում ամեն ինչ կա` կարող են քաղել, տանել ծախել: Ով անի, Աստված նրան պարտք է՚: Տղան ու հարսը, այդ մեծ տնտեսությունն ունենալով հանդերձ, գնում են Քաշաթաղից սինդրիկ (կրմզուկ) քաղում, ինքն էլ թթու է դնում, էլի բերում շուկա: Իդա Գաբրիելյանն իրեն երջանիկ է զգում, որ շատ մարդկանց Ամանորի սեղանին նաև իր ընտանիքի ստեղծած բարիքներն են լինելու:

-Թող խաղաղություն լինի, առողջ լինենք, աշխատենք, բարիքներ ստեղծենք, թոնրահացի բուրմունքով մեր երկիրը լցնենք,- նրա մաղթանքն աղոթքի նման է հնչում:

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ