[ARM]     [RUS]     [ENG]

ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՄԱՏ՝ 3 ՏՈԿՈՍ ԳՆԱՆԿՈՒՄ

Նման ցուցանիշ է արձանագրել ՀԾՏՄԿ պետական հանձնաժողովը

 Ամանորյա եռուզեռի հետ անցյալում մնաց նաեւ առեւտրական կետերում տիրող աշխուժությունը: Հատկապես այդ օրերին հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետներն առավել աչալուրջ են եղել՝ կանխելու անբարեխիղճ մրցակցության եւ անհիմն գնաճի դեպքերը: Տոնական օրերի ավարտին վստահեցնում են՝ խախտումներ չեն գրանցվել: Փոխարենը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանձնաժողովի կողմից պարբերաբար դիտարկվող մի շարք ապրանքներ էժանացել են: Կամայական գնաճի կամ անբարեխիղճ մրցակցության փորձերն ավելի հավանական էին տոնական եռուզեռի ընթացքում: Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը հատկապես այդ օրերին է ավելացրել դիտանցումները: ՙՏոնական օրերին ալկոհոլային խմիչքների գնաճ ենք նկատել: Սակայն ուսումնասիրություները ցույց են տվել, որ այս դեպքում էլ խախտումներ չեն եղել՚,- մանրամասնում է Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ Սերգեյ Գրիգորյանը: Ըստ այս հանձնաժողովի դիտարկումների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գների առումով շահեկան դիրքերում ենք: Հանձնաժողովի կողմից 2015-ի ողջ ընթացքում դիտարկված մի շարք ապրանքատեսակների գներ նվազել են: ՙԸնդհանուր առմամբ, մեր դիտարկումները շուրջ 73 ապրանքատեսակ են ներառում: 73-ից 9-ի դեպքում գներն անփոփոխ են մնացել, 24-ի դեպքում աճել են եւ 40-ի դեպքում՝ նվազել՚,- ասվածը փաստերով հիմնավորում է Ս. Գրիգորյանը: Գրեթե անփոփոխ են մնացել հացի ու հացամթերքի, տեղական արտադրության կաթի եւ կաթնամթերքի գները: 41 տոկոսով սոխն էժանացել է, 28 տոկոսով՝ հնդկաձավարը, մոտ 20 տոկոսով՝ չեդեր պանիրը, 16 տոկոսով՝ շաքարավազը: Էժանացել են նաեւ բենզինը, ձուն, բուսական յուղը, մակարոնեղենը: Խոզի միսը մոտ 300 դրամով էժանացել է: Մոտ 19 տոկոսով օղին է թանկացել: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թանկացել են նաեւ երշիկի, կենդանական ծագման յուղի եւ ոչ ալկոհոլային խմիչքների որոշ տեսակներ, ինչպես նաեւ սեղմված գազը: Ընդհանուր առմամբ, հանձնաժողովի կողմից դիտարկվող 73 ապրանքատեսակների հաշվարկով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3 տոկոս գնանկում է արձանագրվել: Հանձնաժողովն ուսումնասիրել է ինչպես գնանկման, այնպես էլ գնաճի հիմքերը, վստահեցնում է բաժնի պետը։ ՙԳնանկման դեպքերի մեծ մասը պայմանավորված է նրանով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ամերիկյան դոլարի փոխարժեքը նվազել է մոտ 16 տոկոսով: Ներկրվող ապրաքատեսակների մասով թանկացումները պայմանավորված են եղել ՀՀ-ում տվյալ ապրանքների թանկացմամբ, իսկ տեղական որոշ արտադրատեսակներում գնաճը պայմանավորված է օգտագործվող հումքի թանկացմամբ: Հանձնաժողովը դրանք մանրամասն ուսումնասիրել է: Խախտումներ չեն եղել՚,- իրազեկում է Ս. Գրիգորյանը : Նախորդ տարվա ընթացքում անբարեխիղճ մրցակցության դեպքեր եւս հայտնաբերվել են: Խախտումները, սակայն, գների մասով չեն եղել, պարզաբանում է մեր զրուցակիցը։ Ըստ նրա՝ 2015-ի ընթացքում անբարեխիղճ մրցակցության դեպքերը հիմնականում կապված են եղել կեղծ ապրանքների շրջանառության եւ մոլորեցնող զեղչերի հետ: Հատկապես նման դեպքերի դեմ պայքարում հասարակության աջակցությունն ու ակտիվությունն են ակնկալում հանձնաժողովականները: 2015 թվականի նորույթներից մեկն էլ, ի դեպ, հասարակության հետ համագործակցելու նոր գործիքների կիրառումն էր հանձնաժողովի կողմից: ՙՀանձնաժողովի պաշտոնական կայքի եւ ֆեյսբուքյան էջի միջոցով մենք հրապարակում ենք Ստեփանակերտի 10 խոշոր խանութներում լայն սպառման շուրջ 20 ապրանքների գների մասով մեր մոնիթորինգների արդյունքները,- մանրամասնում է Սերգեյ Գրիգորյանը:- Դրանք բաց, բոլոր այցելուներին հասանելի տեղեկություններ են, որոնք սպառողներին թույլ կտան խանութների միջեւ ընտրություն կատարել եւ գումար խնայել՚: Ներկայացված աղյուսակներում կարմիրով նախորդ ստուգումից հետո թանկացած ապրանքատեսակներն են նշվում, կանաչով՝ նույն ժամանակահատվածում էժանացածները: Հանձնաժողովականներն ընդգծում են. այս նախաձեռնության արդյունավետությունը մեծապես կախված է նրանից, թե որքանով են դրանից ակտիվորեն օգտվում սպառողները: 

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ