[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ԵՎՍ ՄԵԿ ՓՈՔՐ ՀԷԿ

ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի՝ երեկ կայացած նիստը բավարարեց ՙԼև Էներջի՚ ՍՊԸ-ի հայտը՝ իրեն տրամադրված ՙԼև-1՚ փոքր հէկի կառուցման լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին և միաժամանակ՝ ՙԱրցախ Հէկ՚ ԲԲԸ-ի հայտը՝ նույն տարածքում, նույն տեխնիկատնտեսական ցուցանիշներով նույն հէկի կառուցման լիցենզիա ստանալու համար:

ՙԼև-1՚ փոքր հէկը նախատեսված է կառուցել Շահումյանի շրջանի Չափնի բնակավայրի մոտ՝ Թարթառ գետի Լև ձախակողմյա վտակի՝1448մ-ից 1308,5 մ գետահատվածքների միջև: Կայանը կունենա 7,27 մգՎտ հզորություն, տարեկան միջին էլեկտրաէներգիայի արտադրանքը կկազմի 37.435 մլն կՎտ/ժ: Հէկի կառուցման արժեքը կազմում է 3,9 մլրդ դրամ: Կառուցման ֆինանսական աղբյուրներն են ՙԱրցախ Հէկ՚ ԲԲԸ-ի սեփական միջոցները, բանկերից ստացված վարկերը։ Կառուցման լիցենզիայի ժամկետը մինչև 2017թ. նոյեմբերի 25-ն է: Հանձնաժողովը հաստատեց նաև լիցենզավորված գործունեության իրականացման պայմանները: Նիստի օրակարգի մյուս երկու հարցերը հեռահաղորդակցության ոլորտից էին: Ս. թ. հունվարի 18-ին ՙՂարաբաղ Տելեկոմ՚ ՓԲԸ-ն համապատասխան գրությամբ հանձնաժողովին տեղեկացրել էր այն մասին, որ հունվարի 20-ից կդադարեցնի ՙԳիշերային սակագնային պլանի՚ մատուցումը բաժանորդներին՝ շարժական հեռախոսակապի կանխավճարային համակարգի բաժանորդների կողմից չկիրառվելու և պահանջարկ չունենալու պատճառով։ Հանձնաժողովն ուժը կորցրած ճանաչեց ընկերության համապատասխան ծառայության մասին նախկինում ընդունած իր որոշումը: Որոշման գործողությունը տարածվում է հունվարի 20-ից ծագած իրավահարաբերությունների վրա: Հեռահաղորդակցության ոլորտից հանձնաժողովի ընդունած մյուս որոշման անհրաժեշտությունն առաջացել է ԼՂՀ կառավարության 2015թ. նոյեմբերի 2-ին ընդունած ՙԱրցատս՚ և ՙՍտեփանակերտի օդանավակայան՚ ՓԲԸ-ները միացման ձևով վերակազմակերպելու մասին համապատասխան որոշումից, ինչպես նաև ՙՍտեփանակերտի օդանավակայան՚ ՓԲԸ-ի կողմից ներկայացված համապատասխան գրությունից: Հանձնաժողովն ընդունեց որոշում ՙԱրցատս՚ ՓԲԸ-ին տրամադրված ռադիոհաճախականության օգտագործման թույլտվությունը ՙՍտեփանակերտի օդանավակայան՚ ընկերության անվամբ վերաձևակերպելու մասին: 

 Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ