[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՍՏԱՏՎԵՑԻՆ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐՆ ՈՒ ԳԵՐԱԿԱ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Երկրի ղեկավարը որոշ ոլորտներում առկա իրավիճակի վերաբերյալ հայտնեց իր դժգոհությունը

 Փետրվարի 2-ին տեղի ունեցավ ԼՂՀ կառավարության 2016թ. անդրանիկ նիստը, որը վարում էր Նախագահ Բակո Սահակյանը։ Նիստում ներկայացվեցին և հաստատվեցին ԼՂՀ կառավարության 2016թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին կառավարության որոշումը։ Նշենք, որ կառավարության գործունեության այս տարվա ծրագիրը պարունակում է 96 միջոցառում, որոնց մեծ մասը սոցիալական ուղղվածության են։ Ենթածրագրերի մեծ մասը հիմնականում ուղղված է սոցիալական, առողջապահական, կրթական, տնտեսության և բնապահպանության ոլորտների խնդիրների լուծմանը։ Ըստ կատարման ժամկետների՝ միջոցառումները հիմնականում ունեն եռամսյակային հավասարաչափ բաշխվածություն։ Նիստում հաստատվեց նաև բյուջեի հաշվին իրականացվող կապիտալ ներդրումների պետական պատվերը. 8 մլրդ 960 մլն 728 հազար դրամ։ Դրա զգալի մասն ուղղվելու է կապիտալ շինարարության ու վերանորոգման աշխատանքներին, ինչպես նաև հանրապետության շրջաններում աղետից տուժած բնակելի շենքերի ու հասարակական օբյեկտների վերականգնման համար շինանյութերի տրամադրմանը, Ստեփանակերտում իրականացվող ընթացիկ նորոգումներին, ԼՂՀ ՊԲ զորամասերի զորանոցներում ջեռուցման համակարգերի բարելավմանը։ Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի խոսքով՝ այն մշակվել է՝ հաշվի առնելով Նախագահի նախընտրական ծրագիրը, կառավարության գործունեության ծրագրով քաղաքաշինության ոլորտին առնչվող խնդիրները, ԱԺ քաղաքական ուժերի առաջարկություններն ու նախորդ տարիների միջնաժամկետ ծրագրերի դրույթները։ Ներկայացվեցին պետպատվերի հիմնական ուղղությունները։ Կապիտալ ներդրումների ծավալը 2016թ. ընդհանուր բյուջեում կկազմի 10,2%։ Գումարները կնպատակաուղղվեն փոխանցվող և տարաժամկետ վճարման կարգով իրականացվող օբյեկտներին, որոնք ընդհանուր ծրագրի ավելի քան 50%¬ն են կազմում։ Գերատեսչության ղեկավարը ներկայացրեց նաև հատկացման չափերն ըստ ոլորտների։ Կարևորելով կապիտալ շինարարության բնագավառը հանրապետության ընդհանուր զարգացման գործում՝ Բ. Սահակյանը պատասխանատուներից պահանջել է հետամուտ լինել աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու գործին։ Նախագահը հետաքրքրվեց մայրաքաղաքի շուրջօրյա ջրամատակարարման ծրագրի ընթացքով, շեշտելով, որ անհրաժեշտ է արագացնել դրա ավարտման տեմպերը։ Անդրադառնալով Այգեստանից մայրաքաղաք ջուրն ինքնահոս խողովակաշարով հասցնելու նախագծին, որով նույնպես հետաքրքրվեց Բ. Սահակյանը, քաղաքաշինության նախարարն ասաց, որ այն շուրջ 700 մլն դրամ արժողությամբ ծրագիր է, 530 մմ տրամաչափի 6 կմ-ոց խողովակաշար է պահանջում, ինչը պետք է ներմուծվի դրսից։ Հանրապետական ուռուցքաբանական դիսպանսերի կառուցման ընթացքի մասին մանրամասներ հաղորդելով՝ Կ. Շահրամանյանը նշեց, որ նկուղային հարկի վերահատակագծման առաջարկ կար, որը ներկայումս քննարկման փուլում է. նախագիծն արդեն պատրաստ է, որի համաձայն՝ նկուղային հարկում կլինեն ռեզերվային հիվանդասենյակներ։ Անհրաժեշտության դեպքում դրանք կօգտագործվեն Հանրապետական բժշկական կենտրոնի կողմից։ Օրակարգում ընդգրկված մի շարք հարցերի վերաբերյալ Նախագահ Բ. Սահակյանը որոշ գնահատականներ տվեց, ցավոք՝ ոչ դրական։ Դրանք առնչվում էին շինարարության և գյուղատնտեսության ոլորտներին։ Նախագահը մատնանշեց բազմիցս քննարկված շինարարության որակի մասին խնդիրը, ճարտարապետական կանոնների խախտման պարագան։ Ո՞րն է պատճառը, որ մատնանշված խնդիրներն այդպես էլ լուծում չեն ստանում, չնայած տարբեր մակարդակներով քննարկվում, պայմանավորվածություններ են ձեռք բերվում դրանց վերացման վերաբերյալ, մշակվում են մեխանիզմներ, ընդունվում առաջարկություններ։ Որտե՞ղ ենք թերանում, ինչու՞ չի փոխվում իրավիճակը, ո՞վ պետք է պատասխան տա. Բ. Սահակյանի հարցադրումներն ուղղված էին Կ. Շահրամանյանին և Ստեփանակերտի քաղաքապետ Ս. Գրիգորյանին։

Շինարարական թույլտվությունների, կառուցապատման նախագծերի պատասխանատուն քաղաքապետարանում գործող ճարտարապետական խորհուրդն է։ ՙՆման կառույցի գործունեությունը ողջունել չեմ կարող, քանի որ առաջին հերթին պատասխանատվության բացակայություն, անտարբերություն եմ տեսնում՚,¬ ասաց Բ. Սահակյանը։ Նման ակնհայտ թերացումները չվերացնելու միտումը միանշանակ անընդունելի է։ Սա Նախագահի դիտարկումն է. նա նման հարցերը շուտափույթ կարգավորելու հանձնարարական տվեց։ Կ. Շահրամանյանը նշեց, որ կա մասնագիտական ներուժի պակաս, իսկ կառուցապատման որոշումները հիմնականում կայացվում են համայնքային կենտրոններում։ Նախարարությունը համայնքների ղեկավարներին կոչ է անում, հորդորում, որ բոլոր նախագծերն անպայման համաձայնեցնեն ոլորտը կարգավորող գերատեսչության հետ։ Նախագահը վարչապետ Արայիկ Հարությունյանին հանձնարարեց լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել իրավիճակը շտկելու ուղղությամբ։ Սննդամթերքի անվտանգության ոլորտում ստեղծված իրավիճակից ևս Բ. Սահակյանն առանձնապես գոհ չէ։ Գյուղնախարար Արամ Մխոյանը կառավարության 2016թ. անդրանիկ նիստին ներկայացել է առաջարկությունների բավականին մեծ փաթեթով, որը պիտի կարգավորի հենց այդ ոլորտի հարաբերությունները։ Նա ներկայացրեց նաև 2016թ. նախատեսված գյուղատնտեսական ծրագրերն ու միջոցառումները։ Մատնանշելով սննդի անվտանգության ոլորտում առկա խնդիրները՝ Բ. Սահակյանը նույնիսկ չորրորդ իշխանության ներկայացուցիչներին ձայնի իրավունք տվեց՝ խնդրելով ներկայացնել սեփական դիտարկումներն ու գնահատականները։ Ոլորտում առկա թերացումների օրինակները քիչ չեն. լրագրողները հրամցրին նրանցից ամենաթարմը՝ հացի մեջ օտար մարմին գտնելու վերաբերյալ, որն արդեն հրապարակվել է։ Բ. Սահակյանն անթույլատրելի համարեց սպասարկման ոլորտի մի շարք օրինախախտումներ, հատկապես մսի, հացի վաճառակետերի սանիտարահիգիենիկ վիճակը և լրագրողներին էլ հորդորեց լինել ուշադիր ու հետևողական, չխուսափել կառուցողական քննադատությունից, փաստերը ներկայացնելուց մինչև խնդրի վերջնական լուծում։ Նախագահը նշեց, որ ոլորտի վիճակը շատ հեռու է պահանջվող նորմերից, ինչն անթույլատրելի է։ Երկրի ղեկավարը գյուղնախարարի ներկայացրած բոլոր առաջարկները տրամաբանական է համարում, բայց չի գտնում, որ այն իրականում կարող է կիրառելի լինել. մտավախություն կա, որ հետևողական չլինելու դեպքում այն կարող է վերածվել ձևական փաստաթղթի։ Դիմելով լրագրողներին՝ Բակո Սահակյանն ասաց, որ սննդի անվտանգությունն այն ոլորտն է, որտեղ բոլորը հավասար պատասխանտվություն ունեն, և հասարակությունը պետք է ներգրավված լինի այդ խնդիրների լուծմանը։ Թեման ծավալվեց, և ներկայացված փաստարկների մասին Նախագահը կարծիք հայտնեց, որ առևտուրը պետք է դիտարկվի որպես լուրջ մասնագիտություն, որի հիմունքներն ուսումնասիրելը, տեխնիկային տիրապետելը, որի մեջ հմտանալը պակաս կարևոր չեն։ Գյուղատնտեսության ոլորտի այլ խնդիրներ ևս բարձրացվեցին՝ կապված գյուղատնտեսական ծրագրերի արդյունավետության ցածր մակարդակի, դրա պատճառների ու հետևանքների հետ։ Ծրագրի պատասխանատուներին Բակո Սահակյանը հանձնարարեց լինել հետևողական, լրացուցիչ աշխատանք կատարել դրա արդյունավետությունն ապահովելու համար։ Արդարադատության ոլորտից օրակարգում երեք հարց կար, որոնցից 2-ով օրենսդրական փոփոխություններն էին առաջարկվում, իսկ երրորդով՝ կառավարության որոշման։ Հասարակական կազմակերպությունների մասին օրենքում փոփոխությունը հիմնավորվեց ՀԿ¬ների գործունեության ծավալման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ, ինչը պիտի կարգավորի դրանց անվանման գրանցման, հերթական ժողովի հրավիրման և փաստաթղթերի պահպանման հետ կապված հարաբերությունները, իսկ Քրեական օրենսգրքի մասով առաջարկվում է խստացնել անսթափ վիճակում ավտոմեքենա վարողների նկատմամբ տույժ-տուգանքները։ Էկոնոմիկայի նախարարությունը նույնպես հանդես եկավ օրենսդրական փոփոխությունների առաջարկով. ՙՀաստատագրված վճարների մասին՚ օրենքում բարեփոխումներն, ըստ նախարար Ա. Խաչատրյանի, նպատակաուղղված են համայնքները մայրաքաղաքին կապող երթուղիների սպասարկմամբ զբաղվող ընկերությունների հարկային բեռը թեթևացնելուն և այդ բիզնես-ուղղության գրավչության բարձրացմանը։ Այդ երթուղիների սպասարկումն անշահավետ է դիտարկվում՝ պայմանավորված ճանապարհների անբարեկարգ վիճակով և ուղևորահոսքի ցածր մակարդակով։ Կառավարությունը հաստատեց նաև ԼՂՀ տարածքից ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը։ Երկրի ղեկավարը հանձնարարեց հատուկ ուշադրություն դարձնել առավել ծանր երթուղիների (օրինակ՝ Ստեփանակերտ-Պյատիգորսկ) սպասարկման որակի բարձրացմանը՝ հաշվի առնելով ճանապարհի երկարությունը։ 

 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ