ՀԱՇՎԵՏՈՒ ԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ԿԵՆՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ ԵՆ
Փետրվարի առաջին օրերին Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևի գրեթե բոլոր համայնքներում, բացառությամբ Աղավնոյի հովտի Ծիծեռնավանքի, Մոշաթաղի և Միրիկի, ավարտվեց ղեկավարների հաշվետվությունների ներկայացումը:
Ծոբաձոր համայնքն ընկած է Ծավ գետի աջ ափին, ընդգրկում է Ծոբաձոր և Որդուակ գյուղերը: 2 բնակավայրում 17 ընտանիք է բնակվում՝ 43 բնակչով, որից 14-ը երեխաներ են: Գյուղի դպրոցը գործում է 2010 թվականից և ունի 7 աշակերտ: Համայնքի ղեկավար Կարեն Վարդանյանի ներկայացմամբ` բյուջեն կազմում է մոտ վեց միլիոն դրամ, որն առաջանում է հիմնականում սեփական եկամուտներից: Հաշվետու տարում կայացել է ավագանու 6 նիստ: Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն է և անասնապահությունը: Անցած տարում բնակիչները մշակել են մոտ 20հա բանջարանոց, իսկ աշնանը կատարել 30հա հացահատիկի ցանքս: Համայնքի վարելահողերի հիմնական մասը տրված է վարձակալության: Անցած աշնանը վարձակալների կողմից կատարվել է 286հա հացահատիկի (ցորեն ու գարի) ցանքս: Վարձակալության է տրված նաև 1348հա արոտավայր: Տարածքում է ՙՎաՄաքս՚ ընկերությանը պատկանող անասնապահական տնտեսությունը: Անցած տարի որոշակի աշխատանքներ են տարվել բնակարանաշինության ոլորտում, կարգավորվել է փողոցային լուսավորությունը, դպրոցի բակում կանգնեցվել է Հայոց մեծ եղեռնի 100¬րդ տարելիցին նվիրված խաչ-հուշարձան: Համայնքի ղեկավարն ու բնակիչները ներկայացրին մեկ տասնյակից ավելի խնդիրներ, որոնք խոչընդոտում են Ծոբաձորի զարգացմանը: Գյուղը չունի համայնքապետարան ու բուժկետ, բնակարանաշինության համար անհրաժեշտ է շինանյութ, ներհամայնքային և Որդուակ մտնող ճանապարհները դժվարանցանելի են: Պետք է կարգավորվի խմելու և ոռոգման ջրի հարցը: Համայնքին հատկացված ՙՈՒԱԶ՚ մակնիշի մեքենան, որը հիմնականում ծառայում է դպրոցին, հին է: Տարածքի մեծ մասում ինտերնետային կապի և Արցախի հանրային հեռուստատեսության հեռարձակման խնդիր կա: Միջնավանի քաղաքային համայնքի ղեկավար Մանուկ Մկրտչյանի հաշվետվությանը ներկա էին նաև ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, այլ պաշտոնյաներ: Քաղաքի Գալինա Ստարովոյտովայի անվան միջնակարգ դպրոցը գործում է 1996 թվականից. արդեն 5 տարի է՝ հիմնանորոգման գործընթացում է, սակայն դեռևս մի շարք աշխատանքներ ավարտված չեն։ Կրթօջախում սովորում է 77 աշակերտ, աշխատում 20-ից ավելի ուսուցիչ: Համայնքն ունի 123 ընտանիք՝ 469 շնչով: Հաշվետու տարում այստեղ վերաբնակեցվել է 6 ընտանիք՝ 26 շնչով, ծնվել է 9 երեխա: Բյուջեն կազմում է 12. 716.000 դրամ, փաստացի եկամուտները կազմել են 9,9 մլն դրամ: Այստեղ հիմնականում զբաղվում են հողագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ: 2015-ին քաղաքում իրականացվել են մի շարք աշխատանքներ. 35 ընտանիքի ԼՂՀ կառավարության և Քաշաթաղի շրջվարչակազմի կողմից հատկացվել է շինանյութ, կարգավորվել է ոռոգման ջրատարի հիմնական հատվածը, կատարվել են շաբաթօրյակներ, այլ աշխատանքներ: Բնակչությանը հուզող խնդիրներից առաջնայինը խմելու ջրի բացակայությունն է, քաղաքապետարանի շենքը նորոգման կարիք ունի, այստեղ գործող բուժկետում պակասում է գույքը, անհրաժեշտ է բժիշկ: Ողջի գետի ստորին հոսանքի բնակավայրերը՝ Կովսական, Միջնավան, Վան, Մուշ, Ալաշկերտ, ունեն էլեկտրական հոսանքի կարգավորման խնդիր: Կարևորվեց տարածքից Բերձոր, ապա Ստեփանակերտ մեկնող ուղևորատար ավտոբուսի ուղերթի կանոնավորումը: Չնայած հատկացված շինանյութին, կան ընտանիքներ, որոնք դեռևս չեն ստացել: Այս և այլ խնդիրներ արձանագրվեցին պետական այրերի կողմից, եղան պարզաբանումներ, առաջարկներ: Փետրվարի 8-9-ին հաշվետվությամբ հանդես եկան նաև Վան, Ալաշկերտ, Մուշ, Երիցվանք գյուղական և Կովսականի քաղաքային համայնքների ղեկավարները: Նշված համայնքներում հիմնականում զբաղվում են հողագործությամբ, այգեգործությամբ: Անասնապահությունը, համեմատած հյուսիսային համայնքների, թույլ է զարգացած: Խնդիրները գրեթե նույնն են՝ բնակարանաշինություն, ամենակարևորը՝ խմելու ջրատարի նորոգում, որոշ հատվածներում՝ ոռոգման ջրատարների մաքրում և այլն: Վանի գյուղապետ Էդիկ Մարկոսյանի ներկայացմամբ` գյուղն ունի 30 տնտեսություն՝ 128 շնչով: 34 աշակերտ ունեցող դպրոցը գործում է երկհարկանի տիպային շենքում, որի տանիքը նորոգման կարիք ունի: Համայնքի վարելահողերը հիմնականում տրված են վարձակալության սիրիահայերին: Աշնանը կատարվել է 200հա ցորենի և 230հա գարու ցանքս, որից միայն 30 հեկտարն են համայնքի բնակիչները ցանել: 2015¬ին տարածքում բռնկված հրդեհների պատճառով վառվեց համայնքի խոտհարքերի մեծ մասը, որի պատճառով բնակիչները պակասեցրին խոշոր եղջերավորների գլխաքանակը 50-ով: Մուշ համայնքը հիմնադրվել է 1998թ., ունի 250հա անջրդի և 100հա ջրովի վարելահող, 1000հա արոտավայր: Կա գյուղապետարան, բուժկետ, որը, սակայն, չունի գույք: Համայնքում բնակվում է 28 ընտանիք՝ 109 շնչով: 23 երեխա հաճախում է հարևան Ալաշկերտի միջնակարգ դպրոց: Համայնքի ղեկավար Պետրոս Ավետիսյանը ներկայացրեց. 2015-ին համայնքային բյուջեն կազմել է 9.380.200 դրամ, որից սեփական եկամուտներ՝ 1.174.000: Հաշվետու տարում երկու ընտանիք ստացել է շինանյութ, իսկ երեք ընտանիք դեռ սպասում է: 2015-ին հնձվել է 130հա հացահատիկի արտ (30հա գարի, 100հա ցորեն), իսկ 40հա այրվել է: Մշակվել է 30հա ձմերուկ, 10հա բանջարեղեն. ստացված 1000տ ձմերուկից վաճառվել է 200տ՝ կիլոգրամը 20-30 դրամ արժեքով, իսկ մնացածը չիրացման պատճառով փչացել է: Անցած աշնանը կատարվել է 150հա ցորենի և 100հա գարու ցանքս: Բնակիչներին հուզող խնդիրներից է գյուղի՝ Ողջիի վրա գտնվող կամրջի նորոգումը, քանի որ գետի մյուս ափին են գտնվում համայնքի արոտավայրերն ու խոտհարքերը: Ալաշկերտի գյուղական համայնքի ղեկավար Բագրատ Նավասարդյանի խոսքերով` այժմ գյուղն ունի 123 բնակիչ: 2015-ին բնակչության թիվն ավելացել է 7 նորածիններով: Համայնքի բյուջեն ձևավորվում է հիմնականում պետական դոտացիայով (մոտ 4,6մլն դրամ), սեփական եկամուտները՝ 1. 259. 400 դրամ: Միջնակարգ դպրոցում սովորում է 39 աշակերտ: Ալաշկերտում ևս անցած տարի կատարվել են փողոցների լուսավորման, շինանյութերի հատկացման, ճանապարհների բարեկարգման և այլ աշխատանքներ: Գյուղի բարձրադիր մասում տեղադրվել է Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված խաչ-կոթող: Համայնքի 270հա անջրդի վարելահողերում Կապանի ՙՎաՄաքս՚ ընկերությունը վարձակալել է 162հա տարածք, գյուղի բնակիչները կատարել են մոտ 73հա աշնանացան և տնկել մոտ 1հա այգի: ՙՔաշաթաղի ջրամատակարարում՚ ընկերության կողմից մաքրվել է մոտ 6 կմ ոռոգման ջրատար: Ալաշկերտի բնակչությանը հուզող թիվ 1 խնդիրը դպրոցի շենքի վթարային վիճակն է: 2 մասնաշենքում գործող կրթօջախը ծառայում է նաև Մուշ համայնքին: Տնօրեն Լիանա Հակոբյանը տեղեկացրեց, որ կրթօջախում սովորում է 39 աշակերտ, աշխատում 19 ուսուցիչ: Տարրական օղակում գործում է 4 դասարան՝ 20 աշակերտով: Սեպտեմբերին աշակերտների թիվը կհամալրվի 6 երեխայով: Շենքի պատերը ճաք են տվել՝ ստեղծելով վտանգավոր վիճակ: Բնակիչներն ու համայնքի ղեկավարը խնդրեցին կարգավորել հարցը: Կարևորվեցին նաև շինանյութի հատկացումը, բնակարանների սեփականաշնորհումը, խմելու ջրատարի նորոգումը և այլն:
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ ք. Բերձոր