[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂԻՆ ՕԳՆՈՂ ՀՈՒՍԱԼԻ ՕՂԱԿ

Հադրութի շրջանում գյուղատնտեսության ոլորտում առկա  հաջողությունները պայմանավորված են պետական աջակցությամբ:

Այդ առումով անգնահատելի է ԼՂՀ  գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի  (ԳԳԱՀ) դերը: Հիմնադրամի և   հողօգտագործողների հետ կապի ամրապնդման առումով շրջանում արդեն վեց տարուց ավել է,  ինչ գործում է Հադրութի ստորաբաժանումը: 

Ինչպես նշեց ստորաբաժանման ղեկավար Ռոբերտ Հայրապետյանը, շրջանի  հողագործության զարգացմանն ուղղված աջակցության ծրագրերի շրջանակներում 2015թ. տրամադրվել է 41 մլն 638 հազար դրամի փոխառություն, անասնապահության զարգացմանն ուղղված աջակցության ծրագրով՝ 103մլն 500 հազար դրամ, մատուցվող գյուղատնտեսական մեքենայացված ծառայությունների արդյունավետության բարձրացմանն ուղղված աջակցության ծրագրերով՝ 39մլն 200 հազար դրամ: 2016թ.  բերքի տակ աշնանացան կատարելու նպատակով շրջանի հողօգտագործողներին շուկայականից ցածր գներով տրամադրվել է 159 տոննա 240 լիտր դիզվառելիք: 

Ստորաբաժանումն  աշխատանքները կազմակերպում է՝ ելնելով Հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված իր գործառույթներից: Գյուղաջակցությունների և վարկերի  տրամադրման գործընթացում   ստորաբաժանումն իրականացնում է  ներկայացված գործարար ծրագրերի  և  գործունեության վայրերի ուսումնասիրություն, կազմում համապատասխան ակտեր, որոնց  հիման վրա էլ տրամադրվում են երաշխավորագրեր: Բացի այդ, ստորաբաժանումը Հիմնադրամի  համապատասխան բաժինների  հետ համատեղ իրականացնում է նաև վերահսկողական, խորհրդատվական, տեղեկատվական, ինչպես նաև հողօգտագործողների ֆինանսական պարտավորությունների կատարմանն ուղղված մի շարք իրավակազմակերպական միջոցառումներ: Շրջանի հողօգտագործողների և գյուղատնտեսությամբ զբաղվող  ցանկացած սուբյեկտի ներկայացրած դիմումներն այս կամ այն աջակցության հարցերով  ստորաբաժանման կողմից պատշաճ ուշադրության են արժանանում և օպերատիվ  կերպով ներկայացվում Հիմնադրամ՝ համապատասխան ընթացքավորման  համար: Վիճակագրական տվյալների համաձայն, տարեցտարի  մեր հողօգտագործողներն ավելի մեծ ծավալներով են զբաղվում երկրագործությամբ, նշեց Ռ. Հայրապետյանը: Այսօր հողօգտագործողը հողի մշակության նկատմամբ արմատապես փոխել է իր վերաբերմունքը: Հողօգտագործողներն սկսել են  կիրառել երկրագործության ամենահիմնարար սկզբունքները, որոնք ներառում են ցանքաշրջանառությունը, ցանքսերի ճշգրիտ խնամքն ու պարարտացումը, վնասատուների և մոլախոտերի դեմ  արդյունավետ պայքարը: Այդ նպատակով շրջանին հատկացվել են 350 կգ ցինկի ֆոսֆիդ, 100լիտր իգոցի, 200 լիտր բրեդիֆակում, 350 լիտր ձեթ: Այսօր Հիմնադրամն ունի լայն  հնարավորություններ  հողօգտագործողներին տրամադրելու ազոտական, կալիումական, ֆոսֆորական պարարտանյութեր, հերբիցիդներ, որոնք հնարավորություն կտան ստանալու ավելի բարձր բերք: Այն հարցին, թե Հիմնադրամի կողմից տրամադրված  վարկերը մարելու ուղղությամբ ինչ աշխատանքներ  են տարվում, ստորաբաժանման ղեկավարը  նշեց, որ վերջին 10 տարում սերմի, աշնանացանի, պարարտանյութերի, դիզվառելիքի, տեխնիկայի վերանորոգման և ձեռքբերման, անասնավարկի համար շրջանին հատկացվել է 1մլրդ 806 մլն 463 հազար դրամ, որից 2016թ. մարտի 1-ի դրությամբ  մարվել է 686մլն 264 հազար  դրամ: ՙՎարկերի մնացորդը կազմում է 1 մլրդ 220 մլն 164 հազար դրամ: Ժամկետանց վարկերի գումարը կազմում է 159 մլն 544 հազար դրամ: Միջոցներ են ձեռնարկվում ժամկետանց վարկերի մարման ուղղությամբ՚,- նշեց Ռ. Հայրապետյանը:

Էդիկ ԴԱՎԹՅԱՆ

ք. Հադրութ