[ARM]     [RUS]     [ENG]

ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԽԱՂԱՂ ԿՅԱՆՔԻՆ՝ ԱՄՐԱՑՆԵԼՈՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Ինչպես հայտնի է, թիկունքային և ինժեներական աշխատանքները ՊԲ-ի հետ համադրելու նպատակով հանրապետությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ՝  ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանի գլխավորությամբ։

Շտաբը դասակարգում և բաշխում է Արցախ ուղարկված պարենային ու իրային ապրանքները, վերահսկում ու համակարգում ԼՂՀ կառավարության՝ հատուկ բացված հաշիվներին փոխանցվող ֆինանսական միջոցները, որոնք, ինչպես հայտարարվել էր նախօրոք, կնպատակաուղղվեն Պաշտպանության բանակի սպառազինմանը։ Շտաբն զբաղվում է նաև ռազմական գործողությունների ու հրետակոծությունների հետևանքով տարհանված քաղաքացիների խնդիրներով,  ավերված բնակավայրերում վնասի գնահատման, վերականգնման, փոխհատուցման հարցերով։ Բնականաբար, այս օրերին օպերատիվ շտաբի աշխատանքը հասարակության ուշադրության կենտրոնում է։ Այդ ընթացքը ներկայացնելու համար հարցազրույցի հրավիրեցինք ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ ԲեԳԼԱՐՅԱՆԻՆ։

- Պարոն Բեգլարյան, սկսենք ավանդական՝ ինչքա՞ն գումար է հավաքվել և ի՞նչ է արվում դրանց հետ հարցից։  

- Ապրիլի 14-ի դրությամբ՝ կառավարության հաշվեհամարին փոխանցված գումարները կազմել են 2մլրդ 362 մլն դրամ։ Դրա մեջ մտնում են նաև արտարժույթով փոխանցումները։ Այդ գումարները դեռևս չեն օգտագործվել։ Դրանք կծախսվեն նախօրոք հայտարարված նպատակին։  Ծախսերի մասով նույնպես  հաշվետվություն կներկայացվի։

- Հայտնի դեպքերից ընդամենը մի քանի օր անց կառավարությունն արդեն սկսել էր վերականգնել  ավերված բնակավայրերը։ Վաղ չի՞ սկսվել վերականգնման գործընթացը, եթե հաշվի առնենք, որ սահմանի լարվածությունը չի թուլացել, և թշնամին անկանխատեսելի է։ 

- Գտնում եմ, որ չենք շտապել։ Ներկայումս շինարարական աշխատանքներ են ընթանում Մարտակերտում և հարակից բնակավայրերում։ Անվտանգության տեսանկյունից իրավիճակն այնտեղ վերահսկվւմ է. Պաշտպանության բանակը լրիվությամբ ապահովում է անվտանգությունը, և հասարակության մեջ անորոշության զգացում չպետք է լինի։ Անհրաժեշտ է վերադառնալ խաղաղ կյանքին, միաժամանակ ամրացնելով անվտանգության համակարգը, քանի որ վերջինս խաղաղ պայմանների գլխավոր երաշխիքն է։

- Այս օրերին յուրաքանչյուր հայ իր պարտքն է համարում որևէ կերպ աջակցել երկրի անվտանգության երաշխավոր հանդիսացող զինվորին, և պատահական չէ, որ աջակցության հոսքերը չեն դադարում։ - Այո, դրանք իսկապես շատ են, ստանում ենք սնունդ, կենցաղային, հիգիենայի պարագաներ, քնապարկեր և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ։ Մեծ քանակությամբ աջակցություն ստացվում է հատկապես սննդի տեսքով։ Իրականում այդքան սննդի կարիք չկա, բայց քանի որ հատկապես ՀՀ-ում սկսել էին սնունդ հավաքել՝ ի աջակցություն Արցախի և Պաշտպանության բանակի, ԼՂՀ կառավարությունն իր վրա է վերցրել ընդունման և բաշխման գործընթացը, որպեսզի քաոս չառաջանա, և ամեն ինչ համակարգված լինի։ Աջակցությունն ըստ կարիքի տրամադրվել և շարունակում է բաշխվել ՊԲ զորամասերին։ 

- Դուք նշեցիք, որ բավականին շատ  սնունդ է ուղարկվել։ Որքան տեղյակ եմ, նույնիսկ հայտարարվել է սննդի ձևով օգնության գործընթացը դադարեցնելու մասին։ Տեղ հասած ապրանքներն ամբողջությամբ  բաշխվե՞լ են, թե՞ կա ավելցուկ։ 

- Այս պահի դրությամբ բավականին ավելցուկ կա, որը պահեստավորված է Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում, ու ժամանակի ընթացքում, ըստ անհրաժեշտության, այն տրամադրվելու է ինչպես ՊԲ-ին, այնպես էլ տարհանված քաղաքացիներին։ Պետք է նշել, որ այսօր Պաշտպանության բանակը նախատեսած ծախսերի շրջանակում բավարարում է իր կարիքները։ Լրացուցիչ աջակցության խնդիր առաջացել էր այն պատճառով, որ պահեստազորային լրացուցիչ ուժեր և կամավորականներ էին ընդգրկվել ՊԲ շարքերում. այսինքն՝ կտրուկ աճել է  բանակում ծառայողների քանակը։

- Պարոն Բեգլարյան, չնայած ողջ հայության շրջանում, այդ թվում՝ Արցախում ներկայումս առկա  բարոյահոգեբանական մթնոլորտի պայմաններում անհավանական է թվում, բայց լուրեր են շրջանառվում, որ այդ ՙավելցուկը՚ հայտնվում է մայրաքաղաքի խանութներում։ Տիրապետո՞ւմ եք նման ինֆորմացիայի։ 

- Բացառվում է։ Նախ այն պատճառով, որ խիստ վերահսկողություն կա համապատասխան մարմինների կողմից։ Եթե որևէ մեկը նման տեղեկատվություն ունի, ես կոչ կանեի դիմել մեզ, համոզված, որ անպայման միջոցներ կձեռնարկվեն. մեղավորները միանշանակ պատասխանատվության կենթարկվեն։ Չնայած, եթե անկեղծ լինենք, ես հակված չեմ հավատալու այդ լուրերին։ Բոլոր նրանք, ովքեր թերահավատությամբ են վերաբերվում աջակցության բաշխման գործընթացին, կարող են հանդես գալ հասարակական կամ անհատական նախաձեռնությամբ՝ վերահսկողությանը մասնակցություն ունենալու համար։ Օպարետիվ շտաբը հրապարակում է ստացված նյութական աջակցության չափը, շուտով կհրապարակենք նաև թե ում ինչ է տրվել։ Այդ աշխատանքը կատարվում է բաց, թափանցիկ, և հնարավորություն կլինի, ըստ փաստաթղթերի համեմատելով, ստուգել դա։ 

- Եթե դրանք զուտ բամբասանքներ են, կեղծ լուրեր, նշանակում է, որ որոշ չափով անվստահություն կա։ Ի՞նչ եք կարծում, ինչի՞ց է բխում այդ անվստահությունը, և ի՞նչ անել, որ հասարակությունը հավատա իշխանություններին։ 

- Ոչ մի իշխանություն, ոչ մի գերադաս կառույց հարյուր տոկոսանոց վստահություն չունի։ Հատկապես սոցիալական խմբերի, հասարակության համար։ Ուստի հասկանալի է, որ վստահության պակաս կա։ Լինում են օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Հատկապես արտակարգ իրավիճակներում ցածր է  վստահության մակարդակը, քանի որ մեծանում է տեղեկատվության հոսքը, ինչը հասարակության մեջ շրջանառվելով, ստեղծում է նման մթնոլորտ։ Հնարավոր է, որ օգտվելով իրավիճակից, որոշ ուժեր նույնպես աշխատանք են տանում այս կամ այն անձի ու կառույցի հանդեպ հասարակության մեջ նման դիրքորոշում ձևավորելու համար։ 

Աշխարհում ներկայումս լայնորեն գործածվում են ՙտեղեկատվական պատերազմի՚ գործիքները.  հակառակ դիրքերում գտնվող ուժերն ակտիվորեն կիրառում են դրանք՝ առաջացնելու  անվստահության մթնոլորտ։ Կոչ կանեի մեր ժողովրդին նման հարցերում աչալուրջ լինել և կարողանալ տարբերակել ճիշտ ու սխալ տեղեկատվությունն ընդհանրապես, ստուգել այն, կանխել սխալ կամ վտանգավոր ինֆորմացիայի տարածումը, ինչը կարող է շրջանառության մեջ դրվել մեր հակառակորդի կողմից ևս։ Այսօր մեր աչալրջությունն ու ողջամտությունն ավելի քան անհրաժեշտ է, և հույս ունենք, որ մեր քաղաքացիները գրագետ կլինեն այդ հարցում։ 

Իրականում դա տարբերակելը շատ դժվար է։ Խորհուրդ կտայի նախ  ճշտել տեղեկատվության աղբյուրը, եթե պետք է՝ կասկածել դրանում, ստուգել արժանահավատությունը այլ արժանահավատ և ստուգված աղբյուրների հետ համեմատվելով։ Ցանկալի է վստահել պաշտոնական տեղեկատվությանը, հատկապես  անվտանգության հասարակական կյանքի կազմակեպման հարցերում, այլապես դա կարող է վնասել պատերազմական իրավիճակում գտնվող երկրի անվտանգության համակարգին։ 

- Պարոն Բեգլարյան, հանրապետության տարբեր բնակավայրերում այսօր Թալիշից, Մատաղիսից, Մարտակերտից և հարակից մյուս բնակավայրերից տարհանվածներ կան։ Ինչպե՞ս է կազմակերրպվում նրանց կենցաղը, ի՞նչ խնդիրներ ունեն, ինչպիսի՞ն կլինի նրանց հետագա ճակատագիրը։ 

- Տարհանված բնակիչների մի մասն ունեցել են կացարանի խնդիր։ Նրաք տեղավորվել են Ստեփանակերտի և էլի մի քանի բնակավայրերի հյուրանոցներում և հյուրատներում։ Նրանք ստանոմ են սննդամթերք և առաջին անհրաժեշտության այլ պարագաներ։ Բացի այդ, Ստեփանակերտում, ՙՔիրս՚ սննդի օբյեկտում օրվա ընթացքում նրանց սնունդն է մատակարարվում։  Մի խոսքով, բոլոր դիմողներին հնարավորինս աջակցում ենք։ 

 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ