Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլյան դեպքերից հետո ԼՂՀ կառավարությունում  ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ պատասխանատու կառույցների ղեկավարների  ընդգրկմամբ։ Շտաբի աշխատանքների մի մեծ մասնաբաժին դրված է Քաղաքաշինության  նախարարության վրա։ 

 Նախարար Կ. Շահրամանյանից տեղեկացանք, որ ինչպես սահմանային գոտում, դիրքերում, այնպես էլ հրետակոծված տարածքներում նախարարությունն սկսել է աշխատել հրադադարի ռեժիմի հաստատումից անմիջապես հետո, իսկ ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ աշխատանքներ ընթացել են նաև չորսօրյա պատերազմի օրերին։ Խնդիր էր դրված չափագրել վնասները, ձեռնարկել միջոցներ դրանց վերացման համար։ Մատաղիս, Մարտակերտ համայնքներում և Մարտունու շրջանի  Ներքին Ճարտար գյուղում վնասվել են 110 բնակելի տուն, դպրոցներ,  պետական, հասարակական նշանակության շինություններ։ Կ. Շահրամանյանն ասաց, որ կատարվել են չափագրումներ, արդեն իսկ ձեռք է բերվել շինանյութերի մի մասը, և վերականգնումն ընթացքի մեջ է՝ չնայած թշնամու ագրեսիվ գործողությունները շարունակվում են, և կրկին նոր վնասներ են արձանագրվել։ Նախատեսվում է բոլոր  աշխատանքները կազմակեպել արագ. շինանյութերի հարցում նախարարությանը ձեռք են մեկնել ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, Ռուսաստանի Դաշնությունում ապրող մեր բարերարները։ Այսպես՝ Դոնի Ռոստով քաղաքի հայկական համայնքը (համայնքի ղեկավար՝ Հարություն Սուրմալյան)  պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ  օժանդակություն ցուցաբերել: Բեռի առաջին խմբաքանակը՝ 10800  քառ.մ տանիքի թիթեղ՝ անհրաժեշտ պարագաներով, արդեն մուտք է գործել  Արցախ, իսկ 140 խոր. մ փայտանյութը ճանապարհին է։ 

Իր հերթին՝ՀՀ քաղաքաշինության նախարարությունը տրամադրել է  4060 քառ. մ թիթեղ. աջակցությունը շարունակական կլինի: ԳործարարՍուրեն Ավագյանը Արցախ է առաքել 15տ ցեմենտ, ՙՄետալ  Ստիլ՚ ՓԲԸ-ն՝ 3385 կգ սև մետաղյա խողովակներ։  ՀՀ  շինարարական երկու կազմակերպություններ, որոնք դռներ-պատուհանների տեղադրման  գործունեություն են ծավալում, այս օրերին աշխատանքներ են տանում հրետակոծված տարածքներում։ 

Կ. Շահրամանյանը նաև նշեց, որ Թալիշի նկատմամբ այլ մոտեցում է ցուցաբերվելու, քանի որ այնտեղ ավերածություններն զգալիորեն ավելի շատ են:

Բնականաբար, Քաղաքաշինության նախարարությունը շատ անելիք ունի նաև առաջնագծում. ԼՂՀ պաշտպանության բանակի հետ համագործակցելով՝ հյուսիսային թևից մինչև հարավային իրականացվում է ինժեներական պաշտպանիչ օբյեկտների կառուցում։ Օրեցօր ավելացվում է այնտեղ աշխատող մեխանիզմների քանակը: Նախարարն ասաց, որ ներկայումս առաջնագծում գտնվող մեխանիզմների թիվը հասնում է 62-ի (դրանցից 8-ը տրամադրել է ՙԳազպրոմ Արմենիա՚ ընկերությունը)։ 

Կ. Շահրամանյանի տեղեկատվությամբ, նորագույն տեխնիկան թույլ է տալու  կարճ ժամանակահատվածում  ավարտել  առաջին փուլի աշխատանքները։  

Մեր հարցին, թե  ինչու  են   միայն  ապրիլյան  պատերազմից հետո  առաջնագծի  ամրացման ուղղությամբ  աշխատանքներն ակտիվացվել,  Կ. Շահրամանյանը նշեց, որ եթե այսօր այնտեղ  ինտենսիվ են աշխատում,  դա չի նշանակում, որ առաջնագիծը պաշտպանված չէր։ Ուղղակի  ապրիլյան պատերազմը ստիպել է նոր ռազմավարություն ու մարտավարություն  որդեգրել, քանի որ հակառակորդի  մարտավարության ձևերի փոփոխմանը զուգահեռ անհրաժեշտություն է առաջանում պաշտպանական  համակարգերում ևս կատարել փոփոխություններ։ 

Բացի այդ, հայտնի է, որ հայկական կողմն ունի հանձնված դիրքեր, և նորերը կառուցելու ուղղությամբ նույնպես աշխատանքներ են իրականցվում։ Ի դեպ, նույնպիսի  աշխատանքներ իրականացնում է նաև հակառակորդը, և աշխատանքի պրոցեսում կրակոցներ չեն լինում երկու կողմից էլ։ Առաջնագծում ինժեներական աշխատանքներն, ըստ նախարարի, սեղմ ժամկետներում կավարտվեն, քանի որ չի բացառվում, որ իրենց դիրքերում կառուցապատումն ավարտելուց հետո հակառակորդը կարող է կրակահերթի  տակ առնել հայկական դիրքերը և խանգարել։ 

Կ. Շահրամանյանի հետ զրույցի ընթացքում բարձրացրինք նաև նկուղները պատրաստի  վիճակի բերելու անհրաժեշտության մասին հարցը. հակառակորդն անկանխատեսելի է, և պետք է պատրաստ լինել ամեն քայլի: Կարևորելով  քաղաքացիների  պաշտպանվածության  և  անվտանգության  հարցը, քաղաքաշինության  նախարարն  ասաց,  որ կոնկրետ  Ստեփանակերտում  նկուղային տարածքները բավարարում են։

Ճիշտ է, հեղհեղուկ խաղաղության 25 տարիների ընթացքում նրանց մի մասը ծառայեցվել է  այլ նպատակների, սեփականաշնորհվել է և այլն, բայց բոլորը գիտեին (դա կանոնակարգված է նաև գործադիրի որոշմամբ), որ անհրաժեշտության  դեպքում  դրանք հետ են վերցվելու  և օգտագործվելու են ըստ պահանջի։  Այսօրվա  դրությամբ համապատասխան  մարմինների կողմից շուրջ  100 նկուղ պատշաճ տեսքի է բերվում։ Աշխատանքներին կցված են  15 կազմակերպություններ: Կ. Շահրամանյանը  դժգոհություն  հայտնեց բնակչության վերաբերմունքից, նշելով, որ  պետք է առավել ակտիվ գործել,  անտարբեր չլինել և  աջակցել գործընթացին, քանի որ խոսքը  հենց իրենց՝ քաղաքացիների անվտանգության ապահովման մասին է։ 

Իհարկե, այս հարցում  պետք է քարոզչական-բացատրական  աշխատանք տանեն նաև համապատասխան  կառույցները՝  քաղաքապետարան, Արտակարգ իրավիճակների վարչություն, հասարակական կազմակերպություններ, ԶԼՄ-ներ և այլն, հատկապես որ,  սովորաբար, ապրիլին Ստեփանակերտում կազմակերպվում է սանմաքրման միամսյակ։ 

Բնականաբար, ապրիլյան պատերազմը նոր խնդիրներ, նոր առաջնահերթություններ է բերել։ Այսօր  պետության  ողջ ներուժը կենտրոնացված է երկրի անվտանգության ու պաշտպանության վրա։ Սա նշանակում է, որ շինարարության պետական ծրագիրը  ևս ենթարկվելու է  փոփոխության։ Կլինեն ծրագրեր,  որոնց իրագործումը  կհետաձգվի,  և գումարները  կնպատակաուղղվեն առավել կարևոր, ռազմավարական նշանակության ծրագրերի կենսագործմանը։ Բնականաբար, դրանք կառնչվեն սահմանում դիրքերի  ամրացմանը։

Կ. Շահրամանյանը  գոհունակությամբ  արտահայտվեց ոլորտում գործունեություն ծավալած  ընկերությունների  ու նրանց սեփականատերերի  մասին, որոնք առանց  որևէ շահի  միացել  են աշխատանքներին՝ տրամադրելով  ինչպես անհրաժեշտ տեխնիկա, այնպես էլ  աշխատողներ։ 

Այսօրվա դրությամբ առաջնագծի ամրապնդման ինժեներական աշխատանքներում ներգրավվել է նման 30 կազմակերպություն։ 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ