[ARM]     [RUS]     [ENG]

ԻՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՅԳԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

 

 

 

Գյուղատնտեսության ոլորտում ունեցած մեծ վաստակի համար ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալով վերջերս պարգևատրվել են ոլորտի երեք ակնառու գործիչներ, որոնցից մեկը Ասկերանի շրջանում ճանաչված գյուղատնտես Յուրի Արամյանն է:

Երկար տարիներ նա աշխատել է որպես կոլտնտեսության նախագահ, վարել ոլորտի  կարևոր այլ պաշտոններ։ Էությամբ լինելով  ակտիվ, գործնական, հնարամիտ մարդ՝ Յու. Արամյանը թոշակի անցնելուց հետո էլ տանը հանգիստ չնստեց: Ձեռք բերեց բավականին մեծ, բայց հողագործության համար նվազ պիտանի հողամաս, բեռնատար մեքենաներով բազում անգամներ հող լցրեց, պտղատու այգի հիմնեց՝ գործադրելով այգեգործության սեփական ռազմավարական մոտեցումը: Այսօր նա ողջ հանրապետությունում հայտնի է որպես պտղատու ծառերի տնկիներ աճեցնող այգեգործ, ով այս գործում մեծ հաջողություններ է ունեցել: Մեկ օրինակով ամրապնդենք ասվածը: Միջին և ավագ սերունդները հիշում են, որ արքայանարինջը Ստեփանակերտի շուկայում ձեռք էինք բերում ադրբեջանցիներից, որոնք ապրում էին հարթավայրերում՝ ավելի տաք գոտում: Այսինքն, կարծրացած  կարծիք կար, թե այդ հիանալի պտուղն աճում է միայն շատ տաք կլիմայական պայմաններում։ Այլ կերպ ասած, Լեռնային Ղարաբաղում այն թեկուզ աճեցնում էին, բայց լավ բերք կարծես չէր տալիս: 

Յուրի Արամյանն այգեգործությամբ զբաղված իր տարիներին ապացուցեց հակառակը: Իր իսկ աճեցրած արքայանարինջի այգուց նա այսօր այնքան մեծ բերք է ստանում, որ իրացվում է և՜ Արցախի, և՜ Հայաստանի հանրապետությունների շուկաներում: Իսկ նրա աճեցրած տնկիները մեծ պահանջարկ ունեն մեր հանրապետությունում այգեգործությամբ զբաղվող թե՜ մասնագետների և թե՜ ինքնուսների մոտ:

Վերջին տարիներին ԼՂՀ կառավարության կողմից այգեգործության ոլորտին մեծ աջակցություն է ցուցաբերվում: Ասել է թե` ամենաբարձր մակարդակով գիտակցվում է ոլորտի զարգացման  անհրաժեշտությունն Արցախի կլիմայական պայմաններում: Այս ենթատեքստում, կարծում ենք, բազմափորձ այգեգործի կարծիքը, մտորումները, փորձն առավել կարևոր են։ Ներկայացնում ենք Յուրի ԱՐԱՄՅԱՆԻ հետ հարցազրույցը:- Պարոն Արամյան, նախ` թույլ տվեք շնորհավորել Ձեզ՝ պետական բարձր պարգևի համար և մաղթել քաջառողջություն, նոր հաջողություններ։

- Բոլոր իմ ընկերների անունից, որոնք նույնպես արժանացել են այդ պարգևին, խորին երախտագիտություն եմ հայտնում մեր իշխանություններին, որ բարձր են գնահատել անցյալում և մեր օրերում ունեցած մեր վաստակը: Շնորհակալ ենք, որ մեզ` վաստակաշատ մասնագետներիս գիտելիքներն օգտագործում են:

- Կարծիք կա, թե Արցախում այգեգործության թույլ զարգացման պատճառներից մեկն այն է, որ մեր գյուղացիներն զբաղվում են այգեգործությամբ` չտիրապետելով անհրաժեշտ գիտելիքների։ Ձեր տեսակետը։

- Ե՜վ նախկինում, և՜ այսօր Հայաստանի համեմատությամբ Արցախում գյուղացին հիմնականում շատ քիչ տեղեկություն ունի այգեգործությունից: Ո՞ր պտղատու ծառ ե՞րբ և ինչպե՞ս է պետք էտել, ամեն մի տեսակն ի՞նչ հիվանդություններով է կարող վարակվել, և ի՞նչ ագրոմիջոցառումներ է անհրաժեշտ  կատարել` հիվանդությունը կանխելու կամ արդեն հիվանդացածը փրկելու և այլն: Շատ քիչ են  տեղեկացված մեր գյուղացիները, բայց ամենավատն այն է, որ մեծամասամբ ձգտում չունեն այդ բացը լրացնելու համար: Այնինչ՝ այսօր դա շատ ավելի հեշտ է, քան, ասենք, մոտ մի 8-10 տարի առաջ: Գյուղերով անցնելիս տեսնում ես, որ այգիները` տնամերձ, առանձին, հիմնականում անխնամ են: 

- Ինչպե՞ս փոխել իրավիճակը: Կարծես մարդկանց և իշխանությունների կողմից գիտակցվում է ոլորտի գրավչությունը, համենայն դեպս, ձգտում են այլ կերպ վերաբերվել:

- Այո, կա այդ ձգտումը, ինչը միայն ողջունել կարելի է: Բայց շոշափելի փոփոխության հասնելու համար լուրջ քայլեր են պետք: Պետության կողմից արդեն որոշ միջոցներ են ձեռնարկվում` արտոնյալ վարկեր են տրամադրվում այգեգործներին, անվճար տնկիներ տրվում: Իհարկե, ցանկալի է տեղական տնկիներ  գործի մեջ դնել, քանի որ շատ ավելի արդյունավետ են: Սակայն ծառերի մշակման, դեղամիջոցների ճանաչման և բազմաթիվ այլ խնդիրների լուծման շուրջ շատ աշխատանք կա անելու: Համոզված եմ, պետության դերը կրկին մեծ է՝ օգնությունն արդյունավետ կազմակերպելու: Արցախի հեռուստաընկերությունը, որ հիմա գրեթե ողջ հանրապետությունում  հասանելի է, կարող է միանալ այս գործընթացին իր հատուկ հեռուստածրագրերով, որոնց միջոցով կարելի է օգնել գյուղացուն մասնագիտական խորհուրդներով, ագրոմիջոցառումների կոնկրետ օրինակների ցուցադրությամբ: Գյուղացու հետ անմիջական հեռախոսակապ հաստատելով,  հնարավորություն ունենալ նրան հուզող հարցերին պատասխանել: Օրինակելի փորձի փոխանակման վայրը հեռու չէ: Տեսեք ինչքան գրագետ է վարվում այգեգործությունը Հայաստանում: Գրեթե ամեն մի համայնքում կա և՜ անասնաբուծ, և՜ ագրոնոմ: Բացի այդ, գործում են պետական և հասարակական կազմակերպություններ, որոնց նպատակն է հնարավորինս օգնել գյուղացուն: Օրինակ՝ Սյունիքում գործում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սյունիքի գյուղատնտեսության աջակցման մարզային կենտրոնը, որն անվճար կամ մասամբ վճարովի խորհուրդներ և ծառայություններ է մատուցում գյուղացուն և հաճախ` հասարակական կազմակերպությունների հետ համատեղ: Ի՞նչն է խանգարում, որ նման գործընթացն արմատավորվի նաև Արցախում:

- Այսօր աշխարհում այգեգործությունն առանց շարժուն փոքր գյուղտեխնիկայի անհնար է անգամ պատկերացնել: Ի՞նչ կասեիք այս առումով:

- Գյուղատնտեսության առաջընթացը միշտ էլ պայմանավորված է եղել գյուղտեխնիկայի անհրաժեշտ քանակի և որակի ապահովմամբ: Գաղտնիք չէ, որ մեր գյուղատնտեսությունն  անհրաժեշտ քանակի և որակի գյուղտեխնիկայով ապահովված չէ: Վիճակը հատկապես բարվոք չէ փոքր հողակտորներ ունեցողների մոտ: Այստեղ դրությունը փոխելու համար անհրաժեշտ է հենց փոքր գյուղտեխնիկա ձեռք բերելը: Պետությունը կարող է ձեռքբերել և արտոնյալ վարկերով այն տրամադրել գյուղացուն: Այդ տեխնիկան պետք է ներմուծվի՝ մշակելու տնամերձ և փոքր հողամասեր: Գործընթացը, համոզված եմ, իր հետևից կտանի երիտասարդներին, ինչը շատ եմ կարևորում, քանի որ այսօր երիտասարդությունը շատ քիչ է ներգրավված գյւղատնտեսության մեջ: Պետք է երիտասարդին շահագրգռես, նա պետք է հաճույք ստանա իր գործից, սիրով լցվի դեպի հողը, դեպի հողի վրա արված աշխատանքը: Կարծում եմ, նրա վերաբերմունքի կտրուկ փոփոխությունը կապահովի հենց փոքր գյուղտեխնիկան:

- Իսկ եթե նման տեխնիկայի ՄՏԿ-ներ ստեղծվեն, ու այն վարձով օգտագործվի՞։ 

- Ոչ, ՄՏԿ-ները արդյունավետ  գործընթաց չեն կարողանում ապահովել: Փոքր գյուղտեխնիկան պետք է քո սեփականությունը լինի, միշտ քո այգում գտնվի, որպեսզի ցանկացած պահի ձեռքիդ տակ լինի: Այս դեպքում միայն այդ տեխնիկան կարող է մեծ արդյունք տալ:

- Ասում են՝ Արցախը պտղաբուծության համար բարեբեր տարածաշրջան է: Համաձա՞յն եք այս կարծիքին:

- Այո, համաձայն եմ: Սակայն այստեղ էլ կան ՙբայցեր՚: Կրկնում եմ՝ գիտական մոտեցումն է պակասում մեզ ցանկացած և մասնավորապես՝ այս հարցում: Մրգերի և դրանց տեսականիների տեղայնացման լուրջ հարց գոյություն ունի: Ինչպես գիտենք, Արցախում տարբեր աշխարհագրական գոտիներ կան, որոնցով և  պայմանավորված են կլիմայական տարբեր պայմանները: Պետք է հասկանալ՝ ո՜ր տեսակը  որտե՜ղ է լավ աճում և համապատասխան ձևով վարվել։ Պետք է տվյալ վայրում տվյալ տեսականու այգիներ ստեղծել ու լրջորեն մշակել` մեծ բերք ակնկալելու և շուկա դուրս բերելու նպատակով:

Կարծում ենք, մասնագետի խորհուրդներն իրենց օգուտը կբերեն թե՜ ինքնուսներին և թե՜ պրոֆեսիոնալներին։ 

 

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ