[ARM]     [RUS]     [ENG]

ՏԵԽԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐԸ

ԼՂՀ ՙՏեխնիկական անվտանգության կենտրոն՚ ՊՈԱԿ-ն ամփոփել է  2015 թվականի աշխատանքը՝ արձանագրելով, որ  կառույցի համար այն եղել է զարգացման հերթական փուլ:

 Ընկերության տնօրեն Սերգեյ Բաբայանը հայտնեց, որ  արտադրական վտանգավոր օբյեկտներ (ԱՎՕ) շահագործող անձանց հետ կնքվել են   308  պայմանագրեր, համաձայն որոնց,  ըստ ՙՏեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին՚ ԼՂՀ օրենքի պահանջների, իրականացվել են 635 արտադրական վտանգավոր օբյեկտների  փորձաքննություններ, ինչը 2014 թվականի համեմատությամբ 16%-ով ավելին է: 2015թ. ընդհանուր փորձաքննությունների  պատկերը հետևյալն է. տեխնիկական անվտանգության վկայագրեր՝ 98, նախագծեր՝ 25,  գործարկման՝ 7 և տարեկան՝ 505 փորձաքննություն:  Տարեկան 505 փորձաքննություններից 194-ում ընդգրկված են վերամբարձ սարքավորումներ, 50-ում՝ նավթամթերքների ոլորտը, 133-ում՝ կաթսայատներ ու ճնշման տակ աշխատող անոթներ,  18-ում՝ գազի  լցավորման կայաններ, 39-ում՝ տեխնիկական գազ օգտագործող օբյեկտներ, 30-ում՝ լեռնահանքային ոլորտը և 41-ում՝ հանքերը:

Ս. Բաբայանն ընդգծեց, որ անցկացված փորձաքննությունների  արդյունքում  ԱՎՕ-ներ շահագործող անձանց  տրվել են համապատասխան  եզրակացություններ:

Հաշվետու  տարում, ըստ Կենտրոնի կողմից իրականացված  արտադրական վտանգավոր օբյեկտների վկայագրերի փորձաքննությունների, պետական ռեեստրում գրանցվել   և լիազոր  մարմնի  կողմից  տրամադրվել  են  համապատասխան վկայականներ:

Տարվա ընթացքում գրանցվե՞լ են արտակարգ դեպքեր. այս հարցին ի պատասխան՝ Ս. Բաբայանն ասաց, որ շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտներում տեխնածին վթարներ  կամ  դժբախտ պատահարներ չեն եղել: Դա նաև այն պատճառով, որ Կենտրոնի ղեկավարությունը մեծ տեղ է տալիս կադրերի վերապատրաստմանը, համապատասխան վերահսկողություն  իրականացնում:

Հաշվետու ժամանակաշրջանում Տեխնիկական անվտանգության կենտրոնի կողմից մշակվել են (այդ գործընթացը կրում է շարունակական բնույթ) ոլորտի տարբեր մասնագիտություների գծով  ուսումնական ծրագրեր: ՙԿառույցի կողմից անց են կացվել 90 ԱՎՕ շահագործող կազմակերպությունների՝ թվով 202 պատասխանատու անձանց ուսուցում և որակավորում, տրվել  են համապատասխան վկայականներ՚,- ասաց տնօրենը, հավելելով, որ աշխատանքային  համագործակցություն կա   ՀՀ  ՙՏեխնիկական անվտանգության ազգային կենտրոն՚ ՊՈԱԿ-ի հետ: Պայմանավորվածության համաձայն՝ կկազմակերպվի արցախցի մասնագետների որակավորում արտերկրում՝ ուսուցման և վերաորակավորման, հետագայում՝ փորձաքննությունների որակի  բարձրացման և այդ գործընթացում ձեռքբերված չափիչ-ստուգիչ սարքավորումների լայն կիրառման նպատակով:                        

Անցյալ տարի Ս. Բաբայանը ՀՀ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի պատվիրակության հետ միասին մասնակցել է Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած արդյունաբերական անվտանգության գծով  միջազգային համաժողովին:

Խոսելով ձեռքբերումներից, մեր զրուցակիցն անդրադարձավ նաև բացթողումներին ու դրանց վերացմանը նպատակաուղղված  միջոցառումներին։ Ըստ օրենքի, բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ (արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձինք) իրենց կազմակերպություններում արտադրական վտանգավոր օբյեկտների անվտանգ  շահագործման ուղղությամբ  ծառայությունները պատշաճ ձևով չեն իրականացնում, չի տարվում համապատասխան հսկողություն: Կազմակերպությունների կողմից ԱՎՕ-ում քիչ են կազմակերպվում դիտարկումներ, տեխնածին վթարների և արտադրական  պատահարների  ռիսկի հավանականության գնահատումներ, դրանց կանխարգելման  ուղղությամբ  իրականացվող  պարբերական զննումներ,  հետևանքների վերացման,  ծանրության աստիճանի վերլուծություններ:

ՙԴեռևս բավարար չի կարելի համարել առանձին կառույցների կողմից տեխնածին վթարների և արտադրական պատահարների կանխարգելման ուղղությամբ իրականացվող պարբերական զննումները տեխնոլոգիական սարքավորումների, օբյեկտների կառուցվածքների անվտանգության գոտու նկատմամբ՚,-ասաց տնօրենը:

Որոշ պատվիրատուներ շարունակում  են  ներկայացնել նախագծեր  և  շահավործման հանձնել գործարկման տեխնիկական անվտանգության փորձաքննություն չանցած արտադրական  վտանգավոր  օբյեկտներ, որոնց  հետևանքով  վերոնշյալ  օբյեկտներում  մեծանում  է տեխնածին  վթարների, արտադրական  պատահարների հավանականությունը, բարդանում է դրանց  անվտանգ ու  հուսալի  շահագործումը:

Հաշվի առնելով Կենտրոնի՝ հաշվետու ժամանակաշրջանում աշխատանքային փորձը, առաջացած դժվարություններն ու խնդիրները, կառույցը նպատակ ունի 2016թ. առաջնահերթության կարգով լուծել մի շարք խնդիրներ: Այն է՝ կատարելագործել տեխնիկական անվտանգության փորձաքննության ձևերն ու մեթոդները, փորձաքննության մասնագիտական որակը, այն դարձնել հրապարակային։ Տեխնիկական փորձաքննության արդյունքում տրված փորձագիտական եզրակացությունները կդարձվեն կոնկրետ, հիմնավորված, տեխնիկական անվտանգության ապահովման հարցերի լրիվ ընդգրկմամբ։ Պետք է կիրառել նաև անկախ փորձագետների մասնակցության պրակտիկան՝ սերտ կապ հաստատելով ՀՀ համանուն կառույցների ու հաստատությունների հետ:

Տեխնիկական անվտանգության կենտրոնը 2016թ. առաջնահերթ խնդիրներից է համարում նաև ոլորտի  մասնագետների, տնտեսության մեջ աշխատող ինժեներա-տեխնիկական և պատասխանատու անձանց ուսուցման և որակավորման գծով աշխատանքների կազմակերպման շարունակականությունը: Պետք է հասնել նրան, որ արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող յուրաքանչյուր  կազմակերպություն  ունենա Կենտրոնի կողմից ուսուցանված և որակավորված առնվազն մեկ մասնագետ՝ համաձայն տեխնիկական կանոնակարգերի  պահանջների, համոզված է Ս. Բաբայանը: 

Կենտրոնի  գործառույթները  հետագայում ևս որակով և պատշաճ մակարդակով իրականացնելու  համար  տնօրենն առաջարկում է բարելավել շենքային պայմանները, ավարտել շինվերանորոգման կիսատ աշխատանքները, ունենալ կահավորված ուսումնական  լսարան, պարտավորեցնել բոլոր շահագրգիռ կազմակերպություններին՝ խստորեն պահպանելու նոր գործարկվող (վերագործարկվող) ԱՎՕ-ների փորձաքննությունների հաջորդականությունը, ապահովելու ջեռուցման կաթսայատների առավել անվտանգ և հուսալի շահագործումը։ Կարևոր է, որպեսզի  տարեկան տեխնիկական փորձաքննություններն իրականացվեն նախքան ջեռուցման ժամանակաշրջանի սկիզբը, լիազոր մարմնի հետ  վերլուծության ենթարկվեն արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը՝   կրկնակի   վերագրանցված, ինչպես նաև ապամոնտաժված կամ  երկարաժամկետ չշահագործվող ԱՎՕ-ները  ռեեստրի  գրանցումից հանելու նպատակով: Կա նաև օրենսդրության հստակեցման կարիք:

Ս. Բաբայանը մասնագիտացված արհեստագործական  ուսումնական  հաստատություններին առաջարկում է պատրաստել  նաև  արտադրական  վտանգավոր  օբյեկտներում    սպասարկում    իրականացնող մասնագետներ (կռունկավար, հնոցապան, էլեկտրամեխանիկ, էլեկտրափականագործ, էլեկտագազաեռակցող  և այլն), իսկ ԼՂՀ առողջապահության նախարարությանը՝ հաստատել արտադրական վտանգավոր օբյեկտում դժբախտ դեպքերից տուժողների վնասվածքի ծանրության աստիճանի սխեման, որը ՀՀ-ում գործում է  1993թ.-ից:

 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ