Logo
Print this page

ՄԱՐՏՈւՆՈւ ՇՐՋԱՆՈւՄ ԱՎԵԼԱՆՈւՄ ԵՆ ՆՌԱՆ ԱՅԳԻՆԵՐԸ

Արցախի գյուղատնտեսության մեջ դեռ շարունակում է բացահայտ առաջատարը մնալ հացահատիկի մշակությունը:

Սակայն տարիների հետ աշխուժացման միտումներ են նկատվում այլ ճյուղերում եւս: Նռան մշակությունն Արցախի համար ավանդականների շարքում է: 90-ականների ընթացքում այս ոլորտում էլ անկումներ արձանագրվեցին: Վերջին տարիներին, սակայն, իրավիճակը փոքր-ինչ փոխվում է: Մարտունու շրջանում դա արտահայտվում է նռան այգիների լրացուցիչ հեկտարներով:

Շրջանում նռան այգիներն ավելանում են: Այդ միտումը նկատելի է հատկապես վերջին մի քանի տարվա կտրվածքով. գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն ասվածը թվերի է վերածում: ՙՄարտունու շրջանում այս պահին առկա է մոտ 274 հեկտար նռան այգի, ընդ որում, 100 հեկտարից ավելին հիմնադրվել է վերջին 2-3 տարվա ընթացքում՚,- ասում է շրջվարչակազմի աշխատակազմի գյուղբաժնի վարիչ Ռոբերտ Վանյանը:

Անդրանիկ Ալավերդյանը շրջանի հաջողակ այգեգործներից է: Ուժերը տարբեր ոլորտներում փորձելուց հետո տարիներ առաջ որոշեց հենց նռան մշակությամբ զբաղվել: ՙՄոտ 10 տարի առաջ սկսեցի նռան մշակությամբ զբաղվել,- հիշում է Անդրանիկը:- Հաջողություններ էլ ունեցա, դժվարություններ էլ՚: Այգին անձամբ է մշակում` 2-3 աշխատողների հետ: Այս տարիների ընթացքում հասցրել է տիրապետել նռան մշակության նրբություններին: ՙՆուռը մոլախոտ չի սիրում: Ծառերի միջեւ եղած տարածքը պետք է մաքուր պահել: Նաեւ բուն ծառերի խնամքն է կարեւոր,- թվարկում է Անդրանիկը:- Ծառն էլ պետք է մաքուր լինի, ավելորդ, հիվանդ ու նվազ ճյուղերից ազատ: Թողնում ենք միայն առողջ, ուղիղ, մյուսներին չխանգարող ճյուղերը: Իմ փորձը ցույց է տալիս, որ այդ դեպքում բերքն ավելի որակով ու շատ է լինում, քան եթե թողնում ես խիտ ճյուղավորումները: Բացի դրանից, պետք է ուշադիր լինել վնասատուների հարցում: Վարակի առաջին իսկ նշանները երեւալու դեպքում պետք է խորհրդակցել մասնագետի հետ, հատկապես եթե մասնագետ չես եւ նռան մշակությամբ նոր ես զբաղվում՚: Աշխատանքը ոչ շատ է, որ քիչ, ասում է, պարզապես պետք է ագրոկանոններին հետեւել: Ընտրության համար չի ափսոսում: Արդյունքներն արդեն տեսանելի են: ՙԱյգին, որտեղ մենք գտնվում ենք, վեց տարեկան է: Երրորդ տարում արդեն բերք է տվել,- հպարտությամբ ծառերն է մատնացույց անում ֆերմերը:- Եթե լավ մշակես, մեկ ծառը 50-70 կիլոգրամ նուռ կտա: Ես լավ եմ մշակել: Ու հեկտարից մոտ 10 տոննա նուռ եմ ստանում՚: Ի տարբերություն գյուղատնտեսության շատ ճյուղերում ներգրավվածների` նուռ արտադրողները բերքի սպառման հետ կապված մտավախություններ չունեն: Պահանջարկն արտադրվող ծավալներից բազմակի շատ է, իսկ արդեն ձեւավորված գներն էլ ընդունելի են թե՜ գնորդների, թե՜ արտադրողների համար: ՙԴե, լավ նուռը կիլոգրամը մինչեւ 800 դրամով վաճառվում է: Բայց մենք մեր հաշվարկը մոտավորապես 400-500 դրամի շրջանակներում ենք կատարում՚,- նռան մշակության ամենագրավիչ կողմին` շահույթին է անդրադառնում Անդրանիկ Ալավերդյանը:

Այս ամենի հաշվարկով` Մարտունու շրջանում կարեւորում են նռան այգիների ընդլայնումը: Տարբեր ծրագրերով դրա համար պայմաններ են ապահովվում: Ամենաթարմ օրինակը այգիներում պետական աջակցությամբ ջրախնայող համակարգերի տեղադրման ծրագիրն է: Դրանից կարող են օգտվել եւ հին այգետերերը, եւ նրանք, ովքեր դեռ նոր են այգի հիմնում: ՙԱյս պահին արդեն 4 հեկտար այգի ունեմ: Նախատեսում եմ եւս 2-ը հիմնադրել: Հավանաբար, այդտեղ էլ կաթիլային ոռոգման համակարգ կանցկացնեմ՚,- մոտ ապագայի ծրագրերն է բացում երիտասարդ ֆերմերը: Այս հարցում Անդրանիկը միայնակ չէ։ ՙԱյգիներ հիմնադրելու ցանկություն շատերն են հայտնում: Այսօր մեր խնդիրը այս ուղղության զարգացման համար պայմաններ ստեղծելն է,- ընդգծում է Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի գյուղբաժնի վարիչ Ռոբերտ Վանյանը:- Այդ հարցում ամենակարեւորը ոռոգման համակարգի ապահովումն է: Այսօր աշխատում ենք հենց այդ ուղղությամբ՚:

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.