Logo
Print this page

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԻՇԽԱՆԱՁՈՐՈՒՄ

Քաշաթաղի շրջանում անցած տարվա աշնանը և այս տարվա գարնանը  կատարվել է 17342հա հացահատիկի ցանքս, որից ցորեն՝ 8532հա, գարի՝ 7888հա և հաճար՝ 949հա:

Մայիսի 15-ից Իշխանաձոր գյուղում գործում է բերքահավաքն անկորուստ և ժամանակին կազմակերպելու շտաբ՝ վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ: Մայիսի 17-ից հարավային արաքսամերձ հարթություններում սկսվել է հացահատիկի բերքահավաքը, և հունիսի 25-ի դրությամբ շրջանի հարավային թևի ողջ հատվածում կատարվել է 8784հա հունձ, որից ցորեն՝ 3107հա, գարի՝ 5677հա: Համախառն բերքը կազմել է 21065տ, միջին 24ց/հա բերքատվությամբ: Հացահատիկի արտերում աշխատել են մինչև 70 կոմբայն, որից 17-ը՝ Քաշաթաղի շրջանից, մնացածը՝ հիմնականում Սյունիքի մարզից:

Հունիսի 25-ին Իշխանաձորում կայացավ խորհրդակցություն հարավային թևի համայնքների ղեկավարների, գյուղատնտեսության, ջրամատակարարման, շինարարական  ոլորտների, ոստիկանության, արտակարգ իրավիճակների և այլ ծառայությունների ղեկավարների ու  աշխատակիցների մասնակցությամբ: Խորհրդակցությունը վարեց ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը: Նույն օրը Մարտունու և Հադրութի շրջանների հացահատիկի ցանքատարածքներում նա ծանոթացել էր կատարված աշխատանքներին։ Մինչ խորհրդակցության սկսելը վարչապետը շրջվարչակազմի ղեկավարի ուղեկցությամբ Թովմասարում ծանոթացավ բերքահավաքի աշխատանքների ընթացքին, զրուցեց հողօգտագործողների հետ, հետաքրքրվեց բերքատվության արդյունքներով, խնդիրներով, բերքի որակով և այլն: Նույն տարածքում գարնանը՝ ապրիլյան պատերազմական օրերին, կատարվել է 7հա սոխի և մոտ 3հա ձմերուկի ցանքս: Վարչապետը եղավ նաև այս տարածքներում, որտեղ նույն պահին քաղհանի աշխատանքներ էին իրականացվում, իսկ հարևանությամբ՝ հացահատիկի հունձ: Նշվեց, որ 1 հա-ից սպասվում է 30 և ավելի տոննա սոխ, ակնկալում են, որ լավ բերք կտա նաև ձմերուկի դաշտը: Կարևորվեց այն, որ այս ցանքատարածքները, թեկուզ ժամանակավոր, բայց աշխատատեղ են համայնքի, նաև հարևան բնակավայրերի բնակիչների համար: Ցանքի ժամանակ մինչև 30 մարդ է աշխատել օրավարձով:

Տարածքում արդեն 20 տարի է, ինչ հացահատիկ է արտադրում Սպարտակ Հակոբյանը: Այս տարի հեկտարից մինչև 50ց և ավելի բերք է սպասում: Իր մշակած տարածքում 30 ցենտներից պակաս բերք չի ստացել:  Ցանքատարածքներում կատարվող աշխատանքներին ծանոթանալուց հետո վարչապետը Իշխանաձորում այցելեց ԼՂՀ Վիճակախաղի արդյունքներով կառուցվող բնակելի նոր թաղամասի շինհրապարակ: Ինչ-ինչ պատճառներով այստեղ շինարարական աշխատանքները դադարեցվել էին, սակայն 1 ամսից ավելի է, ինչ Քաշաթաղի շրջվարչակազմի կողմից 10 առանձնատներ և  ութ բնակարանոց միհարկանի 1 շենք վերջնական տեսքի են բերվում և շուտով կհանձնվեն շահագործման:  Բազմաբնակարանոցում մնացել է իրականացնել խմելու ջրի մատակարարման աշխատանքները և բարեկարգել բակը: Տներից երկուսը հատկացվել է լիբանանահայ ընտանիքների:  

 Վարչապետի հանձնարարականով շուտով կավարտվեն շինարարական աշխատանքները, կունենանք 18 բնակարաններ, որոնցից 10 երեքսենյականոց առանձնատները կտրվեն  բազմազավակ ընտանիքների: Բազմաբնակարանոցից  3 բնակարան կհատկացվի զինվորականներին, 5-ը՝ երիտասարդ ընտանիքների: Տան հետ համայնքի կողմից տրվելու են կից և առանձին հողատարածքներ: Ս. Խաչատրյանը նշեց նաև, որ բազմաբնակարանոցի հարևանությամբ կգործեն  խաղահրապարակ, ժամանցի վայր և խանութ: 

Ստեղծվել է շուրջ 550կմ հակահրդեհային պաշտպանիչ շերտ՝ հերբիցիդներ սրսկելու միջոցով՝ 5-6մ լայնությամբ (300 հա-ից ավելի): Բացի այդ, կատարվել է մոտ 140հա հակահրդեհային շերտի հերկ՝ դարձյալ արտեզրերին: Տարածքում գործում է հրշեջ 4  հենակետ՝ յուրաքանչյուրում մեկական հերկ  կատարող տրակտոր:  Անդրադարձ եղավ նաև տարածաշրջանում տեղացած առատ անձրևների և կարկտի պատճառած վնասներին. Հայկազյանի և Քաշունիքի գյուղական համայնքների ցանքատարածքներում սելավներից 70-100%-ով վնասվել է շուրջ 200հա գարու և ցորենի արտ: Նշված արտերի մի մասը հնձվել է՝ 3-5ց/հա բերքատվությամբ: Հարավային թևում արդեն 100.000 հակ խոտ է կուտակվել, որը մասնակի կլուծի անասնակերի հարցը։ Աշխատանքները շարունակվում են: Նշվեց նաև, որ որոշ վարձակալներ 2016թ. աշնանացանի համար արդեն 1500հա տարածք են հերկել: 

 Ապրիլյան պատերազմական իրադրությունը բացասաբար է անդրադարձել գարնանացանի ծավալների վրա, այնուամենայնիվ, բավականին աշխատանք իրականացվել է և շարունակվում է: Այս գարնանը շրջանում կատարվել է 260հա եգիպտացորենի, 28հա կարտոֆիլի, 44հա արևածաղկի, 155հա բոստան-պարենի, 119հա բանջարաբոստանային մշակաբույսերի գարնանացան: Անասնագլխաքանակի ավելացման նպատակով իրականացվել է նաև 73հա առվույտի (55հա ենթացանքս) և 357հա կորնգանի (350հա ենթացանքս) գարնանացան: Բանջարաբոստանային բույսերի մշակման նպատակով շրջանն ստացել է 80տ ազոտական պարարտանյութ, որը հատկացվել է 0,5 և ավելի հեկտար հող մշակողներին: Այս օրերին կատարվում է աշնան պղպեղի ու վարունգի ցանքս:  

Զեկույցներից հետո ԼՂՀ վարչապետը նախ շնորհակալություն հայտնեց շրջանի բնակչությանը ապրիլյան պատերազմի հենց առաջին օրվանից դրան մասնակցության համար. ստեղծվեց շրջանային օպերատիվ շտաբ՝ շրջվարչակազմի ղեկավարի գլխավորությամբ, և հազարից ավելի կամավորականներ հասան առաջնագիծ: Անդրադառնալով պարենային ծրագրի իրականացմանը և արտադրության ավելացման խնդիրներին՝ Ա. Հարությունյանն ասաց, թե  ինչու է կարևորում պարենային, բանջարաբոստանային խնդիրը։ Ապրիլյան պատերազմական դեպքերը ևս զգուշացնում են, որ պարտավոր ենք մեզ ապահովել պարենով: ՙՈչ մի քաղաքականություն, պատերազմական իրավիճակ չպետք է ազդի մեզ վրա, չպետք է հուսահատվենք, այլ հակառակը՝ ավելի ենք ակտիվացնելու մեր աշխատանքը և փորձելու ավելի շատ ներդրումներ և կապիտալ աշխատանքներ իրականացնել՝ դրանով իսկ ցույց տալ մեր քաղաքական դիրքորոշումը:

Առաջիկայում Իշխանաձորում ավարտելու ենք 18 բնակարաններով թաղամասի շինարարությունը, իրականացնելու ենք վերաբնակեցում, քանի որ հայրենակիցներ և բազմազավակ ընտանիքներ ունենք, որոնք պատրաստ են ապրելու մեր հայրենիքի այս հատվածում: Սա ևս քաղաքական պատասխան է Ադրբեջանին ու մեր մնացած թշնամիներին՚,¬ասաց վարչապետը: 

Ա. Հարությունյանն անդրադարձավ նաև բերքի իրացմանը՝ նշելով, որ  այս հարցում ունենք խնդիր: Բերքահավաքի ժամանակ որոշ մթերող խմբեր փորձում են շուկայականից ցածր գնով ձեռք բերել հացահատիկ, դրան ազդում է նաև Ռուսաստանից գարու և ցորենի ներկրումը: Կառավարությունը փորձում է  միջնորդել և իրացումն ապահովել նորմալ շուկայական գներով. ընդունվում են գարի և ցորեն՝ համապատասխանաբար 105 և 120 դրամով, տրանսպորտը ապահովվում է: 

Շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց կառավարությանն աջակցության համար՝ ասելով, որ շրջվարչակազմի կողմից կարվի հնարավորը՝ բերքահավաքը ժամանակին և անկորուստ իրականացնելու համար: Ներկաները հարցեր և առաջարկություններ ուղղեցին վարչապետին, շրջվարչակազմի ղեկավարին: Կարևորվեց ոռոգման ջրատարների բարեկարգման խնդիրը: Ներկայումս շրջանին հարկավոր է նման աշխատանքներ իրականացնող տեխնիկա: ՙՔաշաթաղի ջրամատակարարում՚ ՓԲԸ-ին պատկանող տեխնիկայի մի մասն այս օրերին զբաղված է շրջանի ճանապարհների բարեկարգման աշխատանքներով: 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.