[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆՆԱԽԱԴԵՊ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔ

 

 

 

Հարցազրույց ԼՂՀ գյուղատնտեսության փոխնախարար 

Կարեն ԱՂԱՋԱՆՅԱՆԻ հետ

 

- Պարոն Աղաջանյան, մեր ունեցած տեղեկության համաձայն՝ հանրապետությունում ավարտին է մոտենում հացահատիկայինների բերքահավաքը։ Ըստ Ձեզ՝ նախնական արդյունքները գոհացուցուցի՞չ են։

- Բերքահավաքը, հիրավի, թևակոխել է վերջին փուլ։ Հուլիսի 21-ի դրությամբ ընդամենը 4000 հա  չհնձված տարածք ունենք (հիմնականում գյուղամերձ հողահանդակներ են)։ Պահի դրությամբ 130 հազար տոննայից ավելի բերք ունենք հավաքած, իսկ վերջնական արդյունքում այդ թիվը հավանաբար կհասնի մինչև 140 հազարի։ Ճիշտ է, ակնկալիքներն ավելի մեծ էին, բայց մի շարք հանգամանքներով պայմանավորված՝ եղանակային անբարենպաստ պայմաններ և այլն, փոքր-ինչ պակաս ստացվեց։ Այնուամենայնիվ, նորանկախ մեր հանրապետության գյուղատնտեսության պատմության մեջ աննախադեպ համախառն բերք կստանանք։ Անցյալ տարի նույնպես շատ էր, բայց՝ ոչ այսչափ։ Համեմատաբար փոքր-ինչ նվազել է միջին բերքատվությունը՝ 24,6 ցենտներ, ինչը մոտ 2,5 ցենտներով  պակաս է նախորդ տարվանից։ Բայց, ընդհանուր առմամբ, գոհ ենք ակնկալվող արդյունքներից։

Գարու բերքահավաքը 98%-ով ավարտված է, կան տարածքներ, որոնք չեն հնձվել՝ հասկերը գետնին պառկած լինելու պատճառով, ինչը կապված է կարկտահարության և այլ անբարենպաստ եղանակների հետ։ Աշնանացան և գարնանացան ցորենը միասին 92%-ով հավաքված է։  Հավաքման ենթակա է շուրջ 1200 հա գարնանացան հաճարի բերք, որով էլ կավարտվի հասկավոր հացահատիկայինների հունձը։ Մինչև օգոստոսի կեսը կավարտվի նաև բարձրադիր գոտում ընկած գյուղական համայնքներին պատկանող տարածքների բերքահավաքը։

- Առանձին-առանձին հացահատիկային մշակաբույսերից ինչքա՞ն բերք է ստացվել։

- Շուրջ 31 հազար հա ցորենի դաշտ է հնձվել, 22 հազար հա՝ գարի և 500 հա՝ հաճար։ Ցորենի միջին բերքատվությունը հեկտարից կազմում է 27ց, գարունը՝ 21,4ց և հաճարինը՝ 19,7ց։ Օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին կսկսվի նաև եգիպտացորենի բերքահավաքը։ Եգիպտացորենի մինչև 1500 հա ցանքս ունենք, որի բերքի մի մասը կօգտագործվի որպես սիլոս, մյուս մասը՝ որպես հատիկ, արդյունքում  կունենանք համախառն բերքի ավելացում։

- Գյուղատնտեսների հավաստմամբ՝ անցյալ տարի ցորենի որակը ցածր էր՝ հաշվի առնելով նրա մեջ առկա սոսնձանյութը։ Ինչպիսի՞ն է ընթացիկ տարվա բերքի որակը։  

- Անշուշտ, ցորենի որակը՝ որպես պարենամթերք, որոշվում է սոսնձանյութի պարունակությամբ, ինչը կարևոր նշանակություն ունի հացաթխման ժամանակ։ Այս առումով ալրաղացները ձգտում են բարձրորակ ցորեն ընդունել։ Ուստի կարծում եմ՝ մեր հողօգտագործողները խնդիրներ ունեն հողի ճիշտ մշակության առումով։ Բարձր տոկոսայնությամբ սոսնձանյութ ունենալու համար նրանք պետք է բավարար չափով ազոտական պարարտանյութեր օգտագործեն։ Բայց, ցավոք, ոչ բոլորն են հողի մշակությունը ճիշտ կազմակերպում, արդյունքում ստանում են պակաս քանակությամբ  սոսնձանյութ պարունակող հատիկ, իսկ դա հիմնականում օգտագործվում է որպես կեր։ Ալրաղացներում բարձր սոսնձանյութ ունեցող ցորենն ընդունում են 125-130 դրամով, իսկ ցածր լինելու պարագայում հրաժարվում են ընդունել, և հողօգտագործողն ստիպված հանձնում է մասնավորին՝ 85-90 դրամով։ Լավագույն դեպքում Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամն անցյալ տարի ցորենն ընդունել է 120 դրամով, բայց այստեղ էլ այլ խնդիրներ են առաջանում։ Հիմնադրամը գումարը միանգամից չի կարողանում տալ հողօգտագործողին. մի մասը վճարում է, իսկ մյուս մասի համար պայմանավորվում է այլ ծառայություններ մատուցել, իհարկե՝ հողօգտագործողի ցանկությամբ։

Ասեմ, որ բերքահավաքի առաջին իսկ օրից ալրաղացներն աշխատում են ինտենսիվորեն։ Այն հողօգտագործողները, ովքեր ուզում են համագործակցել ալրաղացների հետ, իրենց ցանքատարածքներից որոշակի նմուշներ են ներկայացրել հացահատիկի ցուցանիշների վերաբերյալ և  հաջողությամբ իրացնում են բերքը։

- Ի դեպ՝ բերքի իրացման մասով. արտահանել թույլատրվո՞ւմ է… 

- Արտադրել ենք ավելի քան 82 հազար 500 տոննա ցորեն, իսկ մեր պահանջը շատ ավելի քիչ է, և,  բնականաբար, արտադրված ցորենի մի մասն արտահանվում է Հայաստանի Հանրապետություն։ Բոլոր դեպքերում մենք ապահովված ենք հացով՝ ունենք հացահատիկի մեր կայուն պաշարները։ Ժողովրդական իմաստությունն ասում է՝ հաց ունես, ամեն ինչ ունես։ Հնարավոր չէ խոսել զենքի մասին՝ մի կողմ դնելով հացը։ Երկուսն էլ գրեթե իրար հավասար, իրար զուգահեռ պահել են մեր ժողովրդին իր հողի վրա։

- Ապրիլյան պատերազմի հետևանքով որոշ տարածքներ դարձան հակառակորդի թիրախ։ Հնարավո՞ր էր հունձը լրիվությամբ իրականացնել, թե՞ վտանգավոր լինելու պատճառով որոշ հատվածներ մնացին չհնձված…

- Ապրիլյան իրադարձությունները խոչընդոտեցին գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին։ Մենք ծրագրեր ունեինք, որոնք լրիվությամբ չկարողացանք իրագործել, ինչը, բնականաբար, իր ազդեցությունը թողեց բերքատվության ցուցանիշների վրա։ Որոշ սահմանամերձ տարածքներ  ինտենսիվ հրետակոծության հետևանքով փաստացի տուժեցին, որոշներն էլ չհնձվեցին. թիվը ճշտվում է։ Դրանք մասնավորապես Թալիշի ուղղությամբ Հիմնադրամի կողմից մշակվող տարածքներն են։ Եղել է պահ, երբ բերքահավաքի աշխատանքներն այստեղ դադարեցվել են գնդակոծության պատճառով։ Այսինքն՝ ավելորդ անգամ ռիսկի չենք դիմել։

- Տեխնիկայի առումով. այն բավարարո՞ւմ է բերքահավաքը սեղմ ժամկետներում ավարտելու։   

- Կապված անձրևային եղանակների հետ՝ 10 օր չկարողացանք աշխատել, և այդ ընթացքում գարու ցանքատարածքների մի մասը, ինչպես արդեն նշել եմ, տուժեց. հասկերը պառկեցին գետնին, աճող մոլախոտերն էլ իրենց հերթին խոչընդոտներ ստեղծեցին։ Հենց այդ կորուստն էր պատճառը, որ գարու բերքատվությունն այս տարի 25-40 տոկոսով նվազեց։ Այդ ընթացքում ցորենն էլ հասունացավ և պահանջվեց համատեղ իրականացնել և՜ գարու, և՜ ցորենի բերքահավաքը։ Իսկ հասունացած որևէ մշակաբույսի հավաքման ուշացումը բերում է բերքի կորստի։ Ուստի որոշեցինք կոմբայններ ներգրավել Հայաստանից։ Որոշակի քանակությամբ տեխնիկա եկել է, բայց ոչ մեր ցանկացածն ու սպասածը։ Ինչքան շատ տեխնիկա ունենանք, այնքան ավելի  արագ և անկորուստ կհավաքենք բերքը։ Եվ, անշուշտ, հացահատիկային մշակաբույսերի ցուցանիշներն ու որակը կլինեն ավելի բարձր։ Ընդհանրապես ագրոտեխնիկական պահանջներից ելնելով՝ ցանկացած գոտում բերքը հասունանալուց հետո 10 օրվա ընթացքում պետք է ավարտին հասցնել բերքահավաքը։ Եթե օրվա ընթացքում յուրաքանչյուր հասկից մեկ հատիկ է ընկնում՝ ամենապարզ հաշվարկներով դա կազմում է մեկ ցենտներ։  

Տեխնիկայի մեծ մասը խորհրդային տարիներից է ու արդեն մաշված, կարելի է ասել՝ մի կերպ է  աշխատում։ Բացի այդ, նոր, ժամանակակից տեխնիկայի համեմատությամբ արտադրողականությունը ցածր է։ Կան կոմբայններ, որ մինչև բերքավաքի ավարտը մի քանի անգամ խափանվում են, և ժամանակ ենք վատնում դրանք վերականգնելու համար։ Այս ուղղությամբ ևս կառավարությունը քայլեր է ձեռնարկում՝ ամեն տարի աստիճանաբար թարմացնելով կոմբայնների պարկը։

Լաուրա Գրիգորյան