ԵՆԹԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՊԱՅՄԱՆ

Հադրութի շրջանում գործող Տողի և Ուխտաձորի ենթաշրջանի համայնքների գյուղատնտեսության  զարգացման ծրագրերը նպատակ են հետապնդում ենթաշրջանի համայնքներում առկա հողային, աշխատանքային, նյութատեխնիկական ռեսուրսների արդյունավետ  օգտագործման և համալրման  արդյունքում նախադրյալներ ստեղծել բնակչության  կենսապայմանների բարելավման,  արտահոսքի մեղմացման և կանխման, արժանավայել ու անվտանգ ապրելու և բարիքներ ստեղծելու համար:

 Նախատեսված է  իրականացնել կերային բազմամյա խոտաբույսերի մշակություն, պտղատու այգիների հիմնադրում, ոռոգման համակարգերի բարելավում, գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերում,  անասնաշենքերի վերանորոգում, դաշտերի մաքրում, դաշտամիջյան ճանապարհների բարեկարգում: 

Այդ  աշխատանքներն իրականացնելու համար 2015թ. նախատեսված էր  95 մլն 888 հազար դրամ, այդ թվում կերային բազմամյա խոտաբույսերի  ցանքսի և մշակության համար՝ 1944  հազ. դրամ, պտղատու այգիների հիմնադրման համար՝ 7365 հազար դրամ, ոռոգման համակարգերի բարելավման համար` 25574 հազար դրամ, գյուղտեխնիկայի ձեռքբերման համար` 18506 հազար դրամ, անասնաշենքերի վերանորոգման համար` 40500 հազար դրամ:

Ինչպես տեղեկացրեց շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության, հողաշինարարության և հողօգտագործման բաժնի վարիչ Ստեփան Հակոբյանը,  Ուխտաձորի ենթաշրջանի համայնքներին անհատույց հատկացվել է 4438 կգ կորնգանի սերմացու, 2250 լիտր դիզվառելիք, որով իրականացվել է 45 հա ցանքս: Տողի ենթաշրջանի համայնքներին հատկացվել է 3511 կգ  կորնգանի սերմացու, 1500 լիտր դիզվառելիք, որով պետք է կատարվեր 36 հա կորնգանի ցանքս: Եթե Մոխրենես համայնքում լրիվությամբ կատարվել է կորնգանի ցանքսը, ապա Տումու և Թաղոտի համայնքներում այն դեռևս ավարտին չի հասցվել:

Համայնքներին տրամադրվել են  7420 տնկիներ, ինչը հնարավորություն է տվել հիմնադրելու  նոր պտղատու այգիներ: Մի շարք համայնքներում  խամ ու խոպան  տարածքներ են մաքրում  պտղատու այգիներ հիմնադրելու համար:

Գյուղատնտեսական տեխնիկա  ձեռք բերելու համար  նախատեսված գումարներից ծախսվել է 10մլն դրամ, Ծակուռի համայնքին տրամադրվել է 1 սկավակավոր փոցխ, Պլեթանց համայնքին` ԴՏ-75 մակնիշի տրակտոր, Ջրակուս համայնքին` ՄՏԶ  անիվավոր տրակտոր, Տող համայնքին` սերմազտիչ, Տումի համայնքին` ծղոտամամլիչ:

Վարկերի տեսքով  հատկացված փոխառություններից ծախսվել է 13 մլն դրամ, որի հաշվին  ձեռք է բերվել 60 գլուխ ՄԵԱ Ուխտաձորի ենթաժրջանի, 47 գլուխ ԽԵԱ՝ Տողի ենթաշրջանի համայնքներում: Ենթաշրջանների համայնքներում պահպանվել է կայուն անասնագլխաքանակ: Ոռոգման համակարգերի բարելավման նպատակով արտեզյան ջրհորներ են փորվել Ջրակուս, Ակնաղբյուր, Քյուրաթաղ, Ուխտաձոր համայնքներում: Արտեզյան ջրհոր է վերանորոգվել Մեծ Թաղեր համայնքում: Քյուրաթաղում փորված ջրհորը դեռևս չի օգտագործվում: Վերանորոգվել են Դրախտիկ-խաչմերուկ,    Զարգար-խաչմերուկ, ՙԴրմանա  բանդ՚-գինու գործարան ճանապարհները: Ծրագիրը կշարունակվի նաև 2016 թվականին: Մնում է հուսալ, որ շրջանների համայնքների գյուղատնտեսության զարգացման ծրագրերով նախատեսված գումարները լրիվությամբ կծախսվեն ի նպաստ համայնքների զարգացման:

Էդիկ ԴԱՎԹՅԱՆ

ք. Հադրութ