Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԱՌՆԱԼ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՔԸ

Թեպետ ԼՂՀ հռչակումից արդեն 25 տարի է անցել, բայց շատերը դեռ Արցախի արդյունաբերության խորհրդային տարիների հնարավորություններն են հիշում:

Միայն Ստեփանակերտում հազարավոր մարդիկ էին գործարաններում աշխատում: Ազատամարտից հետո պատկերը բոլորովին այլ էր: Միայն մեկ-մեկուկես տասնամյակ անց որոշակի տեղաշարժեր արձանագրվեցին բազմաթիվ փորձությունների միջով անցած, նորանկախ մեր հանրապետության  արդյունաբերության զարգացման գործընթացում: Եվ այսօր էլ աճի տեմպը պահպանվում է՝ հակառակ առկա դժվարություններին: Ի՞նչ չափով եւ ի՞նչ ուղղություններով. մանրամասնել է ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:

- Պարոն Խաչատրյան, նրանք, ովքեր տեսել եւ հիշում են խորհրդային տարիներին Արցախում աշխատող գործարանները, անգամ հանրապետության հռչակումից 25 տարի անց կիսամեղադրանքներ են ուղղում իշխանությանը՝ ինչո՞ւ դրանք չպահպանվեցին: Անկախության հռչակումից հետո կա՞ր այդ ամենը պահպանելու հնարավորություն:

- Սկսենք նրանից, որ ԽՍՀՄ-ում առևտրատնտեսական կապերի ձևավորման ու համակարգման  հիմքում ընկած էր ոչ թե տնտեսական արդյունավետության, այլ միջհանրապետական  կապերի արհեստական ստեղծումն ու ամրացումը: Խորհրդային Միության փլուզման հետ փլուզվել էր նաեւ տվյալ համակարգը: Նոր տնտեսական պայմաններում տնտեսվարող սուբյեկտները ստիպված էին ինքնուրույն փնտրել իրենց գործընկերներին և հաստատել  նոր գործնական կապեր զրոյից: Հաշվի առնելով, որ Արցախի տնտեսությունն ինքնուրույն եւ ինքնաբավ չէր, կախված էր այլ հանրապետություններում գտնվող գնորդների հետ արհեստականորեն ստեղծված տնտեսական կապերից, որոնք չէին պահպանվել ԽՍՀՄ փլուզումից հետո, հանրապետության հռչակման պահից Արցախի տնտեսության դեպրեսիվ վիճակը կարելի է համարել օբյեկտիվ եւ հասկանալի: Ամեն ինչ անհրաժեշտ էր սկսել գրեթե զրոյից:

- Բոլոր ծրագրերը սրբագրեց պատերազմը: Արցախի տնտեսության նախկին հնարավորություներից ի՞նչ էր մնացել պատերազմից հետո:

- Միանշանակ է, որ պատերազմը եւ շարունակվող շրջափակման գործոնն իրենց բացասական  ազդեցությունն են ունեցել մեր երկրի տնտեսության վրա, որն անկախության հռչակման պահին բնութագրվում էր գործող տնտեսական կապերի խզմամբ, արտադրատնտեսական բազայի կործանմամբ, անհրաժեշտ ենթակառուցվածքների եւ ներդրումային ներուժի բացակայությամբ: Սակայն, որպես ելակետ, մենք ունեցել ենք մեր բնական ռեսուրսները, արտադրական ավանդույթներն ու մարդկային ներուժը: Մասնավորապես, ուզում եմ նշել մի շարք ավանդական արտադրություններ, որոնք, չնայած բարդ տնտեսական պայմաններին, պահպանվել ու զարգացել են եւ առայսօր շարունակում են արտադրել մրցունակ արտադրանք, որը պահանջարկ է վայելում ոչ միայն ներքին, այլեւ արտաքին շուկայում: 

- Պատերազմից հետո ի՞նչ առաջնահերթություններ կային Արցախի տնտեսական կյանքում: Ի՞նչ արվեց:

- Հետպատերազմյան տարիներին տնտեսության վերականգնման ասպարեզում պետության հիմնական խնդիրներից էր ենթակառուցվածքների՝ ճանապարհային ցանցի, էլեկտրագազամատակարարման, կապի եւ տրանսպորտի ոլորտների ապահովումը՝ որպես տնտեսական զարգացման հենք: Պետության գլխավոր գործառույթներից էր նաեւ լիարժեք ինստիտուցիոնալ բազայի ստեղծումը, որը նույնպես բավական հաջող իրագործվել է. իրականացվել են մի շարք բարեփոխումներ, մասնավորապես, անց  կացվեց անշարժ գույքի մասնավորեցում, ինչը խթան դարձավ մասնավոր նախաձեռնության եւ ձեռնարկատիրության զարգացման համար: Պատերազմից հետո ավանդական արտադրությունների հետ միաժամանակ հանդես են եկել տնտեսության նոր ճյուղեր, մասնավորապես, 2002թ.-ից ստեղծվել և զարգացել է հանքարդյունաբերությունը: Հանդիսանալով երիտասարդ ճյուղ՝ հանքարդյունաբերությունն, այնուամենայնիվ, նշանակալից տեղ է զբաղեցրել երկրի տնտեսության ՀՆԱ-ի կառուցվածքի մեջ:

-Արված քայլերը գնահատելու եւ վերագնահատելու առիթ եղավ հրադադարի հաստատումից բավական անց: 2008-2009թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի շրջանում օրակարգ մտավ Արցախի տնտեսության դիվերսիֆիկացման հարցը: Արդեն մոտ 10 տարի է անցել: Ի՞նչ է փոխվել:

-2008-2009թթ. ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ դրա հետ կապված հումքային արտադրանքի գների կտրուկ նվազումը զգալիորեն փոփոխել են ԼՂՀ-ի ՀՆԱ-ի կառուցվածքը եւ ընդգծել դրա հետագա դիվերսիֆիկացման՝ ճյուղերի հավասարաչափ զարգացման, հանքարդյունաբերության կենտրոնացումից խուսափելու անհրաժեշտությունը: Մեծ ուշադրություն է դարձվել մշակող, մասնավորապես, սննդամթերքի արտադրության վրա, հատկապես ուղղված արտահանմանը: Նշեմ նաեւ տուրիզմի եւ հյուրանոցային բիզնեսի ոլորտում մեր հնարավորությունները: 2007 թվականից ի վեր օտարերկրյա քաղաքացիների այցելությունների թիվը մեր հանրապետություն գրանցում էր 35-40 տոկոս տարեկան աճ: 2015 թվականին Արցախ է այցելել ավելի քան 16 հազար օտարերկրյա զբոսաշրջիկ:  Ավելացել է հյուրանոցային տնտեսությունների թիվը: Ներկա դրությամբ հանրապետության տարածքում գործում է 43 հյուրանոցային տնտեսության օբյեկտ: 

Առանձին ուշադրության է արժանի հիդրոէներգետիկան. վերջին 7-8 տարիների ընթացքում նոր հէկերի կառուցումը հնարավորություն ընձեռեց հասնել էլեկտրաէներգիայով ինքնաապահովման մակարդակին. 2015 թվականին Արցախում սպառված էլեկտրաէներգիայի 76%-ն արտադրվել է Արցախում, իսկ 2016թ. առաջին կիսամյակի արդյունքներով՝ արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը գերազանցել է սպառումը, եւ շուրջ 21,3 մլն կՎտ/ժ էլեկտաէներգիա արտահանվել է ՀՀ: Բացի վերոնշյալից, հատուկ ուշադրություն է դարձվում ՏՏ ոլորտին, հաշվի առնելով դրա պահանջվածությունը այսօրվա իրականության մեջ: Դիվերսիֆիկացիայի քաղաքականությունը շարունակական է լինելու:

-Փորձենք ասվածը թվերի տեսքով ներկայացնել: Այսօր որքա՞ն աշխատատեղ ունենք արդյունաբերության ոլորտում: Աշխատատեղերի թվում աճի կամ նվազման ի՞նչ դինամիկա ենք ունեցել անկախության տարիներին:

-Եթե վերլուծենք արդյունաբերության ոլորտում զբաղվածության դինամիկան, ապա թվերը շատ խոսուն են. եթե 2007 թվականին արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմում էր 5 095 մարդ, ապա 2016 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով այդ ցուցանիշը կազմել է 6 315 մարդ, այսինքն աճել է 24 տոկոսով:

-Մի քանի խոսք արդյունաբերության համախառն արտադրանքում արձանագրված դինամիկայի մասին:

-Աշխատատեղերի ավելացումը, բնականաբար, պայմանավորվել է ճյուղի համախառն արտադրանքի դինամիկայով: Վերջին տասնամյակում արդյունաբերական արտադրանքի ծավալները  կրկնապատկվել են: 2015 թվականին այն հասել է 53,5 մլրդ դրամի, ձևավորելով ՀՆԱ-ի 16,4 տոկոսը: Արդյունաբերական արտադրության ավելի քան 40 տոկոսը բաժին է ընկել մշակող արդյունաբերությանը, մոտ 24 տոկոսը` հանքարդյունաբերությանը եւ 34  տոկոսը` էներգետիկային:

-Խորհրդային տարիներին Արցախում շատ դեպքերում ապրանքը վերջնական տեսքով չէր արտադրվում: Հետագա մշակումը իրականացվում եւ արտադրանքը վերջնական տեսքի էր բերվում Արցախից դուրս: Անկախությունից հետո իրավիճակը փոխվեց: Արդեն Արցախն ինքը պետք է վերջնական արտադրանք տա: Այսօր ի՞նչ ենք կարողանում շուկա հանել ՙԱրտադրված է Արցախում՚ գրությամբ:

-ԼՂՀ արտահանման ծավալների եւ կառուցվածքի վրա զգալիորեն ազդում է միջազգային շուկան` իր պահանջարկով, խոչընդոտներով, արցախյան արտադրանքի մասին տեղեկացվածության աստիճանով: Արտահանման կառուցվածքում առաջատարը շարունակում է մնալ հանքարդյունաբերական արտադրանքը. 2015 թվականին դրա ծավալը կազմել է 25,3 մլն ԱՄՆ դոլար,  կամ ԼՂՀ ընդհանուր արտահանման ավելի քան 40 տոկոսը: Նշենք, որ ՙԱրտադրված է Արցախում՚ պիտակի տակ այսօր միջազգային շուկա կարողանում ենք արտահանել ավանդական ալկոհոլային արտադրանքը (հիմնականում կոնյակ), ինչպես նաեւ միրգ-բանջարեղենային պահածոներ: Արտաքին սպառողների հետաքրքրությունն առաջացնող ապրանքների ցանկում ներառված է նաեւ ավանդական գորգագործական արտադրանքը: Վերջին տարիների ընթացքում նկատվում էր արտահանման ծավալների դրական դինամիկա՝ տարեկան միջինը 6,3 տոկոսի չափով աճ, սակայն 2015 թվականին գրանցվել է արտահանման ծավալների նվազում. այդ տարվա արտահանումը կազմել է 62 մլն ԱՄՆ դոլար, նախորդ տարվա 64,7 մլն ԱՄՆ դոլարի դիմաց: Դրա պատճառներից էր նաև փոխարժեքային տատանումների գործոնը: Ստեղծված իրավիճակում արդիական դարձավ արտահանման պետական աջակցության ռազմավարության մշակման հարցը: Ռազմավարության դրույթներն ի կատար կածվեն արտահանողներին պետական աջակցության տարեկան ծրագրի միջոցով:

-Փորձենք ընդհանուր գծերով ամբողջացնել թեման. ինչի՞ է հասել Արցախի տնտեսությունը  անկախության 25 տարիների ընթացքում եւ ի՞նչ նշաձողի ենք ձգտելու առաջիկա 25 տարիներին:

-Անցած 25 տարիների ընթացքում լուրջ աշխատանք է տարվել Արցախի տնտեսության վերականգման եւ հետագա զարգացման համար անհրաժեշտ բազայի ստեղծման ուղղությամբ: Անգամ Արցախի ճանաչված չլինելու պարագայում եւ անգամ շարունակվող շրջափակման պայմաններում մենք բոլոր հիմքերն ունենք առաջիկա տարիներին եւս տնտեսական աճի տեմպերը պահպանելու համար: 

 

Հարցազրույցը՝ 

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆԻ