[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈՂԻ ՀԵՏ ՆՈՐՈՎԻ ԱՇԽԱՏԵԼՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ  խորհրդատվություն է անցկացրել Մարտակերտում 

 Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 5-ին Մարտակերտ քաղաքում խորհրդակցություն է անցկացրել  շրջանի համայնքապետերի և խոշոր հողօգտագործողների մասնակցությամբ, քննարկվել են  գյուղատնտեսության զարգացման նոր  հայեցակարգի մշակման հետ կապված հարցեր։ Խորհրդակցությանը մասնակցում էին նաեւ Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավորներ, կառավարության  անդամներ, շրջանի հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ։

Անդրադառնալով նախորդ տարիների գյուղատնտեսության ոլորտին՝ վարչապետ Արայիկ Հարությունյանը նշել է, որ այդ տարիների ընթացքում մշակվել են մի շարք ծրագրեր, որոնք հնարավորություն են տվել ոլորտում զգալի հաջողություններ արձանագրել, սակայն ամբողջությամբ չեն լուծվել խնդիրները, ուստի այստեղ պետք է փոխել գործելաոճը և զարգացման քաղաքականության մեջ հաշվի առնել մթերքների արտադրության առավել ժամանակակից մեթոդները, մրցակցային առավելությունները, շուկայի պահանջարկը։ Ասել է թե՝ հողի հետ  նորովի աշխատելը դարձել է անհրաժեշտություն։ 

Կառավարության ղեկավարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է նոր  հայեցակարգի վերաբերյալ իր մոտեցումները,  նշելով, որ  գյուղատնտեսության զարգացման հայեցակարգը միտված է նախորդ տարիների ձեռքբերումներն  ի մի բերելուն, ինչպես նաեւ նոր ու արդյունավետ լուծումներ առաջարկելուն, որով պետք է առաջնորդվենք առաջիկա տարիներին։ Ըստ հայեցակարգի նախնական դրույթների՝ կառավարությունը խուսափելու է գյուղմթերքի վերջնական գնագոյացման գործում ուղղակի միջամտությունից, փոխարենը նախնական աջակցություն կցուցաբերվի գյուղատնտեսական արտադրանք ստեղծողներին։ Բացի դրանից, նախատեսում են խթանել ոռոգման ջրախնայողական արդի տեխնոլոգիաների կիրառումը, ցանքաշրջանառության կանոնների պահպանումը և, ընդհանրապես, հողի գրագետ մշակումը։ Ա. Հարությունյանը հանգամանալից կանգ է առել հողի մշակման տեխնոլոգիաների վրա եւ նշել, որ երկրագործության մեջ առաջընթաց ապահովելու համար համայնքային և պետական պահուստների չմշակվող հողատարածքները վարձակալությամբ կտրվեն համապատասխան հավաստագրեր ունեցող հողօգտագործողներին։ Պետությունն  էլ իր հերթին աջակցելու է այն հողօգտագործողներին, ովքեր գրագետ ձեւով  տիրապետում են հողի մշակման մեխանիզմներին։  

Վարչապետն անդրադարձել է նաեւ անկանոն անասնապահության խնդրին։ Չպետք է թույլ տալ,  որ  անասնապահությունը խանգարի հողագործությանը։ Նշվել է, որ այդ դեպքում կիրառվելու են խիստ միջոցներ՝ խնդիրը կանոնակարգելու համար։ Եթե տվյալ անասնատերը հետագայում եւս խնդրին ուշադրություն չդարձնի, զրկվելու է անասնապահությամբ զբաղվելու հնարավորությունից։

Այնուհետեւ ելույթով հանդես է եկել  ԼՂՀ  գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը, նշելով, որ,  իրոք, այսօր լուրջ խնդիր է դրված հողօգտագործողների առջեւ։ Նա եւս շատ կարեւոր է համարել ցանքաշրջանառությունը, որն ըստ նրա՝առաջնային է։ Ցանքաշրջանառության դեպքում հողի մեջ պահպանվում է խոնավությունը, այն կարեւոր նշանակություն ունի նաեւ հողի բերրիության բարձրացման գործում։ Այսինքն, ցանքաշրջանառությունը մշակաբույսերի հաջորդականությունն է ժամանակի ընթացքում և տարածության մեջ, որն իր մեջ ընդգրկում է հողի մշակման և պարարտացման ճիշտ համակարգը։  

Արամ Մխոյանը հայտարարության կարգով նշել է, որ գյուղնախարարությունում անց են կացվելու դասընթացներ, հետեւապես գյուղերում պետք է ընտրել երիտասարդների, ովքեր պիտի մասնակցեն այդ դասընթացներին եւ ստանան համապատասխան գիտելիքներ։ 

Շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը հետաքրքրվեց այն հարցով, թե հայեցակարգի մեջ լինելո՞ւ է, արդյոք, իրացման շուկայի խնդիրը, որին ի պատասխան վարչապետը նշեց, որ նման խնդիր   ընդհանրապես չի լինելու։

Գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի մասին իր խոսքն ասաց Արմո Ծատուրյանը, ով երկար տարիներ զբաղեցրել է գյուղնախարարի պաշտոնը։ Նրա կարծիքով, ցանքաշրջանառությունը կարեւոր նշանակություն ունի արդյունավետ բերքատվության համար։ 

 ԼՂՀ  ԱՎԾ  նախագահի տեղակալ, հողօգտագործող Վլադիկ Սարգսյանը  եւս իր խոսքն ասաց հողամշակման մասին։ Նա նշեց, որ որոշ հողօգտագործողներ բերքը ստանալուց հետո վառում են խոզանը, ինչն էլ շատ սխալ է։ Գյուղնախարարը ևս խնդրին անդրադառնալով՝ նշեց, որ նման բան անթույլատրելի է, իհարկե, հողատարածքների այրումն անչափ վնասում է հողի բերրիությանը։

Շրջանի  Նոր Հայկաջուրի գյուղական համայնքի ղեկավար Արտակ Դանիելյանի հարցը գյուղում ոռոգովի  ջրի պակասի մասին էր, հատկապես գարնանացան կատարելու ժամանակ, ուստի ցանքաշրջանառության կիրառումն այնտեղ  հնարավոր չէ։  Իր անդրադարձում վարչապետը նշեց, որ  այն համայնքներում, որտեղ չկա ոռոգում, ցանքաշրջանառություն չի լինելու։  

Խորհրդակցությանը խոսք գնաց պարարտանյութերի ճիշտ ընտրության, օգտագործման, մկնանման  կրծողների դեմ կիրառվող թունաքիմիկատների արդյունավետ  կիրառման շուրջ։

Խորհրդակցության ավարտին շրջվարչակազմի ղեկավարը համայնքների ղեկավարներին հանձնարարեց տեղերում ավագանու անդամների հետ միասին ևս խորհրդակցություն անցկացնեյ, որպեսզի  գյուղաշխարհի մարդիկ նույնպես տեղեկացված լինեն  ոլորտի  զարգացման նոր հայեցակարգի մասին։

Լուսինե ԶԱՔԱՐՅԱՆ

ք. Մարտակերտ