[ARM]     [RUS]     [ENG]

ԼՈՒԾՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ԿԵՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐ

Ասկերանի շրջանի Ծաղկաշատ (նախկին Ղշլաղ) գյուղում խմելու ջրի հիմնախնդիրը տասնամյակների վաղեմություն ունի, պատահական չէ, որ կենսական նշանակության այդ հարցին բազմիցս  անդրադարձել է համայնքի և շրջանի ղեկավարությունը։

Եվ ահա Արցախում ՙSPFA՚ ֆրանսիական բարեգործական կազմակերպության գործերի համակարգող Ժակ Մաթոսյանի աջակցությամբ և ՙՍեդրիկ Մարտեն՚ հիմնադամի ֆինանսավորմամբ այստեղ լուծվեց խմելու ջրագծի կառուցումը։ 

Հիմանդրամն ունի կոնկրետ նպատակ. օգնության ձեռք մեկնել գյուղական համայնքներին՝ սանիտարական վիճակի բարելավման, հատկապես ջրերի մաքրման ու մատակարարաման գործում։ Ի դեպ, Դանիել և Ժակ Մարտենների որդին՝ Սեդրիկը, ստանալով Ժնևի համալսարանի Երկիր մոլորակի գիտությունների դիպլոմը և հմտանալով տելեդեդեկցիայի բնագավառում (արբանյակի միջոցով Երկիր մոլորակի ուսումնասիրության մեթոդ), Կարմիր խաչի միջազգային կոմիտեում աշխատանքի է անցնում որպես սանիտարական ինժեներ և աշխարհի տարբեր մասերում (հատկապես՝ պատերազմական գոտիներում) իրականացնում ջրերի ախտահանման ու մաքրման աշխատանքներ։ Այդպիսի մի վտանգավոր առաքելություն իրականացնելուց հետո վերադառնալիս Սեդրիկ Մարտենն իր երկու ընկերների հետ սպանվում է։ 

Օրերս գյուղում տեղի ունեցավ խմելու ջրագծի  բացման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, շրջանի տարբեր  կառույցների ղեկավարներ, ծաղկաշատցիներ, հյուրեր։ 

Ծաղկաշատցիները հյուրերին ընդունեցին ավանդական աղ ու հացով։ 

Բացման և ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Ծաղկաշատի Գարիկ Մեհրաբյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Կասյանը։ Ըստ նրա՝ դեռևս տասնամյակներ առաջ համայնքը բազմաթիվ խնդիրներ ուներ։ Իսկ այսօր գյուղն ապահովված է բնական գազով, համացանցով, բնակիչներն օգտվում են ֆիքսված և բջջային հեռախոսակապից, հիմնանորոգված է դպրոցական շենքը, գյուղի կենտրոնական ճանապարհները բարեկարգված են, կառուցվել են հիմնապատեր, փողոցները լուսավորված են։ Համայնքային մի շարք խնդիրներ իրենց լուծումներն են ստացել շրջանի ղեկավարության հոգածության, գյուղում իրականացվող բարեգործական ծրագրերի շնորհիվ։ Գյուղի զարգացման և կայացման գործում մեծ է Ժասիկ Բունիաթյանի և նրա եղբայր Կարեն Բունիաթյանի ներդրումը, շնորհիվ որոնց Նիկոլ Դումանի տուն-թանգարանն Արցախի այցեքարտերից մեկն է դարձել։

Խմելու ջրի հիմնախնդրի լուծմամբ ծաղկաշատցիների համար իրականություն դարձավ ևս մեկ երազանք՝ ունենալ շուրջօրյա ջրամատակարարում։

- Մենք Սփյուռքի և մեզ զորավիգ հայրենակիցների հետ հասկացանք մի պարզ ճշմարտություն.  լիակատար հաղթանակի համար անհրաժեշտ է ոչ միայն հզոր ոգի, այլև տնտեսապես զարգացած երկիր։ Մենք ամեն մի արկակոծված դպրոցի, տան փոխարեն նորն ենք կառուցում՝ հիմքում դնելով մեր անկոտրում կամքն ու ապրելու անմար սերը։ Եվ հարատև է լինելու արցախցու աննկուն ոգին՝ վիրավոր, բայց ոչ պարտվող, հաղթական,- ասաց Ա. Կասյանը։ 

Ծաղկաշատի համայնքի ղեկավար Շմավոն Շահրամանյանը ներկայացրեց գյուղի պատմությունն ու ներկայիս վիճակը, նշելով, որ խմելու ջրի խնդիրը տարիներ շարունակ հուզում էր Ասկերանի շրջանի և հանրապետության ղեկավարությանը, ովքեր ուղիներ էին փնտրում խնդրի լուծման ուղղությամբ։ Եվ այսօր ծաղկաշատցիների համար իսկական տոն է, քանզի լուծվել է  նաև ռազմավարական նշանակության խնդիր։

Ելույթ ունենալով համագյուղացիների անունից՝ գյուղաբնակ Ժորա Սարգսյանը երախտագիտություն հայտնեց բարերարներին՝ նշելով, որ այդ քայլով ծաղկաշատցին ավելի ամուր կկապվի իր օջախին, մայր հողին։

Ծաղկաշատում խմելու ջրացանց անցկացնելու և համայնքի բնակիչներին  շուրջօրյա ջուր մատակարարելու համար Ժակ Մարտենին համայնքի ավագանու որոշմամբ շնորհվեց Ծաղկաշատի համայնքի պատվավոր քաղաքացու կոչում։

Իր հերթին Ժակ Մարտենը շնորհակալություն հայտնեց նման պատվի արժանացնելու համար, նշելով, որ իրենց համար մեծ ուրախություն է մարդկանց երջանկություն պարգևելն ու նրանց սոցիալ-կենցաղային խնդիրները փոքր-ինչ  թեթևացնելը։ Նա նաև զարմացած էր, թե ինչպես է հաջողվել նման քարքարոտ վայրում այպիսի հրաշալի աշխատանք իրականացնել։ Ծաղկաշատցիներին բարի վայելում ցանկանալով՝ Ժակ Մարտենը երջանկություն և հարատև խաղաղություն մաղթեց բոլորին։

Հանդիսավոր միջոցառմանը դպրոցի աշակերտները հանդես եկան հայրենասիրական բանաստեղծությունների արտասանություններով. արտասանություններ հնչեցին ղարաբաղյան բարբառով, խոնարհումի խոսքեր՝ Արցախն ազատագրած հերոսների, հերոսածին մայրերի հասցեին։

Կարմիր ժապավենը կտրելու պատվավոր առաքելությունը տրվեց տեր և տիկին Մարտեններին և տեր և տիկին Մաթոսյաններին։

Որպես հավերժության խորհրդանիշ՝ դարերից եկող ու դեպի դարեր հոսող կենարար ջուրը բուռ առ բուռ ըմպվում էր, որի ամեն մի կաթիլը հագեցնում էր հայրենիքի կարոտը։

Միջոցառման վերջում հյուրերն այցելեցին Նիկոլ Դումանի տուն-թանգարան և ծանոթացան հայ մեծ հայդուկապետ, ծննդով ծաղկաշատցի Նիկոլ Դումանի կյանքին ու ֆիդայական պայքարի դրվագներին։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ք. Ասկերան