[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՆԵԼԻՔՆԵՐ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

Մեր պետականության կերտման  25 տարիների ընթացքում կապիտալ շինարարության բնագավառում բազում խնդիրներ են լուծում ստացել։

Պետական միջոցներով, տարբեր  հիմնադրամների, բարերարների  կողմից կատարված ներդրումների շնորհիվ վերկանգնվել են Հադրութի շրջանի բռնագաղթի  ենթարկված 14 գյուղերը, պատերազմի հետևանքով ավերված և քանդված ոչ քիչ  բնակավայրեր: Կատարված և կատարվելիք աշխատանքների մասին մեր հարցազրույցում իր նկատառումներն է ներկայացնում շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և տեղական ինքնակառավարման  (ՔՏԻ) բաժնի վարիչ Արծվիկ ՄԱՅԻԼՅԱՆԸ: 

¬Պարոն Մայիլյան,  կխնդրեինք  ներկայացնել վերջին քառորդ  դարի ընթացքում շրջանում  կապիտալ շինարարության ուղղությամբ կատարված աշխատանքների համառոտ բնութագիրը:

¬1991 թվականի մայիսին շրջանի հարավային թևի 14 գյուղերի բռնագաղթը և նրան հաջորդած ակտիվ պատերազմական գործողություններն աննախադեպ վնասներ են բերել  շրջանի  տնտեսությանը: Ավերվել են 1500-ից ավել բնակելի տներ, տասնյակ դպրոցական, բուժական, հասարակական և արտադրական նշանակության շենքեր, էլեկտրագծեր, ջրատարներ, տեղական նշանակության ճանապարհներ: Հրադադարից հետո հիմնական  ուշադրությունը նախևառաջ դարձվել է բռնագաղթի ենթարկված գյուղերի վերականգնման վրա: Կառուցվել են 100-ից ավել բնակելի տներ, ինչը հնարավորություն է տվել բնակիչներին վերադառնալ  հայրենի օջախները: Հրետակոծությունից տուժած մոտ 1000 բնակելի տներ վերանորոգվել են: Դպրոցական շենքեր են կառուցվել Բանաձոր, Արևշատ, Առաքել, Խանձաձոր, Հակակու, Դրախտիկ, Քյուրաթաղ, Ծամձոր համայնքներում: Ավարտման փուլում է Ազոխի և Ուխտաձորի դպրոցական շենքերի շինարարությունը:  Հիմնովին վերանորոգվել են Հադրութի, Տողի, Վարդաշատի, Թաղասեռի, Այգեստանի, Ակնաղբյուրի, մասնակի՝ Մոխրենեսի և Ջրակուսի դպրոցները: Նախադպրոցական հիմնարկներ են կառուցվել Դրախտիկ, Ազոխ, Տումի, Առաքել գյուղական համայնքնրում,  Հադրութ քաղաքում: ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի միջոցներով  հիմնովին վերանորոգվել են ՙՀադրութի բուժմիավորում՚ ՓԲԸ¬ի մասնաշենքերը: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ՀՕՓ և այլ բարերարների կողմից բուժհիմնարկներ են կառուցվել Ծամձոր, Հակակու, Բանաձոր, Արևշատ, Հայկավան, Խանձաձոր, Առաքել, Նորաշեն գյուղերում: Հիմնովին վերանորոգվել են Մեծ Թաղերի, Տումու, Ազոխի գյուղական բուԺմիավորումները։Համայնքային կենտրոններ են կառուցվել Դրախտիկ, Ակնաղբյուր համայնքներում, շինարարական աշխատանքներ են իրականացվում Տումու, Քյուրաթաղի և Թաղասեռի համայնքային կենտրոններում։ Շրջանը լրիվությամբ էլեկտրիֆիկացված է: Դրախտիկ, Ազոխ, Մեծ Թաղեր, Տող գյուղական համայնքները և Հադրութ քաղաքը գազիֆիկացված են: Նոր ջրատարներ են կառուցվել Բանաձոր, Առաքել, Հին Թաղեր, Խծաբերդ, Ծամձոր, Ջրակուս, Հարթաշեն, Ուխտաձոր, Քյուրաթաղ, Ակնաղբյուր,Հակակու, Թաղոտ, Տող, Մեծ Թաղեր, Ազոխ, Դրախտիկ և այլ համայնքներում: Վերակառուցվում է Հադրութ քաղաքի  ներքին ջրատար ցանցը: Կառուցվել է ՙԱրջ աղբյուր՚ - Հադրութ 22 կմ երկարությամբ ջրատարը:

Աշխատանքներ են տարվել  նաև ճանապարհաշինության ուղղությամբ։ Կառուցվել է ՙՀյուսիս¬հարավ՚ մայրուղու Կարմիր Շուկա-Հադրութ հատվածը և այդ մայրուղուց Դիզափայտի ստորոտ ճանապարհը, որը հուսալի կապ է ապահովում այդ ենթաշրջանի համայնքների հետ: Միաժամանակ կառուցվել է ՙՀյուսիս¬հարավ՚ մայրուղուց-Ծակուռի-Ակնաղբյուր ճանապարհահատվածը: Այդ տարիներին որոշակի  աշխատանքներ են  իրականացվել տեղական նշանակության ճանապարհների վերանորոգման և շահագործման վրա, զգալի ներդրումներ  կատարվել  արտադրական նշանակության օբյեկտների շինարարության մեջ:

   ¬  Ապրիլյան քառօրյա պատերազմը բազում ծրագրեր է անավարտ թողել, 2016 թվականին ի՞նչ ծավալի աշխատանքներ են իրականացվել շրջանում:

 ¬2016 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ  պետական բյուջեի միջոցների հաշվին շրջանում կատարվել են 223 մլն 365 հազ. դրամի շինարարական աշխատանքներ, որոնք ներառում են բնակարանային, կրթական և հասարակական նշանակության օբյեկտների,  ջրամատակարարման  և ոռոգման համակարգերի շինարարություն, ավտոճանապարհների վերակառուցում, վերանորոգում և պահպանում: Բնակարանային շինարարության համար ծախսվել է 79 մլն 576 հազ. դրամ: Կրթական  օբյեկտների շինարարության և գույքի ձեռքբերման համար ծախսվել է 62մլն 412 հազ. դրամ, հասարակական և վարչական նշանակության օբյեկտների կառուցման և վերանորոգման համար ծախսվել է 7 մլն 239 հազ. դրամ, ոռոգման և ջրամատակարարման համակարգերի զարգացման ու շահագործման  վրա՝ 5 մլն 162,2 հազ. դրամ: Ավտոճանապարհների վերակառուցման, վերանորոգման ու պահպանման  համար ծախսվել է 19 մլն 379,3 հազ. դրամ: ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի հետ համաֆինանսավորվող օբյեկտների կառուցման վրա ծախսվել է 49 մլն 594 հազ. դրամ: Ընթացիկ  տարում ավարտին են հասցվել Արաքսի հովտում Հայաստանի ագրարային համալսարանի համար  բազայի, Տումի գյուղում՝ մանկապարտեզի կառուցման աշխատանքները, վերանորոգվել են 7 բնակելի տների տանիքներ: Շրջվարչակազմի կապիտալ ներդրումների  ծրագրով  3մլն 500 հազ. դրամ է ծախսվել շինանյութերի ձեռքբերման վրա: Շրջանում պետական բյուջեի, ՙՀայաստան՚ հիմնադրամի, բարերարների և ֆիզիկական անձանց միջոցներով 197 օբյեկտներում իրականացվում են շինարարական տարբեր  աշխատանքներ: 

¬Հեռանկարային ի՞նչ ծրագրեր  կան  կապիտալ շինարարության բնագավառում։

¬ Չնայած  կատարվածին,  ինչը հնարավորություն է  տվել  շրջանում  լուծելու  մի  շարք  սոցիալ-տնտեսական  խնդիրներ, բայց և այնպես,  կան  բազմաթիվ  նման հարցեր, որոնք  2017թ.  և  հետագա  տարիներին  պետք է  լուծում  ստանան: Համայնքային  կենտրոնների  շինարարությունը, կրթական  համակարգի  օբյեկտների  կառուցումը  և  վերանորոգումը, բնակարանաշինությունը, խմելու ջրի, ոռոգման և գազամատակարարման համակարգերի կառուցումը, ճանապարհների  վերանորոգումը  օրակարգային  հարցեր  են, որոնք առաջիկա  տարիներին  պետք է անհապաղ   լուծում  ստանան: