[ARM]     [RUS]     [ENG]

ՈՐԱԿՅԱԼ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՅՄԱՆԸ ԲԱՐՁՐՈՐԱԿ ՀՈՒՄՔՆ Է

Գինեգործությունն Արցախի տնտեսության ավանդական ու կարևոր ճյուղերից մեկն է հանդիսանում։

Այսօր էլ արցախցին շարունակում է խաղող աճեցնել ու նրանից պատրաստել ոչ միայն գինի, այլ նաև օղի, կոնյակ, հյութեր, այլ ըմպելիքներ։ Խաղողի մշակումն իրականացվում է ինչպես խոշոր վերամշակման գործարաններում, այնպես էլ  տնային պայմաններում։ Վերամշակող ձեռնարկություններից  մեկն էլ Ստեփանակերտի կոնյակի գործարանն է, որն ունի Մարտունու և Կարմիր Շուկայի տեղամասեր։

Շրջանում գործող մասնաճյուղերի գործունեության մեջ յուրաքանչյուր տարի որոշակի փոփոխություն է կատարվում։ Մարտունու մասնաճյուղի տնօրեն Արարատ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ հետ զրույցը իրականացվող աշխատանքների, ձեռքբերումների ու դժվարությունների շուրջ է։ 

-Ինչպիսի՞ն էր գործարանի համար անցած տարին։

- Ասել, թե լուրջ ձեռքբերումներ կամ կտրուկ փոփոխություններ ենք ունեցել` սխալ կլինի։ Բայց առանձին դժվարություններ չենք ունեցել։ Պահանջվող քանակությամբ հումք մթերել ենք, մեր պայմանագրային պարտավորությունները ժամանակին կատարել։ Ընդհանուր առմամբ՝ լավ տարի էր։

-Իսկ ընթացիկ տարի՞ն։ 

-2016¬ը բարեհաջող չեղավ խաղողագործության համար, ինչը, բնական է,  էապես ազդում է մեր ընդհանուր գործընթացի վրա։  Աշխատանքներն սկսում ենք խաղողի մթերումից։ Արցախի խաղողագործներից ընդունել ենք 415տ խաղող։ Մեր հնարավորությունները մեծ են` կարող ենք ընդունել մինչև 4000տ, բայց քանի որ առայժմ մեր արտադրողներն այդքան չեն արտադրում,  ստիպված ենք լինում դիմել հայաստանյան խաղողագործներին։ Հայաստանից օրվա դրությամբ մթերել ենք 640տ խաղող, նախատեսված է 700¬ը։ 

-Ի՞նչ տեսակի խաղող է ընդունվում և քանի՞ դրամով։

-Ընդունում ենք ռկածիթելի, բանանց, խնդողնի, բոլգար, կանգուն տեսակների խաղող։ Տեխնիկական սորտերն ընդունում ենք 130-134 դրամով, սեղանի սորտերը` 119-125 դրամով՝ պայմանավորված խաղողի որակով և քաղցրությամբ։ Ես կուզենայի նշել, որ մեր տեղական խաղողը իր որակով զգալիորեն զիջում է Հայաստանում աճեցրած խաղողին, ինչը խոսում է մեր խաղողագործների կողմից կատարվող մշակման ոչ ճիշտ աշխատանքի մասին։ Ցավոք,  բացասական այդ գործոններն իրենց ազդեցությունն են թողնում և՜ բերքատվության, և՜ որակի վրա։ Որակյալ խմիչք ստանալու համար անհրաժեշտ է առողջ և որակյալ հումք, և այսօր մենք ավելի քան անհանգստացած ենք մեր խաղողագործության մակարդակով և որակով։ 

-Ինչպե՞ս եք տեսնում խնդրի լուծումը։

-Մասնագիտական ունակությունների մակարդակի բարձրացմամբ։ Խաղողի մշակությամբ զբաղվող մարդը պետք է գերազանցապես տիրապետի մշակման գաղտնիքներին և ճիշտ աշխատանք տանի այդ ուղղությամբ։ Անընդհատ խոսվում է պահանջվող ներդրումների մասին, ինչն ի վիճակի չէ կատարել հողօգտագործողը, և շեշտվում է բերքի բարձր ինքնարժեքի մասին, որը ստացվում է պահանջվող թունաքիմիկատների, պարարտանյութերի և այլնի ներդրման պայմաններում. անհրաժեշտ միջոցների ներդրման և աշխատանքի կատարման դեպքում կունենանք բարձր բերքատվություն,  որակյալ բերք, ինչը կարդարացնի ծախսերը։ Չունենք իրացման խնդիր. այդ հանգամանքը ևս  նպաստում է այգեգործության այս ճյուղի զարգացմանը։ Հայաստանում շատ ավելի էժան է խաղողի գինը, ինչը հենց իմ նշածի մասին է վկայում։

-Նախորդ տարիներին կային բողոքներ՝ պայմանավորված խաղողի մթերումից հետո գումարների մեծ ուշացումով։ Ինչպիսի՞ն է վիճակը հիմա։

-Այո, նախորդ տարիներին ունեինք նման խնդիր, բայց վերջին երկու տարում այդպիսի դեպքեր չեն գրանցվել։ Հենց ընդունման պահին կատարվում են վճարումները։

- Այս տարվա ընդունած խաղողի քանակի և գնի տարբերություն նախորդ տարվա համեմատ կա՞ր։

-2015-ին մթերվել է 2230տ խաղող, բայց այս տարի ավելի քիչ կլինի։ Մենք այս պատճառով, կրկնում եմ, ստիպված ենք առաջին անգամ հումք ներկրել Հայաստանից։ Ինչ մնում է գնին` նույնն է մնացել։ Հույս ունեմ հաջորդ տարին բարենպաստ կլինի տեղական խաղողի մշակման համար, և նորից մեր հանրապետության պաշարներով կկարողանանք ապահովել գործարանի լիարժեք գործունեությունը։

- Անդրադառնանք Մարտունու մասնաճյուղի արտադրանքին։

-Կարվին տեղամասում արտադրում ենք գինի, կոնյակ և կոնյակի սպիրտ։ Գինիներից արտադրվում են  ՙԽնդողնի՚՝ կարմիր և չոր, ՙՃարտար՚՝ սպիտակ չոր, ՙԳիշի ռոզա՚՝ վարդի բուրմունքով, ՙԽնդողնի՚ կիսաքաղցր,  ՙԲերդաշեն՚ կարմիր կիսաքաղցր և չոր։ Արտադրվում է ՙՄադաթով՚ կոնյակ` 3, 5, 7, 10, 15 տարվա հնեցմամբ։ Պատրաստում ենք նաև նռան կիսաքաղցր գինի։ 2015-ին ընդունել ենք մոտ 120տ նուռ։ Այս տարի հումքի ընդունումն ընթացք մեջ է։

- Միանշանակ յուրաքանչյուր արտադրության զարգացման համար մեծ է  շուկայի դերը։ Որտե՞ղ է իրացվում ձեր արտադրանքը։

-Արտադրանքն իրացվում է Արցախում, Հայաստանում, նաև արտասահմանյան մի շարք երկրներում։ Մեծ պահանջարկ ունի ՙՄադաթով՚ կոնյակը։ Ի դեպ, նշեմ, որ նախորդ տարի` ՙՀայաստան էքսպո¬ 2015՚ մրցույթում այն գրավել է առաջին մրցանակային տեղը, արժանացել մեդալի և համարվում է հայկական լավագույն կոնյակներից։ Սա բավականին լուրջ և կարևոր գնահատական է։ 

Կուզենայի արտադրանքի որակի հետ կապված մի լրացում կատարել. մենք աշխատում ենք ֆրանսիական տեխնոլոգիայով, ինչն ապահովում է որակ և պահանջարկ։ Հետաքրքրությունը մեր արտադրանքի նկատմամբ տարեցտարի մեծանում է, ավելանում է նաև պահանջարկը։ Այդ իսկ պատճառով աշխատում ենք նաև մեծ քանակությամբ արտադրանքի պահեստվորման ուղղությամբ, որպեսզի ավելի մեծ շուկա դուրս գալու հնարավորություն ունենանք։

-2015-ին ինչքա՞ն արտադրանք եք ունեցել։

-2015-ին արտադրամասում արտադրվել է մոտ 14հազ. դլ կոնյակի սպիրտ և 10հազ.  դլ գինի։ Ունենք հնեցման տակ դրված մոտ 13հազ. դլ կոնյակի սպիրտ։ 

-Ի՞նչ խնդիր ունի արտադրամասը։  

-Միայն որակյալ և պահանջվող քանակի հումքի։ Արտադրամասը մասնագետներով, տեխնիկապես և պահանջվող բոլոր պայմաններով ապահովված է, այս ուղղությամբ որևէ խնդիր չունենք։ Արտադրանքի որակ ապահովելու համար անհրաժեշտ է որակյալ հումք, որը կուզենայի նշել ու շեշտել։ Խնդրանքս է մեր խաղողագործներին` ուսումնասիրել և ճիշտ կիրառել խաղողի մշակման տեխնոլոգիան ու արտադրել հնարավորինս շատ ու, կրկնում եմ, որակյալ խաղող։ Մեր ընկերությունն էլ կլինի իրացման երաշխավորը։

;