[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԲ ՃԻՇՏ Է ԸՆՏՐՎՈՒՄ ՔԱՅԼԵՐԻ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Տողը Հադրութի շրջանի խոշոր  համայնքներից է. այստեղ  առկա է 223 տնտեսություն՜ 803 մարդու ընդգրկմամբ:

Վաղը կլրանա  գյուղն ազերիներից ազատագրելու 25-ամյակը, քառորդդարյա ժամանակաշրջան, որի ընթացքում համայնքում բազում  հարցեր են լուծվել: Կատարվածի և  կատարվելիք աշխատանքների մասին մեր հարցազրույցում իր նկատառումներն է ներկայացնում  համայնքի ղեկավար Ալեքսանդր ՇԱԲՈՒՐՅԱՆԸ, ով արդեն 18 տարի է, ինչ ղեկավարում է համայնքը:                                                                                                                

- Պարոն Շաբուրյան, անցած երկուսուկես տասնամյակում ի՞նչ խնդիրներ են լուծվել համայնքում:

- Բազում  հարցեր: Մեկնարկը եղավ գյուղն ազերիներից ազատագրելը, ինչը գյուղի հետագա զարգացման կարևոր պայմաններից մեկը հանդիսացավ: Այդ տարիներին ոչ քիչ փորձություններ են եղել, բայց բնակչությունը կարողացել է դիմակայել: Գյուղում կազմավորված  կամավորական ջոկատները հետագայում մասնակցեցին Արցախի մի շարք շրջանների ազատագրման մարտերին (Արցախյան գոյամարտում գյուղից  զոհվել է 22 ազատամարտիկ): Հրադադարի հաստատումից հետո իրականացվել են մի շարք աշխատանքներ ինչպես մարդկանց կենսագործունեության, գյուղատնտեսության, այնպես էլ ենթակառուցվածքների զարգացման բնագավառներում: Հիմնական ուշադրությունը դարձրել ենք ժողովրդագրական վիճակի բարելավմանը: Այդ առումով աշխատանքներ են տարվել հրետակոծության և ռմբակոծության հետևանքով ավերված բնակելի տների վերանորոգման և նորերի շինարարության ուղղությամբ՝  առաջնահերթությունը տալով զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը: Բնակելի տներ են կառուցվել նաև բազմազավակ և վերաբնակ  ընտանիքների համար: Հիմնանորոգվել է Տողի միջնակարգ դպրոցի շենքը, որտեղ տեղակայվել է նաև Տողի արվեստի դպրոցը: Վերանորոգվել է ՙՍոսե՚ մանկապարտեզի շենքը: Բնակչության ջրամատակարարման բարելավման նպատակով կառուցվել են նոր ջրատար, գյուղի ներքին ջրատար ցանցը, տեղադրվել են ջրհաշվիչ սարքեր: Գյուղը լրիվությամբ էլեկտրիֆիկացված և գազիֆիկացված է: Որոշակի աշխատանքներ են տարվել նաև գյուղամիջյան փողոցների բարեկարգման ուղղությամբ: Պետական միջոցներով վերականգնվել է Տողի մելիքական ապարանքը, որը լայն հնարավորություններ է ստեղծում զբոսաշրջության զարգացման համար: Զգալի աշխատանքներ են իրականացվել գյուղատնտեսության և անասնապահության զարգացման ուղղությամբ, ինչը հնարավորություն է տվել  մասամբ լուծել նաև բնակչության զբաղվածության խնդիրը:

- Համայնքը զարգացման ի՞նչ հեռանկարներ ունի:

- Գյուղական համայնքի զարգացման հիմնական ուղղությունը եղել և մնում են գյուղատնտեսությունը,  անասնապահությունը: Համայնքն ընդգրկված է Տողի ենթաշրջանի համայնքների զարգացման ծրագրի մեջ, որը հնարավորություն է տալիս զարգացնել նշված երկու ուղղությունները։ Համայնքի ընդհանուր հողերի չափը կազմում է 1282,51 հա, որից 665,74 հա-ն գյուղատնտեսական նշանակության հողեր են: Դրանցից 366,74 հա-ն վարելահողեր են: Համայնքի բնակչության կողմից սեփականաշնորհվել է  324,72 հա: 2016թ. բերքի տակ ցանվել և հնձվել են 260 հա հացահատիկայինների դաշտեր, ստացվել է մոտ  600 տոննա համախառն բերք, հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 23 ցենտներ: Աշխատանքներ են տարվել նաև գարնանացան մշակաբույսերի ցանքսերի ավելացման ուղղությամբ: Ենթաշրջանի զարգացման ծրագրերով  2015թ. գյուղատնտեսական տեխնիկա հայթայթելու նպատակով ծախսվել է 2 մլն 500 հազ. դրամ։ Խոշոր և մանր եղջերավորներ, մեղվաընտանիքներ ձեռք բերելու համար  ծախսվել է 6 մլն դրամ: Ապրիլյան քառօրյա պատերազմը բազում ծրագրեր է անավարտ թողել, այդ թվում նաև՝ ենթաշրջանների զարգացման, որոնք նախատեսված էին իրականացնել 2016-ին: Դրանց ձեռնամուխ կլինենք գալիք տարում։ 

- Սոցիալական ոլորտում մնացե՞լ են չլուծված խնդիրներ։  

 - Վերջին տարիներին համայնքում  սոցիալական մի շարք հարցեր լուծում են ստացել: Գործում է  միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 125 աշակերտներ, որոնց ուսուցմամբ զբաղված է 27 ուսուցիչ: Տողի արվեստի դպրոցը դարձել է ենթաշրջանի գյուղերի երեխաների գեղագիտական ուսուցման օջախ. այստեղ հաճախում է մոտ 200 երեխա: Գործում է ՙՍոսե՚ մանկապարտեզը, գյուղական բուժական ամբուլատորիան ապահովում է գյուղի բնակչության առաջնահերթ բժշկական սպասարկումը:

Թվարկումները խոսում են այն բանի օգտին, որ վերջին տարիներին թե՜ երկրի և թե՜ շրջանի ու համայնքի ղեկավարության կողմից ճիշտ է ընտրվել մեր քայլերի հաջորդականությունը։  

Չնայած կատարվածին, մի շարք հարցեր լուծում են պահանջում: Գյուղում խմելու ջրի հարցը վերջնական լուծման կարիք ունի, գյուղ եկող ոռոգման ջրի  ակունքը ևս պետք է վերանորոգել։   Ենթաշրջանի զարգացման ծրագրի շրջանակներում անասնապահության և մեղվաբուծության  համար վարկերի տրամադրումը ևս կարևոր պայման է: 

Բնակարանային շինարարության, բնակարանների վերանորոգման, գյուղամիջյան փողոցների բարեկարգման, կամրջի կառուցման, գյուղի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի կառուցման հարցերն օրախնդիր են:

Լուծելով այս և տողեցիների համար կենսական նշանակության այլ հարցեր (իսկ ես համոզված եմ, որ դրանք անպայման լուծում կստանան), համայնքում դրական տեղաշարժերն առավել տեսանելի կլինեն:

 

Էդիկ ԴԱՎԹՅԱՆ 

ք. Հադրութ