[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐԳԵԼՔՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀ

Գյուղերի փրկության խնդիրն արդիական է, և այսօր շատ ավելի մեծ ուշադրություն է դարձվում։ 

Մեր շրջանում բնակչության թվաքանակով համեմատաբար փոքր գյուղերից մեկն էլ Հաղորտին է:

Այն գտնվում է Մարտունի-Ննգի ճանապարհի ձախ կողմում` արևելահայաց լանջի վրա: Հեռավորությունը շրջկենտրոնից կազմում է 22կմ, Ստեփանակերտից` 35կմ:

Գյուղում հաշվառված է 48 ընտանիք` 209 բնակչով:

Կենսաթոշակառուները  30 հոգի են և կազմում են բնակչության 14 տոկոսը: Նախորդ տարվա համեմատությամբ բնակչության թվի աճ է գրանցվել:

Համայնքում գործում է միջնակարգ դպրոց՝ 29 աշակերտով, աշխատում է 15  ուսուցիչ: Գյուղում  գործում են նաև ակումբ` 3 աշխատողով, բուժկետ` 2 աշխատողով, փոստ` 1 աշխատողով, երեք խանութ-կրպակ, հանդիսությունների տուն: 

Համայնքն ապահովված է անլար հեռախոսակապով, հեռուստատեսային և ինտերնետ կապերով:

Հիմնովին վերանորոգվել և շահագործման է հանձնվել ջրային ներքին ցանցը, որով էլ ապահովվել է խմելու ջրի շուրջօրյա  մատակարարումը։ 

Հաղորտին ավտոերթուղով կապված է Ստեփանակերտի հետ, բայց կապը սեզոնային է: Ձմռանը, եղանակային պայմանների պատճառով, երթուղին չի գործում:

Համայնքում առկա է 681,76հա գյուղնշանակության հող, որից վարելահող` 176,47հա։ Կան 97հա խաղողայգի` 3,13հա, բազմամյա տնկարկներ` 5,67հա, թթայգի` 13,2հա, խոտհարք` 12,5հա, արոտավայր` 300հա, այլ հողեր` 170,79հա:

Վերջին երկու տարում այստեղ գարու և ցորենի ցանքս չի կատարվել, քանի որ իսպառ բացակայում էր գործող գյուղտեխնիկան, համայնքի երկու տրակտորը և մեկ կոմբայնը համարյա անսարք վիճակում են։ Նախորդ տարիների ցորենի և գարու ցանքսերի միջին բերքատվությունը չէր անցնում 8ց-ից: 

2013թ. Վերին ենթաշրջանի գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակներում համայնքի տարածքում կատարվել է կորնգանի ցանքս, որից լավ բերք է ապահովվել: Այստեղ  կարևոր ճյուղ է համարվում անասնապահությունը: Գյուղում խոշոր եղջերավորների թիվը հասնում է  321-ի, այդ թվում` կով` 104 գլուխ։ Կան 73 գլուխ մանր եղջերավորներ, խոզ` 89 գլուխ, 254 մեղվափեթակ, թռչուն` 593 թև: 

Ինչպես միշտ` որոշակի աշխատանքներ են տարվում գյուղատնտեսական կենդանիների և թռչունների հիվանդությունների ախտորոշման  և կանխարգելիչ միջոցառումների ժամանակին և որակով կազմակերպման  ուղղությամբ: Գրանցվել է բրուցելյոզ հիվանդության մեկ դեպք, հիվանդ անասունն անմիջապես հոտից առանձնացվել և ոչնչացվել է: Գրանցվել են նաև ծաղիկ հիվանդության դեպքեր, որոնք անասնաբույժի անմիջական հսկողությամբ բուժվել են: Գյուղում չի գրանցվել խոզերի աֆրիկյան ժանտախտի դեպք: Ընդհանուր առմամբ` տարին բարենպաստ էր անասնապահության համար։ 

Հնձվել և կուտակվել են անհրաժեշտ քանակի խոտ և կորնգան: Ի տարբերություն նախորդ տարիների` վերջին շրջանում համեմատաբար հեշտ է իրացվում միսը:

Տեղի  բնակչության համար կարևոր եկամտի աղբյուր է մեղվաբուծությունը: 

Համայքի բնակչության բարեկեցությանն ուղղված բավականին լուրջ աջակցություն են ցուցաբերում  արմատներով հաղորտեցի, արտերկրում բնակվող բարերարները: Այսպես` Հայաստանի վաստակավոր արտիստ Լորենց Առուշանյանի աջակցությամբ տարբեր ժամանակահատվածներում գյուղի բնակչությանն է բաժանվել 200 մեղվափեթակ. 100 հատ բաժանվել է ըստ շնչի, 100 հատ տրամադրվել մեղվաբույծներին` պայմանով, որ յուրաքանչյուր տարի մեկ կիլոգրամ մեղր, կամ նրա փոխարժեքը, փոխանցվի համայնքի ընդհանուր բյուջե` համայնքային նշանակության որևէ խնդիր լուծելու համար: Միաժամանակ բնակչության առաջ խնդիր է դրվել բաժանված մեղվափեթակները գյուղի  տարածքից դուրս չհանել, ինչը, համայնքի ղեկավար Նվեր Մարտիրոսյանի հավաստմամբ, բավականին լուրջ խթան է տեղում մեղվաբուծության զարգացման համար: 

Ընթացիկ տարում Լ. Առուշանյանի կողմից 40 ընտանիքի տրամադրվել են բաղնիքի պարագաներ ու բեռնատար ավտոմեքենա, որն օգտագործվում է համայնքի բնակիչների կարիքների համար:  

Չեխիայում ապրող, Չեխիայի նկարիչների միության անդամ  Աշոտ Առաքելյանն արդեն 3-րդ տարին է առաջին դասարանցիներին բերում է անհրաժեշտ գրենական պիտույքներ և տարբեր նյութեր: 

ԱՄՆ-ում բնակվող Արմեն Հայրապետյանի և նրա ընկերների ֆինանսավորմամբ նախորդ տարի գյուղի դպրոցականների համար կարվել է դպրոցական համազգեստ: Այս տարի ևս բարերարը հանդես եկավ մեկ ուրիշ` ոչ պակաս կարևոր  ձեռնարկով` հոգաց գյուղի 13 երեխաների ճանապարհածախսը՝ ՙԹումո՚ ուսումնական կենտրոնում սովորելու համար, ինչը մեծ ոգևորություն առաջացրեց երեխաների, ուսուցիչների և ծնողների շրջանում: 

Գյուղի համար խնդիր էր փողոցների լուսավորությունը,  2016թ.-ին Ա. Հայրապետյանի ու նրա ընկերների միջոցներով խնդիրը լուծում ստացավ։ 

Հաղորտեցիները միշտ էլ զգում են ռուսաստանաբնակ գործարար Կարեն Բաղդասարովի  աջակցությունը: Գյուղն իր դիրքով լինելով լեռնային (հիմնված է բարձրադիր ու քարքարոտ լեռան գագաթին), միշտ ունենում է ճանապարհի վերանորոգման խնդիր: Հորդառատ անձրևների ու սելավների պատճառով քանդվում է գյուղամիջյան և Ստեփանակերտ-Մարտունի մայրուղուց գյուղ տանող 5կմ երկարությամբ ճանապարհը:  Այն  երկրորդ անգամ 2010-11թթ. վերանորոգվեց բարերարի կողմից: 2012-ին գյուղի տարածքում տեղադրվել է հետուստաաշտարակ, վերանորոգվել ակումբի շենքը:

Ոռոգման ջրով ներքևի գոտին ապահովելու ուղղությամբ աշխատանքներն սկսված են, ինչը հնարավորություն կտա ոռոգովի դարձնել մինչև 25հա տարածք: Ոռոգման համակարգի ներդրումը կխթանի բոստան-բանջարանոցային կուլտուրաների մշակությունը, խաղողի, պտղատու նոր այգիների հիմնումը: Օրվա դրությամբ այս գործընթացին նպաստում են նաև պետական տարբեր ծրագրեր, այդ թվում և պետության կողմից անվճար տրամադրվող տարբեր տնկիներն ու բոստան-բանջարանոցային կուլտուրաների մշակման համար  ցուցաբերվող աջակցությունը:

Նվեր Մարտիրոսյանի հետ մեր զրույցում անդրադարձանք գյուղական խնդիրներին: Ցավով նշվեց, որ վերջին տարիներին բնակչությունը հեռացել է հողի մշակությունից, ինչի արդյունքում մոտ 30հա վարելահող վեր է ածվել թփուտների և արոտավայրերի: Փաստը տարբեր հանգմանքներով և պատճառներով բացատրվեց: Նշվեց բերքատվության ցածր ցուցանիշը: Վերջին տարիներին բերքատվության ցուցանիշը (7-8ց), մի կերպ փակում է ծախսերը: Համայնքն ապահովված չէ  գյուղտեխնիկայով: Ամենակարևոր պատճառը նշվեց հողի մշակման վերաբերյալ հողօգտագործողների ունեցած գիտելիքների ու հմտության պակասը: Ոչ գրագետ աշխատանքը, բնական է, որ ցանկալի արդյունք տալ չի կարող: 

Հաջորդ խոչընդոտն այս հարցում հողերի մասնատվածությունն է, որոնք լեռնային են, փոքր կտորներով,  նրանց մշակությունը դժվարություններ է առաջ բերում: Հողակտորներ կան, որոնք գտնվում են գյուղից բավականին հեռու տարածության վրա։ 

 Արդեն 4 տարի է, ինչ կառավարության կողմից համայնքի տարածքում տեղադրվել է հակակարկտային կայան, ու տեղադրումից հետո ցանքսերն ու այգիները կարկտահարությունից չեն տուժել:

Այսպես, քայլ առ քայլ կլուծվեն փոքր գյուղերի համար մեծ խնդիրները, և աճող սերունդը հավատով կնայի վաղվա օրվան։ 

 

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ

ք. Մարտունի