[ARM]     [RUS]     [ENG]

ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ՝ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՐԿԱ

Շրջվարչակազմի ղեկավարին կից  խորհրդի  նիստում 

 Օրակարգում հրատապ հարցեր էին՝ ՙՇուշիի շրջանի 2016թ. համայնքային բյուջեի 9 ամսվա կատարողականի մասին՚, ՙՇրջանում 2015թ. կապիտալ շինարարության և բարեգործական ծրագրերով կատարված աշխատանքների մասին՚, ՙՔարին տակի պետական մանկապարտեզի գործունեության մասին՚ և այլն։

Առաջին հարցի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեց  շրջվարչակազմի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ¬տնտեսական զարգացման  բաժնի վարիչ Օֆելյա Թովմասյանը։ Նա նշեց, որ 2016 թվականի 9 ամսում շրջանի  համայնքային  բյուջեի  եկամուտների  պլանը   կատարվել է  64,9 %-ով,  պլանային  16342,6 հազ. դրամի   փոխարեն բյուջե է մուտքագրվել   10607,9  հազ. դրամ եկամուտ։ Համայնքային  բյուջեն ըստ  եկամուտների համալրվել է նաև այլ եկամուտներից՝ հողի վարձավճարներից։ Մնացած հարկատեսակներով  պլանը չի կատարվել։ Ֆոնդային բյուջեի հարկատեսակներից չի կատարվել տիրազուրկ գույքի օտարումից մուտքերի պլանը։ 2016թ. հաշվետու ժամանակահատվածում  շրջանի համայնքներին տրամադրվել է 80300,0 հազ. դրամ դոտացիա, որը հատկացվել է ըստ համայնքների։ 2016թ. 9 ամսում   շրջանի համայնքային բյուջեի դրամարկղային   ծախսերը  կազմել են 90381,8 հազ. դրամ՝ պլանային 110318,6  հազ. դրամի  փոխարեն, այսինքն՝   ծախսերի  պլանը  կատարվել է   81,9%-ով։ 2016թ. 9 ամսում շրջանի համայնքային  բյուջեի  փաստացի  ծախսը  կազմել  է   98928 հազ. դրամ։ Հաշվետու ժամանակաշրջանում համայնքային  բյուջեի  կրեդիտորական պարտքը  կազմել է  18282,0 hազ. դրամ։  Տեղեկացվեց ,որ  2016 թվականի    հոկտեմբերի   1-ի  դրությամբ   համայնքային  բյուջեի  մնացորդը   կազմել   է  289,6 հազ. դրամ։ 2016 թվականին 9 ամսում  շրջանի  համայնքային   բյուջեի   ծախսերի     հոդվածներում  գերածախսեր  չեն  կատարվել։

2015 թվականին կապիտալ շինարարության և բարեգործական ծրագրերով կատարված աշխատանքների մասին իր տեղեկատվության մեջ շրջանի գլխավոր ճարտարապետ Գեորգի Հայրապետյանը նշեց  վերջին տարիներին շրջկենտրոնում իրականացվող շինարարության լայն թափի մասին։ 2015թ. կապիտալ ներդրումների պետական  ծրագիրը շրջանում  կազմել է    898 մլն  915 հազ. դրամ, որը ծախսվել  է  կառուցման, վերակառուցման և կապիտալ վերանորոգման աշխատանքների վրա։ Գումարը    բաշխվել է կրթության, մշակույթի, հասարակական և վարչական նշանակության օբյեկտների, բնակարանային և կոմունալ շինարարության, նախագծա-հետազոտական աշխատանքների իրականացման նպատակով, ինչպես նաև բնական աղետներից տուժած առանձնատների և հասարակական օբեկտների  վերանորոգման  համար։ Գ. Հայրապետյանը  նաև նշեց, որ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի  հետ համաֆինանսավորվել են մշակույթի տան վերակառուցման,  գիշերօթիկ դպրոցի, Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանի, Քարին տակի համայնքային կենտրոնի և դպրոցի մարզադահլիճի վերակառուցման,  ջրամատակարարման համակարգի կառուցման  աշխատանքները։

Պետբյուջեի միջոցներով շարունակվում  են մի շարք փողոցների, ինչպես նաև Բեկոր Աշոտ թիվ 4 հասցեում գտնվող հանրակացարանային մասնաշենքի կապիտալ վերակառուցման աշխատանքները։ Լայն թափով առաջ է ընթանում ճանապարհաշինությունը։ Ճարտարապետը  նաև նշեց  անհատ ներդրողների միջոցներով իրականացված շինարարության մասին։ Երախտիքով հնչեցին բարերարներ  Կարո Սարգսյանի, Ռուբեն Հայրապետյանի անունները, որոնց միջոցներով արդեն քանի տարի է Շուշիում կառուցապատում է  իրականացվում։

ՙՔարին տակի պետական մանկապարտեզ՚ ՊՈԱԿ տնօրեն  Մանուշ Պետրոսյանը մանկապարտեզի գործունեության մասին մանրամասն հաշվետվություն ներկայացրեց։ Նշվեց, որ ժամանակին կազմվել և  հաստատվել են մանկապարտեզի տարիֆավորման ցուցակը և աշխատանքային պլանը։ Մանկապարտեզում գործում է մեկ խումբ՝ 28 երեխայի ընդգրկումով, ունի 7 աշխատող։ Հաշվետու ժամանակաշրջանում գումարվել են  մանկավարժական խորհրդի նիստեր, ծնողական ժողովներ։ Մեթոդական աշխատանքներ են տարվում կադրերի հետ, վերահսկվում են ուսումնադաստիարակչական աշխատանքները, աշխատանք է տարվում նաև  ծնողների հետ։ Տարվա ընթացքում կազմակերպվել են տարաբնույթ միջոցառումներ, որոնց ընթացքում դաստիարակը երեխաներին ծանոթացրել  է տոն և հիշատակի օրերի խորհրդի մասին։ Իսկ ՙՀրաժեշտ մանկապարտեզին՚ հանդեսը նախադպրոցական խմբի երեխաների և դաստիարակի  կատարած աշխատանքների  մի յուրահատուկ ստուգատես-հաշվետվություն էր։ Մ. Պետրոսյանը ուրախությամբ շեշտեց, որ մանկապարտեզը վերջապես ապահովվել է մշտական ջրով։ Ընդհանուր սանիտարահիգիենիկ վիճակը վերահսկվում է բուժքրոջ և ՀՀ կայանի կողմից, աշխատողները պարտադիր ենթարկվում են բուժզննման, ունեն համապատասխան բժշկական գրքույկներ։ Կոլեկտիվում տիրող բարոյահոգեբանական առողջ մթնոլորտը, ինչպես նշեց տնօրենը, արդյունավետ աշխատանքի գրավականն է։   Նա կոլեկտիվի և ծնողների անունից երախտագիտություն հայտնեց շրջվարչակազմին ղեկավարին՝ բոլոր նախաձեռնություններում իրենց սատարելու համար։

Նիստում քննարկվեցին նաև շրջանի սոցիալ-տնտեսական և քաղաքի սանիտարական վիճակին առնչվող այլ հարցեր։

 Նիստի վերջում շրջվարչակազմի ղեկավար Վ.Կասյանը հանձնարարականներ տվեց իրավասու անձանց։

 

Անահիտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ք. Շուշի