[ARM]     [RUS]     [ENG]

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ՈՒՂԻՆԵՐ

Օրերս ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում Արցախի պետական համալսարանի ուսանողադասախոսական կազմի տնտեսագիտական ճյուղի հյուրն էր ՀՀ  ԱԺ պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանը:

 Բուհի ռեկտոր Մանուշ Մինասյանը ներկայացրեց Հ. Բագրատյանի մասնագիտական ուղին: Հայաստանի համար թերևս ամենածանր տարիներին` 1993-96թթ. նա եղել է ՀՀ կառավարության ղեկավարը: 63 գիտական աշխատությունների, 18 մենագրությունների հեղինակը նաև Կիևի միջազգային հարաբերությունների և բանկային գործի համալսարանների պրոֆեսոր է։ Արժույթի միջազգային հիմնադրամի պատվավոր դոկտոր, Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկայի հարցերով փորձագետ: Համաշխարհային բանկը նրա ձեռնարկած շուկայական տրանսֆորմացիոն բարեփոխումները ճանաչել է լավագույնը հետխորհրդային տարածքում: 2005 թ. Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի կողմից Հ. Բագրատյանին շնորհվել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի պատվավոր դոկտորի կոչում: 2006 թ. ՀՀ լրագրողների կողմից ճանաչվել է ՙՀՀ անկախության ձեռքբերման և կայացման գործում ամենամեծ ներդրումն ունեցող տնտեսական գործիչ՚ 

Հ. Բագրատյանի դասախոսության թեման առնչվում էր ժամանակակից տնտեսագիտության խնդիրներին, տնտեսական արդի մարտահրավերներին: Նա հանդիսանում է իր պնդմամբ երրորդ տնտեսագիտության՝ մեգաէկոնոմիկայի տեսության հիմնադիրը, ինչը համարում է իր ամենամեծ գիտական նվաճումը, այդ է պատճառը, որ բանախոսը հանգամանալից խոսեց այդ տեսության մասին` դասախոսությունների շարքից առանձնացնելով առավել հետաքրքիր և հրատապ կետերը: Այդ տեսության համաձայն` համաշխարհային տնտեսությունը մտել է շարունակվող անկայունության շրջան, որը կարող է տևել 10-15 կամ նույնիսկ` մինչեւ 25 տարի: Հ. Բագրատյանը դա պայմանավորեց համաշխարհային տնտեսության մեջ առկա անհավասարակշռություններով ու Առեւտրի համաշխարհային կազմակերպության քաղաքականությամբ: Համաշխարհային անհավասարակշռությունները պայմանավորված են նաև նրանով, որ կապիտալն ու տեխնոլոգիաները գտնվում են մի տեղ (Արևմուտքում), հանքահումքային ռեսուրսները` այլ տեղ (հիմնականում` զարգացող երկրներում), իսկ մարդկային ազատ ռեսուրսներն առավելապես կենտրոնանում են իսլամական երկրներում: Նախկին վարչապետը կարծիք հայտնեց, որ տարիֆների նվազումն ու ապրանքների ազատ հոսքը երրորդ երկրներին զրկում են սեփական շուկան պաշտպանելու հնարավորությունից, ինչը նույնպես անհավասարակշռությունները խորացնող գործոն է: 

Մեգաէկոնոմիկայի տեսությունն ստեղծվել է 20-րդ դարի վերջին, երբ ԱՄՆ-ն պարտվում էր Ճապոնիայի հետ մրցակցությունում: Ընդամենը 15 տարվա ընթացքում ԱՄՆ-ն հասավ նրան, որ գլոբալ ֆինանսական համակարգում  երկրի տնտեսությունը կազմեց ամբողջ աշխարհի տնտեսության 12 տոկոսը, իսկ դոլարի մեծ շրջանառությունը հասավ 64 տոկոսի: Հ. Բագրատյանն անդրադարձավ նաև գլոբալ ֆինանսական ճգնաժամի պատճառներին ու հետևանքներին` նկատելով, որ ճգնաժամի ամենածանր փուլում ամբողջ աշխարհում միայն Չինաստանը կարողացավ 300 միլիարդի դրական առևտրական սալդո ապահովել, արժույթի կուրսը պահել հստակ և իր ազատ գումարները տնօրինել` սեփականության հիմունքներով տարբեր երկրներում կառուցելով տարատեսակ ձեռնարկություններ: Հ. Բագրատյանն անդրադարձավ նաև գլոբալ տնտեսական համակարգի ձևավորման փուլերին, գլոբալ ապրանքների և արտադրանքի տարիֆային քաղաքականությանը, ինչի հիման վրա էլ ստեղծվել է Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, որն այժմ միավորում է համաշխարհային տնտեսության ավելի քան 95 տոկոսը: Ըստ բանախոսի` ներկա տնտեսական մարտահրավերներին դիմակայելու և ճիշտ ու գրագետ քայլեր անելու Հայաստանի փորձերն առայժմ ձախողվում են: Լինելով առևտրի Համաշխարհային կազմակերպության անդամ` ՀՀ-ն, ինչպես հայտնի է, միացավ Եվրասիական տնտեսական միությանը` 3-տոկոսանոց մաքսատուրքերի գոտուց անցնելով 9- տոկոսանոցի: Փաստարկը, որ դա արվել է ԱՊՀ երկրների հետ միասնական շուկայում գործելու նպատակով, բանախոսն անհեթեթ է համարում: Հ. Բագրատյանն իր դասախոսության ընթացքում փորձեց ուրվագծել նաև այն հիմնական անելիքները, որոնք կօգնեն հայրենի տնտեսությանը դուրս գալ ստեղծված իրավիճակից, բարձրացնել երկրի տնտեսության զրոյացված մրցունակությունը: Բանախոսը սխալ է համարում տնտեսության կենտրոնացվածությունը, նաև այն, որ ՀՀ-ում չի գնահատվում փոքր և միջին բիզնեսի կարևորությունը: Այսօրվա Հայաստանում միջին դաս գոյություն չունի: Նույնատիպ խնդիրներ կան նաև Արցախում: Սակայն Արցախը ՀՀ-ի համեմատությամբ ավելի շահեկան վիճակում է: Տնտեսության զարգացումն արգելակող գործոնների շարքում նա առանձնացրեց ՀՀ-ի հետ տնտեսության ինտեգրացիայի բացակայության փաստն ու մայրաքաղաքներն իրենց շրջակայքով քաղաք-պետություն դարձնելու միտումը: Ըստ Հ. Բագրատյանի` ՀՆԱ ապահովող չինտեգրված և փոքր էկոնոմիկան կարող է կանգ առնել, քանի որ այն չի վերարտադրվում:  Միջոցառմանը անդրադարձ արվեց նաև 2008-12 թթ. Արցախի տնտեսության ձեռքբերումների և խնդիրների վերաբերյալ Հ. Բագրատյանի հետազոտությանը, բարձրաձայնվեցին վիճահարույց պնդումները, որոնց վերաբերյալ հեղինակն իր պարզաբանումներն արեց:    

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ