[ARM]     [RUS]     [ENG]

ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ՇՐՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

Նոյեմբերի 4-ին կայացավ Մարտունու շրջվարչակազմի ղեկավարին կից շրջանի խորհրդի նիստը, որը վարում էր շրջվարչակազմի ղեկավար Կարեն Թովմասյանը։ 

 2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսների համայնքային բյուջեի կատարման և 2017թ. բյուջեի կազմման ընթացքի մասին ներկայացվեց տեղեկատվություն։ 

Նշվեց, որ 2016թ. ինն ամսվա սեփական եկամուտների պլանով նախատեսված 122916 հազ. դրամի դիմաց համայնքային բյուջեի մուտքային մասը կազմել է 65659,2 հազ. դրամ, կամ 53,4 տոկոս։ Նախորդ տարվա համեմատ սեփական եկամուտներն աճել են 12394,4հազ. դրամով։ Պլանով նախատեսված 149025 հազ. դրամի դիմաց դոտացիայի փաստացի ֆինանսավորումը կազմել է 118200 հազ. դրամ կամ 79,3 տոկոս։

Թվային տեսքով ներկայացվեց բյուջեի կատարողականն ըստ հիմնական եկամտատեսակների։ Ծախսային մասով համայնքները բյուջեն կատարել են 65,7 տոկոսով։

 Աշխատավարձի գծով ապառքները  2016թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմում են  28621 հազ. դրամ։

Հարցի վերաբերյալ ընդունված որոշմամբ համայնքների ղեկավարներին հանձնարարվեց ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ 2016թ. բյուջեի կատարումն ապահովելու, աշխատավարձերի գծով ապառքները մարելու, 2017թ. իրատեսական բյուջե կազմելու համար։ 

2016թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին շրջանում մատակարարվել է  4.611.162 խորանարդ մետր գազ, որը  2015թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ 2,2 տոկոսով պակաս է: Բնակչությանը մատակարարվել է 1.490.788, հիմնարկ-ձեռնարկություններին՝ 2.782.631 խորանարդ մետր: Ավելացել է 26 բաժանորդ: Այժմ նրանց թիվը 5114 է։

2016թ. կատարվել են մի շարք վթարային շինմոնտաժային աշխատանքներ միջին և ցածր ճնշման գազատարների բարելավման ուղղությամբ: Հունիս-սեպտեմբեր ամիսներին իրականացվել են 2016-2017թթ. ձմռան նախապատրաստման մի շարք աշխատանքներ, այդ թվում՝ Ճարտար-Մարտունի և Բերդաշեն միջին ճնշման գազատարների վրա կառուցվել են կոմպրեսատորներ, որոնք կնպաստեն գազատարների նորմալացմանը։ Դրանց վրա տեղադրվել են նոր, ժամանակակից փականներ, որոնք  օգնում են վթարների վերացման և շինարարական աշխատանքների իրականացման ժամանակ։ Իրականացվել են գազատարների վերանորոգում և հենասյուների ամրացում։ Մարտունի քաղաքում կատարվել են ներտնային համակարգի գազահաշվիչների դուրսբերման աշխատանքներ:

Անվտանգության ապահովման նպատակով կատարվում է շրջանի գազ օգտագործող բաժանորդների ներտնային ցանցի ստուգում, նրանց հետ տարվում բացատրական աշխատանքներ՝ անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, ստուգվում է գազօջախների, վառարանների, ծխնելույզների վիճակը: Արդյունքում՝ դժբախտ պատահարներ չեն գրանցվել:

 ՙԱրցախգազ՚ ՓԲԸ Մարտունու արտադրաշահագործման տեղամասի պետին հանձնարարվեց ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները` անխափան գազամատակարարում ապահովելու համար։

Բերդաշեն, Քերթ, Սպիտակաշեն համայնքների ղեկավարների և ավագանիների սեփական և պետության պատվիրակած լիազորությունների իրականացման ուղղությամբ կատարված  ուսումնասիրությունների արդյունքների մասին ևս տեղեկատվություն ներկայացվեց։ 

Բերդաշեն համայնքի ավագանու կողմից համայնքի ինն ամսվա կտրվածքով բյուջեն հաստատվել է 11621,9 հազ. դրամ, որի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 8516,3 հազ. դրամ, կամ 73,3 տոկոս։ Նախատեսված 11765,9 հազ. դրամ բյուջետային ծախսերի դիմաց փաստացին կազմել է 7953,6 հազ. դրամ կամ 67,6 տոկոս։

Քերթ համայնքի ավագանու կողմից համայնքի ինն ամսվա կտրվածքով սեփական եկամուտների գծով բյուջեն հաստատվել է 2362,1 հազ. դրամ, որի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 746,6 հազ. դրամ, կամ 31,6 տոկոս։ Պետական բյուջեից պլանով նախատեսված 3183 հազ. դրամի դիմաց դոտացիայի փաստացի ֆինանսավորումը կազմել է 2522հազ. դրամ կամ 79 տոկոս։

Քերթ համայնքում 2016թ. նախատեսված 5545.1հազ. դրամ բյուջետային ծախսերի դիմաց փաստացին կազմել է 3258,3 հազ. դրամ կամ 58,8 տոկոս։

Սպիտակաշեն համայնքի ավագանու կողմից համայնքի սեփական եկամուտների գծով բյուջեն ինն ամսվա կտրվածքով հաստատվել է 2083,4 հազ. դրամ, որի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 1028 հազ. դրամ կամ 49,3 տոկոս։ Պետական բյուջեից պլանով նախատեսված 2976 հազ. դրամի դիմաց դոտացիայի փաստացի ֆինանսավորումը  կազմել է  2291 հազ. դրամ, կամ 77 տոկոս, նախատեսված 5059,4 հազ. դրամ բյուջետային ծախսերի դիմաց փաստացին կազմել է 3045,8 հազ. դրամ կամ 60,2 տոկոս։

Նշված երեք համայնքներում ստուգվել են նաև ֆինանսների, պաշտպանության, քաղաքացիական  պաշտպանության, հողօգտագործման, գործավարության և այլ բնագավառները։ Բացահայտված թերությունների վերացման  ուղղությամբ ցուցաբերվել է մեթոդական օգնություն։

Հարցի վերաբերյալ ընդունված որոշմամբ Բերդաշեն, Քերթ, Սպիտակաշեն համայնքների ղեկավարներին հանձնարարվեց ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված թերությունները մինչև 2016թ. դեկտեմբերի 5-ը վերացնել և կատարված աշխատանքների մասին տեղեկություն ներկայացնել շրջվարչակազմ, համայնքների ղեկավարների աշխատակազմերի ու ավագանիների աշխատանքները կազմակերպել  ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ ԼՂՀ օրենքի պահանջներին համապատասխան։

Շրջվարչակազմի ղեկավար Կ. Թովմասյանն ամփոփեց նիստի աշխատանքները և համապատասխան կառույցների ղեկավարներին հանձնարարականներ տվեց:

Օլեգ  ՄԱՆԱՍՅԱՆ

ք. Մարտունի