[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՐԸ ՏԱՐԵՑՏԱՐԻ ՄԵԾԱՆՈՒՄ Է

Տեղի ունեցավ Մարտունու շրջանի արհեստակցական կազմակերպությունների միության կոնֆերանսը, որին ներկա էին ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Արա Ղահրամանյանը,  շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Էդուարդ Բարսեղյանը:

Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցում էին արհեստակցական կազմակերպությունների նախագահներ, պատվիրակներ: 

Միության 2011-2016թթ. ժամանակահատվածում կատարած աշխատանքների մասին  հաշվետվությամբ հանդես եկավ Մարտունու շրջարհկազմակերպությունների միության նախագահ Աշոտ Մարտիրոսյանը: 

Մարտունու շրջանի արհեստակցական կազմակերպությունների միությունը հաշվետու ժամանակահատվածում զգալի աշխատանքներ է կատարել` բարելավելով գործատու-աշխատող հարաբերությունները:  Հրավիրվել է շրջանային միության խորհրդի 31 նիստ, որտեղ քննարկվել է 84 հարց` ներմիութենական աշխատանքների կատարելագործման, արհմիութենական ակտիվի խրախուսման, սկզբնական կազմակերպություններին աջակցելու, գործատու-աշխատող հարաբերությունների կարգավորման, արհմիության անդամների սոցիալական խնդիրների, բուժումն ու հանգիստը կազմակերպելու, հոբելյարներին հուշանվերներով պարգևատրելու, Ամանորի, Կանանց միամսյակի, Աշխատավորների միջազգային օրվան, Մայիսյան եռատոնին, հանրապետության անկախությանը նվիրված միջոցառումների ու տարբեր ծրագրերի իրականացման, ԼՂՀ  ԱՖ-ից ստացած որոշումների ու հանձնարարականների կատարման ընթացքի և այլ հարցերի վերաբերյալ:

2011-2016թթ. մուտքագրվել է 78 մլն 691 հազ. 166 դրամ: Տարբեր միջոցառումների համար ծախսվել է 32 մլն 268 հազ. 570 դրամ: Ձեռք են բերվել 200 հազ. դրամի գույք և գրքեր ու տրամադրվել սկզբնական կազմակերպություններին, իսկ պետական մանկապարտեզներին` տարբեր նվերներ: Կազմակերպության կարիքավոր անդամներին տրամադրվել է 2 մլն 799 հազ. դրամի նյութական օգնություն: Օգնություն է ցուցաբերվել նաև սիրիահայ փախստականներին:

2011-2016թթ. շրջանի արհկազմակերպություն մուտք է գործել 724 դիմում-բողոք: Նշվեց, որ 2012թ. դիմումների թիվը եղել է 84,  2015-ին` 212: Դրանք պահանջվող ժամկետներում քննարկվել և սպառիչ պատասխաններով ուղարկվել են դիմումատուներին։ 

Շրջանում կա 99 սկզբնական կազմակերպություն` 2148 անդամով, որը կազմում է շրջանի աշխատողների 64 տոկոսը: Կան նաև շրջանում գրանցված հիմնարկներ, որոնք անդամակցում են տարբեր ճյուղային միությունների՝ 322 անդամի ընդգրկումով:

Հաշվետու ժամանակաշրջանում, կնքված պայմանագրերի համաձայն, 2011-2016թթ. բուժում է ստացել ու հանգիստն անցկացրել արհմիության 153 անդամ: Մի շարք արհեստակցական սկզբնական կազմակերպությունների աշխատողներ 1-2 օրով էքսկուրսիաներ են կազմակերպել դեպի Տաթևի վանք, Ջերմուկ, Սևան, Ծաղկաձոր, Երևան, Պ. Սևակի տուն-թանգարան, Գանձասար, Շուշի, ՙՋրաշխարհ՚ ու այլ վայրեր:

Միջոցներ են ձեռնարկվել ամրապնդելու բանակ-հասարակություն փոխհարաբերությունները,  շրջանի ղեկավարության հետ միասին միության անդամները հաճախակի են եղել դիրքերում, նվերներ հանձնել զինվորներին:

Բանակ-հասարակություն, դպրոց-համայնք, Մարտունու շրջան-ՀՀ Գեղարքունիքի մարզ համագործակցության շրջանային միջոցառումներն իրականացվել են շրջվարչակազմի հետ սերտ համագործակցած:

Շրջանային միությունը ՊԲ հաշվին փոխանցել 100 հազար դրամ:

Ամենօրյա աշխատանքների ընթացքում արվում է ամեն ինչ՝ բարձրացնելու սկզբնական արհեստակցական կազմակերպությունների դերը, որպեսզի նրանք զբաղվեն ոչ միայն անդամավճարների գանձման և օգտագործման հարցերով, այլև դառնան աշխատողների շահերի և իրավունքների երաշխավորը:

Ա. Մարտիրոսյանը հավաստիացրեց, որ կարվի հնարավորը` արհմիությունների շարքերը համալրելու, ժողովրդի վստահությունն էլ ավելի նվաճելու, աշխատավորների աշխատանքային, սոցիալ-տնտեսական իրավունքներին ու շահերին առնչվող պահանջները կատարելու, ակտիվորեն մասնակցելու մեր պետության կերտման ու հզորացման և խաղաղության ամրապնդման գործին:

Կոնֆերանսում լսվեց նաև շրջանի արհեստակցական կազմակերպությունների միության վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Նելլի Հարությունյանի հաշվետվությունը կազմակերպության 2011-2016թթ. ֆինանսական գործառույթների մասին։ 

Բոլոր տեսակի ֆինանսական գործառույթները կատարվել են թափանցիկ։ Յուրաքանչյուր տարվա ֆինանսական հաշվետվությունը տպագրվել է ՙԱրհմիություններ՚ թերթում: 

Հաշվետվության վերաբերյալ ելույթներ ունեցան սկզբնական կազմակերպությունների մի շարք ղեկավարներ։ Արված աշխատանքին բարձր գնահատական տվեց ԱՖ նախագահ Ա.Ղահրամանյանը: 

Պատվիրակներին և պատասխանատուներին ուղղված ողջույնի և շնորհավորանքի խոսքով ելույթ ունեցավ շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Է. Բարսեղյանը, ով նաև հաղորդեց շրջվարչակազմի ղեկավար Կարեն Թովմասյանի շնորհավորանքը: Շեշտելով արհմիության դերը` նա  նշեց այն ավանդույթները, որ ստեղծվել են նախկին նախագահ Է. Սերգեյանի կողմից և պահպանվում են Ա. Մարտիրոսյանի ճիշտ աշխատանքի շնորհիվ: 

Արդյունքում դրական գնահատվեց վերջին 5 տարվա աշխատանքը, կատարվեց ղեկավար և  վերահսկողություն իրականացնող մարմինների ընտրություն:

 

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ

ք. Մարտունի