Logo
Print this page

ՁՄՌԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆԸ՝ ԿՈՆԿՐԵՏ ՔԱՅԼԵՐ

2016-2017թթ.  ձմռանը պատշաճ  կերպով  նախապատրաստվելու  նպատակով Հադրութի շրջանի բյուջետային հիմնարկները, տնտեսվարող սուբյեկտները, կոլեկտիվների ու համայնքների ղեկավարներն ըստ   բնագավառների ու բնակավայրերի քննության են  առել ձմռան նախապատրաստական աշխատանքների ընթացքը, մշակել ծրագրեր վառելափայտի ձեռքբերման, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման, կոյուղագծերի նորոգման, ճանապարհների  անվտանգ  երթևեկության  ապահովման ուղղությամբ:

Կատարված աշխատանքների վերաբերյալ 2016թ. հոկտեմբերին ընդունվել է շրջվարչակազմի ղեկավարի ՙ2016-2017թթ. ձմռան նախապատրաստման ուղղությամբ շրջանում կատարված և կատարվելիք աշխատանքների մասին՚ որոշումը։Կրթության համակարգում արդեն մթերվել և դպրոցներ է տեղափոխվել 1264 խոր. մ վառելափայտ։  Դպրոցներն ապահովված են վառարաններով: 2016-2017թթ.  ձմռանը Հադրութի, Տողի, Դրախտիկի, Քյուրաթաղի, Հակակվի, Արևշատի, Առաջամուղի, Բանաձորի, Առաքելի դպրոցների, Դրախտիկի, Ազոխի, Տողի մանկապարտեզների ջեռուցումը կիրականացվի կենտրոնացված կարգով: Նոր կաթսայատներ են կառուցվում Ազոխի և Ուխտաձորի կառուցվող դպրոցներին կից: Շրջանի  դպրոցները ենթարկվել են ընթացիկ վերանորոգման, որի համար տրամադրվել են անհրաժեշտ  միջոցներ:  

Բուժական համակարգը նույնպես համարժեք քայլեր է կատարում ձմռան նախապատրաստման ուղղությամբ: Հադրութի բուժմիավորման մասնաշենքերը կտաքացվեն կենտրոնացված ջեռուցմամբ։ Շրջանի 26 բուժական-մանկաբարձական կետերը և 4 գյուղական ամբուլատորիաները լրիվությամբ ապահովված են վառելափայտով:

Շրջկենտրոնում գործող և կենտրոնացված ջեռուցումից չօգտվող հիմնարկ-ձեռնարկությունները,  ՊՈԱԿ-ները ևս ապահովված են վառելափայտով: Շրջանի 30 համայնքների աշխատակազմեր և ակումբներ ջեռուցումը կիրականացնեն ավանդական ձևով` վառելափայտով: Այդ նպատակին պլանով նախատեսված գումարները լրիվությամբ ֆինանսավորվել են, վառելափայտն էլ՝ ժամանակին մթերվել:

Ըստ  հաստատված ծրագրի ՝ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ Հադրութի մասնաճյուղը շրջանում  էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումն ապահովելու նպատակով  իրականացնում է մի  շարք միջոցառումներ: 2016թ. զգալի աշխատանքներ են իրականացվել 10կՎտ և 0.4 կՎտ էլեկտրագծերի հենասյուների փոխման, ծառերի հատման, էլեկտրական գծերի ձգման, 10կՎտ ենթակայանների բաժանիչների կարգավորման, ուժային ենթակայանների պարպիչների փոխման ուղղությամբ: Վերանորոգվել  է ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ Հադրութի մասնաճյուղի վարչական շենքը: Ձմռան նախապատրաստման աշխատանքներում կարևորվում է նաև ջրամատակարարման և  ջրահեռացման համակարգի անխափան աշխատանքը հատկապես Հադրութ քաղաքում: 

Աշխատանքներ պետք է տարվեն նաև ջրահեռացման համակարգն անխափան գործարկելու  ուղղությամբ, կարճ ժամանակում պետք է մաքրվեն ջրահեռացման ուղիները, վերանորոգվեն   կոյուղիների՝ հավանական վթարների ենթակա հատվածները:

Ձմռան ժամանակաշրջանում տեղական նշանակության ճանապարհների լիարժեք շահագործումն   ապահովելու համար վերանորոգվում է Հյուսիս-հարավ մայրուղուց Դիզափայտի ստորոտ-Խծաբերդ- Հին Թաղեր-Խանձաձոր ճանապարհը։ Վերանորոգվել է նաև Արևշատ-Հին Թաղեր ճանապարհը: Վերանորոգման աշխատանքներ են իրականացվում Ծակուռի-Մայրամաձոր-Ջրակուս-Քյուրաթաղ- Ուխտաձոր-Ակնաղբյուր ճանապարհի վրա: Վերանորոգվել է Խճուղի-Մելիքաշեն-Պլեթանց ճանապարհատվածը: ԼՂՀ կառավարությունը 1 տոննա դիզվառելիք է հատկացրել Տող, Հակակու, Մոխրենես համայնքների ճանապարհների վերանորոգման համար: Ճանապարհների մերկասառույցի դեմ արդյունավետ պայքար կազմակերպելու համար քաղաքապետարանին, ինչպես նաև ՙԱրցախուղի՚ ՓԲԸ Հադրութի տեղամասին հանձնարարվել է անհրաժեշտ  տեխնիկական աղի  պաշարներ ձեռք բերել, ճանապարհների եզրերին ավազ և խիճ կուտակել։

Բնակչությունը ևս նախապատրաստվում է ձմռանը. մթերվել է շուրջ 6 հազ. խոր. մ վառելափայտ: Մթերումը բնակչության կողմից շարունակվում է:

Ըստ շրջվարչակազմի ղեկավարի որոշման՝ 2016- 2017թթ. ձմռանը շրջանի անխափան կենսագործունեություն ապահովելու նպատակով իրականացվող աշխատանքների վերահսկողությունը հանձնարարված է վարչակազմի ղեկավարի տեղակալին, շրջանի համայնքների, հիմնարկ- ձեռնարկությունների ղեկավարներին:

 

Էդիկ ԴԱՎԹՅԱՆ

ք. Հադրութ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.