Սխալ
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_content, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_content, 1

ԿԱՐՈՂ ԵՆՔ ՏԱՐԵԿԱՆ 10-13 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱ ՄԵՂՐ ԱՐՏԱԴՐԵԼ

Նոր հնարավորություններ՝ Արցախի գյուղատնտեսության ամենաքաղցր ոլորտում

 Վերջին տարիներին Արցախում մեղվաբուծության նկատմամբ հետաքրքրության աճ  է նկատվում: Աստիճանաբար ավելի մեծ թվով մարդիկ են ներգրավվում այս ոլորտում: Սակայն խնդիրներ կան նաեւ այստեղ: Արցախի գյուղատնտեսության ամենաքաղցր ոլորտի հնարավորությունների, խնդիրների ու նաեւ՝ դրանք հաղթահարելու նոր տարբերակների մասին մեր հարցերին պատասխանել է ԼՂՀ  գյուղատնտեսության  նախարարության անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ Նորայր ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԸ:

- Ամեն ինչ սկսվում է ունեցածի գույքագրումից: Առաջարկում եմ մեր զրույցն էլ սկսենք հենց դրանից: Այսօր մեղրի արտադրության ոլորտում ի՞նչ թվեր ունենք Արցախում: Մեղվապահների, մեղվաընտանիքների քանակ եւ այլն:

- Հանրապետությունում մեղվաընտանիքների թիվը հասնում է շուրջ 27 հազարի, իսկ այս տարվա բերքը` շուրջ 350 տոննայի, մեկ մեղվաընտանիքի միջին բերքատվությունը` 13 կգ է: Մեղվաբուծությամբ զբաղվում են տարբեր ծավալներով. 10-500 մեղվաընտանիքներ տնօրինող մեղվաբույծների թիվը հասնում է շուրջ 700-ի, որոնցից 500 հոգի տնօրինում է 10-30 մեղվաընտանիքների, 130 հոգի՝ 30-60, 40 հոգի՝ 60-100, 20 հոգի՝ 100-200 և 10 հոգի՝ 200-500 մեղվաընտանիքների:

2008 թվականին մեղվաընտանիքների թիվը հասնում էր շուրջ 17 հազարի, մեղրաբերքը` շուրջ 173 տոննայի, մեկ մեղվաընտանիքի միջին բերքատվությունը` 10 կգ¬ի, սակայն ամենահաջողված տարին համարվում է 2013 թվականը, երբ մեղվաընտանիքների թիվը շուրջ 29 հազար էր, մեղրաբերքը` շուրջ 580 տոննա, մեկ մեղվաընտանիքի միջին բերքատվությունը` 20 կգ: Դրանից հետո  մեղվաընտանիքների թիվն սկսել է նվազել:

- Երկրագործներին եւ անասնապահներին աջակցելու եւ խորհրդատվությունների պետական բազմաթիվ ծրագրեր կան: Ի՞նչ ունենք մեղվապահների մասով:

-Յուրաքանչյուր ոլորտ ունի իր խնդիրներն ու այդ խնդիրների լուծման ուղիները։ Մեղվաբուծությունում հիմնական խնդիրը շուկայի որոնման հարցում աջակցելն է. ներքին շուկայում իրացվում է մեղրի 60-70 տոկոսը: Շատերն էին հետաքրքրված մեղրի արտահանմամբ եւ նույնիսկ խոշոր ծավալների մասին էին խոսում` մինչև 10 000 տոննա, սակայն այդպես էլ իրականություն չդարձավ: Փոքր ծավալներով իրացման հարցը լուծվում է ՀՀ տարածքում:

Խորհրդատվական, մասնագետների պատրաստման եւ վերապատրաստման գաղափարը ողջունելի է, որը կիրականացվի նաեւ մեղվաբույծների համար: Սակայն իմ պատկերացումը լիարժեք մասնագետների թողարկման հարցում մի փոքր այլ է: Արդյունքը լրիվությամբ ուրիշ կլինի, եթե զուգահեռաբար բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսներին գործուղենք` այլ զարգացած երկրների փորձն ուսումնասիրելու համար։ 

- Ինչո՞վ է արտահայտվում անասնաբուժական ծառայությունների դերն այս ոլորտում: Կա՞ն վերահսկողության հնարավորություններ եւ գործիքներ: Պետպատվերի շրջանակներում որոշակի աշխատանքներ նախատեսվո՞ւմ են:

- Նախ նշեմ, որ չկան մեղուների և մարդկանց համար ընդհանուր հիվանդություններ, այս առումով մտահոգվելու խնդիր չկա, սակայն մեղվաբուծությունը` որպես կայուն եկամտի աղբյուր, արժանի է ուշադրության: Ինչ վերաբերում է մեղվի հիվանդությունների դեմ պայքարի կազմակերպմանը, ապա դա իրականացվում էր մեղվաբույծների կողմից՝ իրենց իսկ միջոցներով:

Այս ճյուղի նկատմամբ պետական քաղաքականությունը, կարելի է ասել, նոր է ակտիվանում. արտահանողների պահանջները պետք է բավարարել, որպեսզի արտահանման ծրագիրը գործի: Առաջիկայում  կիրականացվի մեղվաընտանիքների անձնագրավորման եւ որակյալ մեղր  արտադրողներին վկայականներ տրամադրելու գործընթացը:

Միանշանակ չենք կարող ասել, որ այս ոլորտը զերծ է հիվանդություններից, սակայն փորձառու մեղվաբույծները, որոնք ժամանակին իրականացնում են կանխարգելիչ միջոցառումներ, գրեթե հիվանդություններ չեն արձանագրում: Հիմնականում հանդիպում են տզային և ոչ վարակիչ հիվանդություններ:

- Միսը, որ մեղրից ավելի էժան է, վաճառքի հանելուց պետք է մի շարք փաստաթղթեր ունենա: Պարտադիր փաստաթղթեր կա՞ն, որ պետք է առկա լինեն մեղրը վաճառելիս: Այսինքն՝ փաստաթղթեր, որոնք առաջին հերթին կվկայեն, որ վաճառվող ապրանքն անվտանգ է:

- Մեղր վաճառելու համար (երբ խոսքը վերաբերում է տեղական շուկային) ամեն ինչ հարթ է ընթանում. մեղրի որակի հիմքում ընկած են զուտ մարդկային խոսքն ու փոխվստահությունը (մեղվաբույծը իր մեղրը վաճառում է ծանոթ-բարեկամներին), իսկ արտահանման դեպքում իրենց խոսքը պիտի ասեն լաբորատորիաները, անասնաբուժական ծառայությունը: Արտահանման համար պարտադիր է մեղրի լաբորատոր հետազոտության դրական արդյունքը, ինչպես նաև անասնաբուժական տեղեկանք մեղվաընտանիքների առողջական վիճակի մասին:

- Մեղր արտադրողներից շատերը իրացման հետ կապված դժվարություններից են բողոքում: Ինչո՞ւմ է խնդիրը: Գուցե որա՞կը չի բավարար, գուցե գի՞նն է բարձր:

- Բողոքներ կան եւ կլինեն: Սակայն պետք է ինքներս մեզ հետ ազնիվ լինենք. արդյոք, իրենք՝ մեղր արտադրողները, բավարար չափով ակտի՞վ են արձագանքում այդ խնդրի լուծմանն ուղղված մեր ջանքերին: Օրինակ, Արցախի գիտական կենտրոնում պայմանավորվածություն է ձեռք բերվել անվճար հիմունքներով մեղրի որակի ստուգման համար, որի համար շնորհակալություն եմ հայտնում Կենտրոնի տնօրինությանը: Պայմանավորվածության համաձայն` անհրաժեշտ էր հետազոտության համար յուրաքանչյուր շրջանի մի քանի վայրերից  վերցնել մեղրի և հողի նմուշներ, այնինչ` որոշ ՙակտիվ՚ մեղվաբույծներ սկսում են խուսափել կամ հրաժարվել նմուշը հանձնելուց:

Ինչ վերաբերվում է գնին, ապա դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով. եթե հաշվենք կատարած ծախսերը եւ գումարենք որոշակի շահույթ, ապա ինչ-որ տեղ կարող ենք ասել, որ  բարձր շահութաբերությամբ են աշխատում, սակայն, մյուս կողմից, արտահանման ենթակա մեղրի որակը կորոշի գինը. դրա մասին դեռ վաղ է խոսել:

-Հարցի լուծում առաջարկվեց վերջերս գյուղնախարարությունում կայացած հանդիպման ժամանակ: Ռուսաստանաբնակ հայ մեղվապահը առաջարկեց արտադրել իր առաջարկած տեխնոլոգիայով, խոստանալով գնել-արտահանել այդ տեխնոլոգիայով արտադրված ողջ մեղրը: Նախ, ավելի մանրամասն այդ առաջարկի մասին. երեւացող մասն այն էր, որ առաջարկում էր ավանդական շրջանակները փոխարինել նոր` իր առաջարկած տարբերակով: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում:

- Նորագույն տեխնոլոգիայի առավելությունը կայանում է նրանում, որ արտադրանքը լինում է ավելի որակյալ, բացառվում են արտադրողի կողմից չարաշահումները, հարմար է օգտագործման եւ փոխադրման համար: Ամենակարեւոր հանգամանքը կայանում է նրանում, որ կստեղծվեն սպառման անծայրածիր հնարավորություններ, նոր աշխատատեղեր, եւ կավելանան ազգաբնակչության եկամուտները:

Մոսկվաբնակ մեր հայրենակից, նորամուծության հեղինակ ՙՊանսկի սոտ՚ ընկերության տնօրեն Սուրեն Գրիգորյանը վստահեցնում է, որ նման արտադրության իրացման հարցում ոչ մի խոչընդոտ չի լինելու, և արտադրանքը կարտահանվի միջազգային շուկա մատչելի գներով:

- Արդյո՞ք նոր շրջանակները կարող են տեղադրվել մեր ունեցած փեթակներում, թե պետք է փոխվեն նաեւ փեթակները:

- Այդ նոր շրջանակները շատ հարմար են օգտագործման համար եւ շատ լավ տեղավորվում են մեր ներկայիս փեթակներում, սակայն նոր փեթակներ եւս կառաջարկվեն, որոնք, ըստ նորարարների, ավելի հարմար են եւ ավելի դիմացկուն ջերմային տատանումների, տեղումների նկատմամբ: 

- Ի՞նչ կարժենա այդ նորույթը եւ արդյո՞ք այս ոլորտում նախատեսվում է պետական աջակցություն: Եթե այո՝ ովքե՞ր կարող են օգտվել այդ աջակցությունից:

- Այս նորույթը թանկ հաճույք չէ: Նույնիսկ կասեի` տնտեսապես ավելի շահավետ է, սակայն որակի ապահովման խնդիր կլինի: Պետական աջակցությունը զուտ օրենսդրական բնագավառի հարթեցման եւ կազմակերպական բնույթ կկրի: Կստեղծվի մեղվաբույծների միություն կամ ակումբ, որը կունենա իր կանոնադրությունը: Միայն այդ միության կամ ակումբի անդամները կկարողանան ձեռք բերել այդ նոր ձեւի շրջանակները, իսկ ստացված որակյալ մեղրը նրանցից ձեռք կբերվի նախօրոք պայմանավորված գնով:

- Որքան ես հասկացա այդ հանդիպման ընթացքում, խոսքը միայն արտաքին փոփոխությունների մասին չէր: Առաջարկվում է նաեւ բովանդակային փոփոխություններ կատարել մեղրի արտադրության բնագավառում: Առաջին պայմաններից մեկն այս ոլորտում անասնաբուժական ծառայության ակտիվացումն է: Նախ այսօրվա վիճակը բնութագրենք, ապա՝ խոսենք նրանից, թե ի՞նչ է նախատեսվում:

- Դուք ճիշտ եք նկատել, մի շարք բարեփոխումներ են լինելու, վերահսկվելու է մեղվաբուծության գործընթացը: Եթե մինչեւ հիմա մեղվաբույծն էր ընտրում բուժկանխարգելիչ միջոցառումների համար դեղորայքը, այս պարագայում արդեն դա հստակեցված կլինի, կիրականացվի անասնաբույժի հրահանգով եւ ներկայությամբ:

- Նաեւ ավելի հեռուն գնացող թեմաներ քննարկվեցին այդ հանդիպման ընթացքում՝ ասենք՝ հանրապետության տարածքների քարտեզագրում եւ գոտիավորում, մեղրի արտադրության արեալների բնութագրերի կազմում եւ այլն: Ովքե՞ր եւ ինչպե՞ս են դա իրականացնելու: Եվ եթե անկեղծ ասենք՝ արդյո՞ք կա դրա կարիքը: Ի՞նչ ենք ունենալու այդ ամենի արդյունքում:

- Մեր բնակլիմայական պայմանները, բուսական կազմը հնարավորություն են տալիս համապատասխան ներդրումների, մեղվաընտանիքների համակարգված բաշխման դեպքում արտադրել 10-13 հազար տոննա մեղր: Մենք նպատակ ունենք գնալ այդ հնարավորությունը գործի վերածելու ճանապարհով: 

Հարցազրույցը՝ 

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆԻ