[ARM]     [RUS]     [ENG]

ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ՝ ԿՈՂՄ ՈՒ ԴԵՄԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

Կոոպերատիվների հիմնադրումը կարող է դառնալ Արցախում գյուղատնտեսության ոլորտում նախանշվող փոփոխությունների բաղադրիչներից մեկը:

Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես են եկել Ազգային ժողովի պատգամավորներ Վահրամ Բալայանը եւ Ալյոշա Գաբրիելյանը: Քննարկումների մեկ փուլ անցկացվել էր ավելի վաղ:  Խորհրդարանի արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հերթական փուլն անցկացվել է գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ:  Ազգային Ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը հիշեցրել է նման նախաձեռնությամբ հանդես գալու շարժառիթները: Շարքը երկար է՝ հիմքում մեկ պնդում է. չնայած հատկապես վերջին տարիներին կառավարությունը գյուղատնտեսության զարգացման բավական լուրջ քայլեր է ձեռնարկում եւ դրանց արդյունքում տեսանելի դրական տեղաշարժեր այս ոլորտում նկատվում են, այնուամենայնիվ, հողակտորների մասնատվածության արդյունքում այդ բոլոր ծրագրերը գոնե գյուղամերձ, սեփականաշնորհված տարածքներում սպասված արդյունքը չեն տալիս:Կառավարությունն էլ գյուղատնտեսության ոլորտում  առաջընթաց է  արձանագրում, բայց հնարավորություններն ավելի մեծ է համարում: Առկա ներուժն առավել  արդյունավետ օգտագործելու նպատակով էլ գործադիրը ձեռնամուխ է եղել գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգի մշակմանը: Կառավարության առաջարկած՝ Գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգի հետ պատգամավորներն էլ են մեծ հույսեր կապում: Վստահ են, որ այն գործարկելով՝ գյուղատնտեսության համախառն արդյունքում տեսանելի փոփոխություններ կլինեն: Մտավախությունն այլ ոլորտից է. արդյո՞ք հենց բուն գյուղի բնակիչն է զգալու այդ փոփոխությունների արդյունքը: Ի վերջո, ցանկալի է, նախընտրելի է, բայց պարտադիր չէ, որ գյուղամերձ սեփականաշնորհված տարածքները կենտրոնացված մշակողը հենց տվյալ գյուղի բնակիչը լինի: Անգամ այս դեպքում գյուղի ոչ բոլոր բնակիչներն են անմիջականորեն ներգրավվելու գյուղատնտեսական աշխատանքներում: ՙԳյուղատնտեսական կոոպերատիվների մասին՚ օրենքի նախագծի համահեղինակները վստահեցնում են, որ իրենց առաջարկը չի հակադրվում կառավարության կողմից մշակվող զարգացման հայեցակարգին: Անգամ՝ հակառակը: Կարող է նրա բաղադրիչներից մեկը դառնալ եւ բազմազանություն ապահովել գյուղատնտեսության ոլորտում: ՙԿառավարության առաջարկածը զարգացման նոր հայեցակարգով ամերիկյան մոդելն է հիշեցնում, երբ արտադրության հիմքում մասնագիտացված ֆերմերային տնտեսություններն են,- համեմատում է Վահրամ Բալայանը:- Մենք առաջարկում ենք դրան զուգահեռ Արցախում նաեւ ավստրիական մոդելն ունենալ՝ բաժնետիրական ընկերությունների տեսքով՚: Իրենց առաջարկած տարբերակը աշխատել ցանկացող հողատիրոջը թույլ կտա ներառվել նոր ծրագրերի մեջ եւ իր անմիջական  մասն ունենալ ակնկալվող եկամուտներից, վստահեցնում են ՙԳյուղատնտեսական կոոպերատիվների մասին՚ օրենքի նախագծի համահեղինակները: ՙԸստ մեր առաջարկի, պետք է ստեղծվեն նաեւ բաժնետիրական ընկերություններ՝ տասնյակ, հարյուրավոր բաժնետերերով: Եվ գյուղատտեսության ոլորտում ակնկալվող եկամուտը կբաշխվի արդեն ավելի շատ մարդկանց միջեւ՚,- մոդելի տրամաբանությունն է ներկայացնում  Վահրամ Բալայանը:

Գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնադրման համար պետական աջակցության նոր մեխանիզմներ չեն պահանջվի, վստահեցնում են համահեղինակները:  Բավարար են համարում աջակցության այն մեխանիզմները, որոնք նախատեսվում են գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգով:

Գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանն էլ համագործակցության է տրամադրված: Կառուցողական առաջարկները միայն ողջունելի է համարում: Սակայն նաեւ ներկայացված առաջարկը կյանքի կոչելու ճանապարհին երեւացող խնդիրներն է մատնացույց անում: Առաջինը կոլեկտիվ տնտեսությունների մասին ոչ այնքան հաճելի հիշողություններն են: ՙԱրցախում կոոպերատիվների ստեղծման փորձեր եղել են: Սկզբնական շրջանում, կարծես ոչինչ, տեղաշարժը դրական էր: Բայց աստիճանաբար խնդիրներ առաջացան, եւ այդ միություններն աստիճանաբար կազմալուծվեցին՚,- հիշեցնում է Ա. Մխոյանը: Ավելի ուշ եւս տնտեսությունների խոշորացման փորձեր եղել են՝ տարբեր անունների տակ, հիշեցնում է գյուղատնտեսության նախարարը, սակայն հաջողված օրիակներ չկան. ՙԱյնպես չէ, որ գյուղնախարարությունն այս առաջարկին դեմ է: Պարզապես ասում եմ, որ մենք դեռ դրան պատրաստ չենք: Ցավով եմ ասում, որ մեր հողօգտագործողները դեռ պատրաստ չեն միասին աշխատել: Շատ օրինակներ իմ աչքով եմ տեսել՚:

Ինչպե՞ս է առաջարկին վերաբերվում հասարակությունը: Այստեղ էլ կարծիքները բաժանվում են: Որոշակի խավեր, ասենք՝ ուոսուցիչներ, բժիշկներ, մասամբ նաեւ՝ զինվորականներ, նախընտրելի են համարում հողը վարձակալությամբ տալը կամ կոլեկտիվում ներգրավվելը, ինչը թույլ կտա հողից այս կամ այն կերպ եկամուտ ստանալ՝ առանց մշակման աշխատանքներին անմիջականորեն մասնակցելու անհրաժեշտության: ՙԱռաջարկը շատ լավն է: Ինքներդ եք տեսնում, թե գյուղամերձերում ինչքան անմշակ հող կա: Եթե կոլեկտիվ լինի՝ հաճույքով իմ հողը կտրամադրեմ՚,- կոոպերատիվի հիմնադրումը դրական լույսի տակ է տեսնում Շեխերի դպրոցի տնօրեն Լյովա Աղավելյանը:

Շատ հողօգտագործողներ էլ ավելի պրակտիկ են: Եթե կոոպերատիվների ձեւավորումը համընդհանուր եւ պարտադիր չի լինելու, ապա արդյունավետ կլինի միայն հարեւան հողերի ներգրավմամբ կոոպերատիվի կազմակերպումը, հակառակ դեպքում կոոպերատիվի ստեղծումը չի լուծի կտրտված հողերի մշակման հետ կապված դժվարությունների հիմնական մասը: ՙԱյս տարիների ընթացքում ես որոշակի տեխնիկա եմ ձեռք բերել, իմ հողերը ժամանակին հասցնում եմ մշակել: Վաղը մեկի հետ կոոպերատիվ կազմեմ, ում հողերը ինձնից հեռու են՝ նպատակահարմար չի լինի: Էլի նույն փոքր հողակտորները մշակելու համար, այս դեպքում արդեն որպես կոոպերատիվի հող՝ տեխնիկան պետք է տեղից տեղ տանենք՚,- սա էլ թեմայի առթիվ Կարմի շուկայի համայնքի ղեկավար Սամվել Հակոբջանյանի մտավախությունն է:

Իսկ նախագծի քննարկումները դեռ շարունակվում են: Նախքան խորհրդարանականների դատին ներկայացվելը՝ ՙԳյուղատնտեսական կոոպերատիվների մասին՚ օրենքի նախագիծը համահեղինակները եւ ոլորտի պատասխանատուները եւս մեկ անգամ կքննարկեն, վերջնական տեսքի կբերեն նաեւ նեղ մասնագիտական մոտեցումներն ու ձեւակերպումները: 

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ