[ARM]     [RUS]     [ENG]

ԽԹԱՆԵԼ ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՃԻՆ

Արցախի տնտեսության զարգացման համար կարևոր նշանակություն ունի տեղական արտադրության խթանումը։

Ավելի քան 10 տարի է, ինչ բնակչությանը թարմ ու էկոլոգիապես մաքուր թռչնամիս է ապահովում  ՙԼուսակերտ՚ ՍՊԸ-ն։ Թռչնաֆաբրիկան գործում է 2002թ. փետրվարի 4-ից։ Սկզբնական շրջանում ուներ շուրջ 70 աշխատող, այսօր, արտադրության աճով պայմանավորված, այդ թիվն ավելի քան կրկնապատկվել է։ Սկզբնական շրջանում ՙԼուսակերտ՚-ն ուներ  ընդամենը չորս բաժին,  հետագայում ավելացվեցին մորթի, սառնարանային  արտադրամասերը, իրացման ծառայությունը, վերջին տարիներին՝ կիսաֆաբրիկատների արտադրամասը, շուրջ 20 ֆիրմային խանութներ՝ ԼՂՀ և ՀՀ տարածքներում և այլն։ 2011թ. նոյեմբերից մի քանի անգամ ավելացել է թարմ և սառեցված արտադրատեսակների թիվը։

ՙԼուսակերտ՚ ՍՊԸ տնօրեն Բորիս ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆԻ հետ  հարցազրույցը ընկերության գործունեության շուրջ է։

- Պարոն Դոլուխանյան, 2004 թվականից տնօրինում եք ՙԼուսակերտը՚։ Այդ տարիների ընթացքում ի՞նչ հաջողություններ ու դժվարություններ ունեցավ ընկերությունը։

- Հաջողությունն այն էր, որ այսօր արտադրության և իրացման ծավալն անցել է մեկ միլիարդ դրամից, ավելացել է աշխատողների թիվը, հարստացել արտադրանքի տեսականին, բարելավվել որակը։ 2006թ. թռչնագրիպ էր տարածվել, որով պայմանավորված՝ իրացման լուրջ խնդիրներ առաջացան։ Վեց ամիս թռչնամսի վաճառք չէր իրականացվել։  Դժվարություններ եղել են 2008-ին՝ կապված արտասահմանյան երկրներից ներմուծվող թռչնամսի արհեստականորեն ցածր գների հետ։ Դրանից ելնելով՝ 2010թ. վերջին դադարեցվել է արտադրությունը։ Բաժնետերի փոփոխությամբ պայմանավորված և ԼՂՀ իշխանությունների անմիջական աջակցությամբ՝ 2011թ. սեպտեմբերի սկզբին թռչնաֆաբրիկան վերագործարկվել է, իսկ նոյեմբերի սկզբներին արտադրանք է թողարկել և մինչ այսօր բնականոն աշխատում է։ Մեր նպատակն է ամենօրյա հետևողական աշխատանքով խթանել տեղական արտադրությունը։

- Ի՞նչ արտադրատեսակներ են թողարկվում այստեղ։ 

- Ընկերությունում թողարկվում են հետևյալ արտադրատեսակները՝ բրոյլեր հավ (թարմ և սառեցված վիճակում), մասնատված թռչնամիս (թարմ և սառեցված վիճակում), հավի ենթամթերք (քարաճիկ, սիրտ, թոք, ոտք), ապուխտներ (հավ, կես հավ, բուդ, վիզ, ոտք),  հավի մարինացված  տոտիկներ և խոզի մսամթերք, կիսաֆաբրիկատներ (կոտլետ, պելմենի, բլիթ), խոզի թարմ միս՝ նրբերշիկ, երշիկ, հավի բուդ՝ խորովածի համապատասխան համեմունքներով։

- Որտեղի՞ց է ձեռք բերվում ինկուբացիոն ձուն, ե՞րբ և ի՞նչ քանակով է ինկուբացիա կատարվում։

- Ինկուբացիոն ձուն ներմուծվում է Վրաստանից, ամսվա մեջ՝ երկու խմբաքանակով, յուրաքանչյուր խմբաքանակը՝ շուրջ 28000-32000 ճուտ՝ ելնելով տարվա եղանակից (ամռանը՝ քիչ, ձմռանը՝ շատ)։ Յուրաքանչյուր խմբաքանակ ինկուբացվում է մեկ թռչնանոցի համար։

Ինկուբացիան կատարվում է 15 օրը մեկ, դրված 35.000 ձվից դուրս է գալիս 25.000 բրոյլեր ճուտ, որոնք 40 օրվա ընթացքում վերածվում են հավի, ու կատարվում է մորթը։ Օրական 1500-2000 բրոյլեր հավի մորթ է կատարվում։

- Ինչպե՞ս են համակարգվում այդ աշխատանքները։

- Աշխատանքները համակարգվում են մեքենայացված և մասնակիորեն՝ ավտոմատացված սարքավորումներով, որոնք ձեռք են բերվել Եվրոպայից։

- Որտեղի՞ց է  հայթայթվում  թռչնի կերը, տարվա ընթացքում՝ ի՞նչ քանակով։ Այդ կերը (իհարկե, միջնորդավորված  ձևով) վնասակա՞ր չէ մարդու օրգանիզմի համար։ 

- Թռչունների կերը ձեռք է բերվում կերաբաղադրամասերից՝ եգիպտացորենը, ցորենը, գարին՝ ԼՂՀ  արտադրողներից, որը կազմում է օգտագործվող կերի մոտ 60 տոկոսը։ Մնացած կերաբաղադրամասերը՝ սոյայի, արևածաղկի շռոտները, մսաոսկրային ալյուրը, բուսական յուղը ձեռք են բերվում ՀՀ-ից։ Տարվա ընթացքում ընկերությունը ձեռք է բերում ավելի քան 2300 տոննա կեր։ Թռչունների կերը պատրաստվում է տեղում։ Այն վնասակար չէ մարդու առողջությանը, քանի որ ընդհանրապես չեն օգտագործվում արհեստական խթանիչներ։ 

Նշեմ, որ ՙԼուսակերտ՚ ՍՊԸ-ն աշխատում է շահույթով, որի շնորհիվ էլ անընդհատ ներդրումներ են արվում, նոր արտադրատեսակներ են ավելացվում։ Ապրիլյան քառօրյա պատերազմի պատճառով դժվարություններ եղել են, բայց հաղթահարվել են կոլեկտիվ աշխատանքի միջոցով։ 

-Կա՞ն խնդիրներ, որոնք խոչընդոտում են ընկերության լիարժեք գործունեությանը։

-Հիմնական խանգարող հանգամանքը արտասահմանյան երկրներից ներմուծվող թռչնամիսն է, որը խանութներում վաճառվում է ցածր գնով՝ տվյալ ապրանքի ինքնարժեքին ոչ լիարժեք, և վնասակար է մարդու առողջությանը։ Եվ, բնականաբար, ՙԼուսակերտ՚ֆաբրիկայի թռչնամիսը վաճառքի հանվելով համեմատաբար բարձր գնով, երբեմն իրացման խնդիրներ է ունենում։

- Որտե՞ղ են իրացվում թռչնամիսն ու մսամթերքը, ի՞նչ պահանջարկ ունեն շուկայում։ 

- Թռչնամիսն իրացվում է ԼՂՀ և ՀՀ տարածքներում՝ մանրածախ և մեծածախ գներով։ Մեծ պահանջարկ ունեն թռչնամսի շուկայում, բայց, ինչպես նշեցի, արտերկրներից արհեստականորեն էժան գներով ներմուծվող թռչնամսի հետ կապված երբեմն իրացման խնդիր է առաջանում։ Մսամթերքն առաքվում է այդ նպատակի համար հատուկ կահավորված սառնարան մեքենաներով։

- Ի՞նչ նոր ծրագրեր ու մտահղացումներ ունեք 2017 թվականին։ 

- Արտադրության և իրացման ծավալների ավելացում՝ սեփական ռեսուրսների հաշվին, արտադրանքի տեսականու լայնացում, ժամանակակից սարքավորումների ձեռքբերում։

 

Արմինե ԴԱՆԻԵԼՅԱՆ

ք. Մարտունի