ԱՅՍ ՀՈՂԻ ՁԳՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՐԻՇ Է
Մեր ժամանակներում շատ ենք խոսում հողագործության ոլորտին առավելագույնս ուշադրություն դարձնելու մասին։
Պատահական չէ, որ պետությունը բավականին լուրջ միջոցներ է ներդնում գյուղատնտեսության զարգացման համար: Աջակցությունը չնայած մեծ է, սակայն հաճախակի նաև բողոքներ ենք լսում և՜ աջակցություն ստացողների, և՜ պատասխանատուների կողմից: Պատճառը մեկն է` ներդրումները ցանկալի արդյունք չեն բերում: Մինչդեռ մեր կողքին ապրում և արարում են մարդիկ, ովքեր բացարձակապես ոչ մի աջակցություն չեն ստանում, բոլոր ծախսերը հոգում ինքնուրույն ու գոհ են ստացած արդյունքից: Այս որակի մարդկանց շնորհիվ ծնվում է հավատն առ այն, որ մարդը ցանկության դեպքում շատ ավելին կարող է, քան կարելի է պատկերացնել:
Կարեն Սիմոնյանը բազմանդամ ընտանիքի հայր է: Նա ծննդով ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքից է։ Մինչ այդ՝ Արցախյան պատերազմի տարիներին, 16-17 տարեկան հասակում ընդգրկվել է կամավորականների շարքեր, եղել Էջմիածնի ջոկատում, Կապանի բրիգադի Կարմրաքարի գումարտակում: Դա 1992թ.-ին էր: Մասնակցել է տարբեր մարտական գործողությունների և 1994թ.-ին գանգուղեղի վնասվածք է ստացել ու ոտքից վիրավորվել Հորադիզի համար մղված մարտերում: Արցախի հետ բարեկամական ոչ մի կապ չունեցող երիտասարդը Արցախում գտավ և՜ իր կյանքի իմաստը, և՜ ուղեկցուհուն: Կինը` Մերին, Մարտունի քաղաքի Կարվին տեղամասից է, ում հետ կյանքը Կարենին կապեց հիմնովին, ու ծնվեցին 4 երեխաները` 3 որդիներն ու դուստրը: Սկզբնական շրջանում փորձեց պատերազմի վերքերն իր մեջ ամփոփելով՝ հայրենի Մեծամոր քաղաքում սեփական նորաստեղծ ընտանիքով հիմնավորվել, սակայն չստացվեց: Արցախը ձգում էր, իսկ գուցե մեկ այլ բան կար այս հողում, որ հանգիստ չէր տալիս երիտասարդին: Երկու որդիների ծնվելուց հետո վերջնականապես որոշեց տեղափոխվել Արցախ, և Մարտունի քաղաքում ծնվեցին երրորդ որդին ու դստրիկը: Բազում դժվարությունների ու փորձությունների միջով անցած երիտասարդ ընտանիքը հաշտ ու համերաշխ իր օրվա համեստ հացն է վաստակում: Երեխաներն արդեն բավականին մեծ են` ավագը 20 տարեկան է և գտնվում է ժամկետային ծառայության մեջ, երկրորդը մի քանի ամիս հետո պիտի հերթափոխի եղբորը, իսկ հերթում երրորդ որդին է:
Հագուստեղենի և կոշկեղենի մի փոքրիկ խանութ ունեն վարձակալած, խանութը հիմնականում կինն է բանեցնում: Կարենին նայելով՝ երբեք չես կարող հողի մշակի որակում տալ: Քաղաքում մեծացած ընտանիքի հայրը հող է մշակում, և դա անում է մեծ սիրով ու նվիրումով: Մեկ-մեկ ծիծաղում է իր այդ անհասկանալի սիրո վրա: Ասում է` հայրական օջախում երբեք հող մշակելու մասին խոսք չի եղել, երբեք հողի երես չի տեսել, բայց Արցախն այդ սերը դրեց իր մեջ: Դրան նպաստեց նաև իր սոցիալական վիճակը. սեփական բնակարան չունի, տարիներ շարունակ ապրել է վարձով, հիմա էլ… Երեխաներն էլ մեծանում են, նրանց հետ նաև պահանջները: Ընկերոջ 1600քառ. մետր կազմող հողամասում սկզբից փոքրիկ ջերմոց ստեղծեց և այնտեղ հոր ուղարկած պոմիդորի սերմերից աճեցրեց սածիլներ: Ու հենց այդ սածիլներն էլ հետագայում տնկեց բանջարանոցում: Ցանեցին նաև լոբի, սմբուկ, դդում: Հողամասում ջրհոր կա, որի ջուրն օգտագործում են ոռոգման համար: Հպարտությամբ է Կարենը նշում, որ ընդհանուր ներդրումները չեն անցնում 100 հազար դրամի սահմանը: Բայց աճեցրած բերքով կուշտ են իր և ընկերոջ ընտանիքները, գումարած և վաճառքից ստացված եկամուտը:
ՙՆշված աշխատանքները բավականին ներդրում, ժամանակ և ջանքեր են պահանջում: Դրանք իրականացնում եմ իմ ընտանիքի անդամների և ընկերոջս հետ միասին, շատ հաճախ` մենակ,¬ ասում է Կարենը։¬ Արթնանում և հողամաս եմ գնում լույսը բացվելուն պես և տուն վերադառնում ուշ գիշերին: Բույսը կենդանի օրգանիզմ է և այն շուրջօրյա աշխատանք է պահանջում, ինչպես երեխան՚: Հետո ցավով է նշում, որ չի կարողացել անհրաժեշտ ուշադրություն և ժամանակ հատկացնել իր երեխաներին, քանի որ մշտապես զբաղված էր ընտանիքը կերակրելու համար միջոցներ ստեղծելով. հեշտ չէ մեր օրերում ուրիշների բնակարաններում բազմանդամ ընտանիք պահել, առանձնապես երբ օժանդակող ձեռք, այլ հնարավորություն չունես:
Իմ հարցին` չի՞ փորձել ուրիշ բնակավայր տեղափոխվել, շատերն են հիմա արտերկրում ապաստան և ապրուստի միջոց փնտրում, քմծիծաղեց: ՙԻմ ու հազարավոր մեր տղաների թափած արյան իմաստը ո՞րն է: Սա իմ երկիրն է, ու շատ կուզենայի այնպիսի պայմաններ ստեղծվեին, որ զավակներս երբեք չմտածեն այլ երկիր տեղափոխվելու մասին։ Սա մեր տունը, մեր հողն է, սա մեր անցյալն ու ապագան է, մենք պետք է մեր այսօրն ու վաղը այստեղ ստեղծենք: Արցախը կախարդական երկիր է, այս հողի ձգողականությունն՝ ուրիշ։ Որտե՞ղ կարող ես գտնել այս հանգստությունը, այս հոգևոր ապահովությունը. մարդ իր հայրենիքում է իրեն երջանիկ զգում՚,- ասում է Կարենը:
Ապագայի իր երազանքներին անդրադառնալով՝ ցանկանում է հայրենիքը վերջնական խաղաղված տեսնել, որ իր արու զավակները և մեր բոլոր տղաները խաղաղ պայմաններում կատարեն հայրենիքի հանդեպ ունեցած սուրբ պարտքը: Երազում է նաև վերջապես սեփական հարկ ունենալ, որտեղ գրանցվելով՝ կկարողանա Արցախի ՙդե յուրե՚ քաղաքացի դառնալ, և՝ սեփական վարելահող, որ մշակի ու բերք-բարիքով ապահովի իր ընտանիքին ու գնորդներին, ովքեր ամեն օր անհամբերությամբ են սպասում հերթական մթերքի վաճառքի հանելուն:
Կարենն արդեն 41 տարեկան է: Ու կարծում եմ` նրա երազանքներն իրատեսական են: Նա իր աշխատասիրությամբ ու համերաշխ ընտանիքի համատեղ ուժերով կհասնի իր երազանքին: Ցանկալի է այստեղ տեսնել նաև աջակցող ձեռք կողքից, տեսնել պետական աջակցություն: Այս ընտանիքն իր ապագան ձգտում է հենց Արցախում կերտել, իր սիրելի Մարտունի քաղաքում։
Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ
ք. Մարտունի