ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՍԱՀՄԱՆԵՑ ԳԱԶԻ ՆՈՐ ՍԱԿԱԳԻՆ
Նոյեմբերի 24-ին ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվեց ՙԱրցախգազ՚ ՓԲԸ-ի ներկայացրած հայտը բնական գազի սակագների վերանայման վերաբերյալ: Հանձնաժողովը բավարարեց հայտը:
Ընդունված որոշմամբ` 2017թ. հունվարի 1-ից կգործեն բնական գազի հետևյալ նվազեցված սակագները. ամսական մինչև 10 հազ. խոր. մ սպառում ունեցող բաժանորդների համար` 139 հազ. դրամ` գործող 146 700 դրամի փոխարեն` ներառյալ ավելացված արժեքի հարկը: Ամսական 10 հազ. խոր. մ և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խոր. մ բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագինը կազմում է 242,1ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` ներառյալ` ԱԱՀ-ն` նախկին 257,56 ԱՄՆ դոլարի փոխարեն:
Հիմք ընդունելով նաև ԼՂՀ կառավարության առաջարկությունը` գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող նոր սպառողական խմբերի` ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների ձևավորման որոշումը, հանձնաժողովը սահմանեց խթանիչ սակագին. ջերմոցային տնտեսությունների սպառած բնական գազի սակագինը նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ` 212 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, վերամշակող կազմակերպությունների համար` դարձյալ 212 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Սույն հայտով առաջարկվող բնական գազի սակագների իջեցումից սպառողները կտնտեսեն 400 մլն դրամ` ներառյալ ԱԱՀ-ն, որից բնակչության մասով` 116 մլն դրամ:
Այսպիսով, բնական գազի միջին սակագինը նվազել է 6,3 տոկոսով:
Հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ` ՙԾովինար-Նարեկ՚ ՍՊԸ-ին տրվեց Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտ համայնքում` Շրվական գյուղի տարածքում, Սպիտակաջուր գետի վրա ՙԱկունք՚ փոքր հէկի շահագործման թույլտվություն 15 տարի ժամկետով: Կայանի էլեկտրաէներգիայի տարեկան միջին արտադրանքը կկազմի 475 հազ. կՎտ/ժ: Սահմանվեց նաև կայանից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը, որը համահունչ է փոքր հէկերի սակագներին` 25,4 դրամ կՎտ/ժ` ներառյալ ԱԱՀ-ն: Այսպիսով ԼՂՀ-ում գործող փոքր հէկերի թիվը դարձավ 13, որոնց ընդհանուր հզորությունը կկազմի շուրջ 43 մՎտ, իսկ էլեկտրաէներգիայի տարեկան միջին արտադրանքը` ավելի քան 221մլն կվտ/ժ, ինչը կազմում է ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ-ի կողմից 2017թ. կանխատեսվող գնվող էլեկտրաէներգիայի 70 տոկոսը: Ի դեպ, Քաշաթաղի շրջանում` Աղավնո գետի վրա, արդեն ունենք գործող 6 հէկ, կառուցվում է ևս 3-ը:
Հանձնաժողովը բավարարեց նաև ՙԲարեկարգում՚ ՓԲԸ-ի հայտը և 25 տարի ժամկետով տրամադրեց ջրային համակարգի օգտագործման` Շուշի քաղաքում և Քարին տակ համայնքներում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման համար թույլտվություն և սահմանեց ծառայության մատուցման սակագինը` օգտագործած յուրաքանչյուր խոր. մ ջրի դիմաց` 100 դրամ` ներառյալ ԱԱՀ-ն:
Նիստը հաստատեց հանձնաժողովի 2017թ. տարեկան գործունեության ծրագիրը:
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ